Նիկոլը հեքիաթի անհաղթ աքլորը չի․․․
Wed, 01 Apr 2026 16:15:47 +0400
Նիկոլին անհաղթ աքլորն եք սարքել։ Առավոտը՝ ծուղրուղու, կեսօրին՝ ծուղրուղու, երեկոյան՝ նույնը։ Ժամ ու պատարագ չկա։ Բոլորը խոսում են՝ թե ինչպես աքլորի ձայնը կտրեն, բայց չի ստացվում։ Եվ ինչու՞ չի ստացվում՝ որովհետև հեքիաթի մեջ ենք խաղում։ Իրական կյանքում անհաղթ աքլոր չի լինում։
Թումանյանի «Անհաղթ աքլորը» հիշում եք։ Թագավորը մորթում, եփում է, ու նույնիսկ փորի միջից ձայն է տալիս՝ ծուղրուղու՛․․․ Նազիր-վեզիրները զարկում են, թագավորի փորը պատռում, բայց աքլորը դուրս է պրծնում, փախչում, կտեր ծերին կանգնում ու կրկին ձայն տալիս՝ «Ծուղրուղո՛ւ․․․»։
Սա հեքիաթ է, ժողովուրդ։ Մենք իրական կյանքի մեջ ենք։ Փոխաբերություն է սա, բայց իրական աշխարհում նման բան չկա։։ Ընդդիմությունը զարկեց, հա՜ զարկեց, աքլորը էլի ծուղրուղու՜ է կանչում։ Վերջում տվինք, մեր փորը թափեցինք։ Արցախը հանձնվեց, մեր հազարավոր տղերքը մատաղ արվեց, Հայաստանն աչքներիս առաջ հանձնվել, հանձնվում է։ Աքլորը «մորթում, եփում են», էլի ծուղրուղու՜ է կանչում։ Դռնից հանում, պատուհանով է ներս մտնում, պատուհանից հանում, երդիկով է մտնում։ Նորից եմ հիշեցնում, ժողովուրդ, սա հեքիաթ է․․․ Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը։
Իրականում, եթե գործին տաք- տաք կպած մեկը լինի, աքլորն էլ ծուղրուղու չի կանչի։ Մեր գյուղում շատ դեպքերում յեքա տղամարդիկ չէին կարողանում մի աքլոր մորթել, մեկ էլ մի կիսաշունչ պառավ մոտենում, աքլորի վիզը երկու մատով ոլորում էր ու ․․․ վերջ։ Աֆորիզմ է սա, բայց սա է իրականը։