Հույսն արաբական աշխա՞րհն է․ Զելենսկին՝ պատմական շրջադարձի մասին
Mon, 30 Mar 2026 16:00:12 +0400
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելք կատարած իր այցից հետո Ուկրաինան պայմանավորվածություններ է ձեռք բերում տարածաշրջանային պետությունների հետ ռազմավարական համագործակցության վերաբերյալ, մասնավորապես՝ MilTech, ինչպես նաև այլ ոլորտներում։
Զելենսկին այս հայտարարությունն արել է լրագրողների հետ՝ Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Կատար և Հորդանան կատարած իր այցի արդյունքների մասին խոսելիս, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ սրանք երկարաժամկետ համագործակցության ձևաչափեր են, որոնք նախատեսվում է իրավականորեն ձևակերպել։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան շարունակում է շփումները տարածաշրջանային պետությունների ներկայացուցիչների հետ, և մոտ ապագայում նախատեսվում են նոր հանդիպումներ։ Նա ընդգծել է, որ սրանք պատմական պայմանավորվածություններ են Ուկրաինայի համար, որոնք նախկինում երբեք չեն եղել տարածաշրջանում։
Ուկրաինայի ղեկավարը հատուկ անդրադարձել է պետության կարիքներին՝ կապված էներգիայի և դիզելային վառելիքի մատակարարման հետ։ Նա ընդգծել է, որ բոլոր այն համաձայնագրերը, որոնք իրավականորեն կձևակերպվեն, կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի համար՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ հեռանկարում։
Նրա համոզմամբ,Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում Ուկրաինայի համար անվտանգության, պաշտպանության և կարևորագույն ազգային կարիքների բավարարման ոլորտներում։