«Հրապարակ»․ Նոր տնօրենը մեկուսացել է, կոլեկտիվի հետ չի շփվում

«Հրապարակ»․ Նոր տնօրենը մեկուսացել է, կոլեկտիվի հետ չի շփվում

Fri, 03 Apr 2026 09:45:35 +0400


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնաթողությունից եւ նրա հետ կապված սկանդալից անցել է մոտ մեկ ամիս։ Հիշեցնենք, որ Գզոյանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսին ուղեկցել էր հուշահամալիր եւ ցեղասպանությանն ու Արցախին նվիրված գրքեր նվիրել, ինչի պատճառով էլ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրան ազատել էր պաշտոնից։ Գզոյանը պաշտոնաթողությունից հետո արձակուրդ է գնացել եւ դեռ չի վերադարձել, նրա փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ մթնոլորտ է տիրում թանգարանում, ինչքանով է նոր տնօրենը մտել աշխատանքային հուն։ Մեզ պատմեցին, որ նա կոլեկտիվից մեկուսացած է, չի կարողանում ինտեգրվել աշխատակազմի հետ։ Չնայած համառ ջանքեր է գործադրում, սակայն գիտաշխատողներին չի կարողանում իր կողմը գրավել եւ այս պահին «թայմ աութ» է վերցրել՝ մեկուսացել իր առանձնասենյակում։ Աշխատանքի է գալիս, առանձնանում աշխատասենյակում եւ ամբողջ ընթացքում ոչ մեկի հետ չի շփվում։

Մեր տեղեկություններով, վերադասից նրան հրահանգել են՝ եթե չես կարողանում քո կողմը գրավել կոլեկտիվին, ավելի լավ է՝ չշփվես, ռիսկերի չգնաս, որ նոր սկանդալ չառաջանա, նաեւ՝ առաջիկայում նոր պլաններից կամ թանգարան-ինստիտուտի ճակատագրից առհասարակ չխոսես, քանի որ ցանկացած անզգույշ խոսք կարող է նոր կրքեր բորբոքել, ինչը նախընտրական շրջանում ցանկալի չէ։

Բայց կոլեկտիվում հասկանում են, որ իշխանություններն ընդամենը հրադադար են հայտարարել, իսկ ընտրություններից հետո, եթե վերընտրվեն, մտադիր են ՀՑԹԻ-ում արմատական փոփոխություններ իրականացրել, այն հիմնովին կրճատել, նեղացնել ֆունկցիաները եւ մի հարմար պահի առհասարակ փակել, քանի որ Թուրքիայից նման պահանջ է դրված։ Իհարկե, դեռ չեն խոսում այն մասին, թե ինչ փոփոխություններ են սպասվում, ասում են՝ դեռեւս հստակեցված չէ։ Ավելի վաղ գրել էինք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, նոր ցուցադրություն չի նախատեսվում․ նախորդ տարվա ցուցադրությունն է կրկնվելու։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգումն էլ դեռ շատ հեռու է ավարտվելուց, թեեւ ապրիլի 24-ը սարերի հետեւում չէ։
«Հրապարակ»-ը թեմայի շուրջ զրուցել է ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն, այժմ բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանի հետ։

– Այս տարի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել։

– Քանի որ ես տնօրինության անդամ չեմ, դժվարանում եմ ասել, թե ինչ է անելու նոր տնօրենը, ինչ մտադրություններ կան։

– Հրաչյա Թաշչյանի հետ շփում չունե՞ք։

– Ես շփում չունեմ, երբեք անձնական շփումների մեջ չեմ եղել ու հիմա էլ չկամ։ Ես իմ աշխատասենյակում գիտությամբ եմ զբաղվում։

– Իսկ նոր տնօրենը ժողովներ չի՞ արել, աշխատանքային քննարկումներ չե՞ն անցկացվում։

– Խառը շրջաններում եղել են ժողովներ, բայց դրանք ոչ թե մեր հետագա աշխատանքի մասին էին, այլ այն մասին, թե ինչու են հանում մեր նախորդ տնօրենին, ինչ խնդիր է։ Որպես այդպիսին, աշխատանքային ժողով տեղի չի ունեցել, ես գոնե նման ժողովի չեմ մասնակցել։ Գուցե աշխատանքային ժողովներ ինքն անում է հաշվապահի կամ գիտքարտուղարի հետ, չգիտեմ, բայց գիտական մասով մեզ հետ ժողով տեղի չի ունեցել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա

Ինչո՞ւ Թրամփը չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա Thu, 02 Apr 2026 23:45:50 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով