Այսօր Մայրության եւ Աստվածածնի Ավետման տոնն է
Tue, 07 Apr 2026 12:37:37 +0400

Ավետումը Սուրբ Աստվածածնին նվիրված ութ տոներից մեկն է և դրանց շարքում՝ միակը, որ սահմանված է ավետարանական պատումի հիման վրա: Ավետման հրաշագեղ պատմությունը մեզ ավանդել է Ղուկաս ավետարանիչը: Ըստ այդմ, Գաբրիել հրեշտակն Աստծո կողմից ուղարկվում է Գալիլիայի Նազարեթ քաղաք՝ Մարիամի մոտ. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է» (Ղուկաս Ա 28): Տեսնելով Մարիամի շփոթմունքը՝ հրեշտակն ասում է. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի Որդի և Նրա անունը Հիսուս կդնես: Եվ Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի: Եվ Տեր Աստված Նրան կտա Նրա Հոր՝ Դավթի աթոռը» (Ղուկաս Ա 30-32): Մարիամը հրեշտակին զարմացած հարցնում է, թե ինչպես դա կպատահի, քանի որ ինքը տղամարդ չի ճանաչում: Հրեշտակը պատասխանում է. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև Նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է, և Աստծու Որդի կկոչվի» (Ղուկաս Ա 35): Մարիամը հնազանդվում է Տիրոջ կամքին. «Ահավասի՛կ, ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկաս Ա 38):
Քրիստոնեության առաջին դարերում Տերունի մի շարք տոներ (Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչություն, Տեառնընդառաջ և այլն), այդ թվում՝ Ավետման տոնը, նշվում էին միասնաբար՝ Աստվածհայտնության տոնի հետ միասին: Հետագայում բոլոր տոների նման Ավետման տոնը ևս առանձնանում է: Արդեն V դարում, շնորհիվ Եղիշեի գրվածքների, հայոց մեջ նույնպես Ավետումը տեսնում ենք որպես առանձին տոն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ավետման տոնը նշել է ապրիլի 7-ին (երբեմն՝ ապրիլի 6-ին), սակայն մինչև XV դարը, երբ հայերին քանիցս պարտադրվել է քաղկեդոնական դավանանք և տոնածիսական փոփոխություններ, մի քանի անգամ տոնը տեղափոխվել է մարտի 25-ին: XV դարի կեսերից սկսած՝ Ավետման տոնն անփոփոխ նշվում է ապրիլի 7-ին, իսկ նախատոնակը՝ ապրիլի 6-ին:
Ավետումը արտացոլվել է թե՛ ժողովրդական բանավոր մշակույթում, և թե՛ եկեղեցական կանոնական արվեստում՝ մանրանկարչության, որմնանկարչության, որմնաքանդակի և արվեստի այլ ճյուղերի մեջ:
Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում տոնական Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ: Այսպիսով Հայ Եկեղեցին ևս մեկ անգամ ամրագրում և ամրապնդում է այն գաղափարը, որ մայրությունը և ընտանիքը միշտ եղել են և կան հայ ժողովրդի և հայկական պետականության ամրության գլխավոր հիմնասյուներից մեկը:
Մայրությունը բոլոր ժամանակների բարձրագույն գաղափարն է: Մարդկային նոր կյանքին ծնունդ տալով՝ մայրը մասնակից է դառնում աստվածային արարչագործության շարունակականությանը՝ նմանվելով Աստծուն: Մայրական սերն աստվածային սիրո պես զորեղ է, քանզի վերերկրային է:
Qahana.am
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր