Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Փաշինյանի ժամանակներում ոչ թե մարդկանց արարքներն ու գործողություններ են պատժվում, այլ՝ խոսքը

Փաշինյանի ժամանակներում ոչ թե մարդկանց արարքներն ու գործողություններ են պատժվում, այլ՝ խոսքը

Wed, 01 Apr 2026 20:38:58 +0400


Քրեական օրենսգիրքը սեփական շահերին Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն են, իհարկե, ծառայեցրել, բայց սրանք մի ուրիշ կատաղի եռանդով են դա անում` խտրականություն չդնելով իրենց թիրախների միջեւ:

Կին կլինի, տարեց կամ հիվանդ մարդ, անչափահաս, ազգային հերոս` սրանց համար ոչ մի նշանակություն չունի: Անշուշտ, եթե օրենքը նույն խստությամբ կիրառվեր բոլորի հանդեպ, կարող էինք մտածել` դե, բոլորը հավասար պայմաններում են, դաժան են բոլորի հանդեպ: Այսպես ասած` սկզբունքային մոտեցում է, որոշել են պատժի ինստիտուտը լիարժեք կիրառել, անողոք պայքար տանել հանցավորության դեմ: Բայց աջուձախ տեսնում ենք պատժից խուսափող յուրայինների, ծանր հանցանք կատարած եւ ազատության մեջ մնացած անձանց, տարբեր հանցագործությունների նկատմամբ աչք փակելու դեպքեր:

Եւ ամենաանթույլատրելի` Փաշինյանի ժամանակներում ոչ թե մարդկանց արարքներն ու գործողություններ են պատժվում, այլ խոսքը: Իսկ եթե խոսքի համար մեզանում որեւէ մեկը պետք է դատվեր, ապա առաջինը հաստատ պետք է լիներ ինքը` Նիկոլ Փաշինյանը:
Եթե բռնություն գործադրելու մեղադրանք են հարուցում 18-ամյա չարատավորված, լավ սովորող, լավ բնութագրվող պատանու նկատմամբ, ով ոչ մեկին ռեալ չի վնասել, ապա այս 8 տարում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները, մարդկանց վրա մարտական նռնակներ նետած ուժայինները (Բաղրամյան պողոտայի դեպքը չենք մոռացել), ընդդիմադիրներին տեսախցիկների առաջ ծեծած ՔՊ-ական պատգամավորներն ու, ասենք, Նոր Նորքի` «Հանրապետության» անդամ թաղապետը պետք է վաղուց պատիժ կրելիս լինեին:

Մինչդեռ Հայաստանում օրինականությունն ու արդարադատությունը երբեք այսքան ոչնչացված չեն եղել եւ իրավապահ համակարգն էլ երբեք այսքան տգետ ու ծառայամիտ չի եղել, որքան հիմա: Առհասարակ` ամեն զանցանքի ու մանր հանցանքի համար մարդկանց բանտ նետելն այլ բան չի նշանակում, քան այն, որ որոշում կայացնողները խեղված հոգեբանություն ունեն եւ անհաղթահարելի ատելություն` հայ ժողովրդի նկատմամբ: Իսկ 18 տարեկան երեխային կալանավորելու հրահանգ իջեցրածը պետք է ոչ զավակ ունենա, ոչ խիղճ, ոչ տղամարդկություն ու սարսափից պետք է կորցրած լինի իրականության զգացումն ու բանականությունը:

Ընդդիմությանն ուղղված վիկտորինաներ առաջարկող, քարաքոսի ու ուղղագրության թեմաներով հումորներ անող Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի է զգում` թիկնազորով, տարբեր ուժայիններով, պետբյուջեից բարձր աշխատավարձ ստացող ու իրենց աթոռների վրա դողացողներով շրջապատված: Նրան երեւի թվում է, թե այդ մարդիկ իր անձին են ծառայում` երբ իր հրահանգով բազմությունն են ճեղքում, պատարագներ պղծում, մարդկանց բերման ենթարկում, կալանավորում…

Սակայն ցանկացած ադեկվատ մարդ կգիտակցեր, որ դա ոչ թե իր ուժն է, այլ` իր պաշտոնի: Իսկ պաշտոնն, ինչպես հայտնի է, հավերժ չէ եւ յուրաքանչյուր ողջամիտ մարդուն պարզ կլիներ, որ այդ գործիքակազմը վաղ թե ուշ կարող է իր դեմ կիրառվել: Բայց, ինչպես ասում են, բնությունը ժլատ է գտնվել խելքի ու հեռատեսության հարցերում` նրան թվում է, թե ինքը հավերժ պաշտոնավարելու է, բումերանգի մասին պատմություններն էլ իր թշնամիների հորինածն են: Ի դեպ, դա չի էլ թաքցնում. վերջերս լրագրողի հարցին, թե դուք ժամանակին դեմ էիք, որ երկու ժամկետից ավելի պետության ղեկավարը պաշտոնավարի, հիմա ձգտում եք 3-րդ սռոկի գնալ, ասաց, որ խորհրդարանական կառավարման համակարգը սռոկ-մռոկ չի ճանաչում` ես կարող եմ հավերժ ընտրվել եւ օրինակ բերեց եւրոպական երկրները, որտեղ վարչապետները 3-4 անգամ վերընտրվում են:

Բայց հարցը հնարավորության մասին չէ, այլ բարոյականության, պարկեշտության, քո նախկին ասածներին հավատարիմ մնալու եւ մարմնիդ ծանությունից «ճխլված» աթոռն ազատելու: Այն մասին, որ հասկանաս քո ավերածությունների հետեւանքները եւ տեղ ազատես ուրիշի համար: Ակնհայտ է, չէ՞, որ քեզ մոտ չի ստացվել ու այլեւս չի ստացվելու, գուցե մեկ ուրիշի մոտ ստացվի…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իսկը երկու տիրոջ ծառա

Իսկը երկու տիրոջ ծառա Wed, 01 Apr 2026 18:45:39 +0400 Չեք պատկերացնի, թե որքան հեռատես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով