Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Մեր հրապարակումը հետեւանքներ է ունեցել

Մեր հրապարակումը հետեւանքներ է ունեցել

Tue, 07 Apr 2026 14:50:05 +0400


«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այսօր հաղորդագրություն է տարածել.«2026 թվականի մարտի սկզբին մամուլում տեղեկատվություններ էին հրապարակվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը Թոխմախի գերեզմանատան տարածքից փորձել է վերցնել նախապես տեղադրված փաթեթ, որի մեջ, ըստ նախնական տեղեկությունների, եղել է թմրամիջոց։ Նշվածի համատեքստում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտեին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել հետևյալի մասին․
Արդյո՞ք նշված դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եթե այո, ապա ՀՀ քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի շրջանակում է իրականացվում նախաքննությունը։

Արդյո՞ք դեպքի առթիվ կան ձերբակալված կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք։
Արդյո՞ք իրականացվել կամ նախատեսվում է իրականացնել խուզարկություն տվյալ անձին պատկանող ավտոմեքենայում կամ այլ վայրերում։

Արդյո՞ք քննության շրջանակում ստուգվում է նաև քրեակատարողական հիմնարկ հնարավոր թմրամիջոցների կամ այլ արգելված իրերի ներթափանցման հանգամանքը, ինչպես նաև դրանում ներգրավված քրեակատարողական այլ ծառայողների և ազատազրկված անձանց շրջանակը։

Արդյո՞ք տվյալ ծառայողի նկատմամբ նախկինում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հաշվի առնելով մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ վերջինս «Արմավիր» ՔԿՀ-ում որպես օպերլիազոր աշխատելու ժամանակ նույնպես զբաղվել է հեռախոսների ու թմրամիջոցների վաճառքով, ինչպես նաև ամիսներ առաջ ծեծել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հսկիչներից մեկին։

2026 թվականի մարտի 11-ին Կազմակերպությանը պատասխանել են, որ հարցմամբ նշված անձի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ Նաև տեղեկացրել են, որ քննության համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու, դեպքի իրական հանգամանքները պարզելու նպատակով նախաքննական մարմնի կողմից իրականացվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան ապացուցողական, վարութային այլ գործողություններ։ Ինչ վերաբերում է հարցմամբ նշված մյուս հարցադրումներին, ապա տեղեկացրել են, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով դրանք ներկայումս չեն կարող տրամադրվել, քանի որ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկների գործունեությունն Արդարադատության նախարարության համակարգման ներքո է, Կազմակերպությունը գրավոր հարցմամբ դիմել է նաև նախարարությանը՝ խնդրելով տեղեկացնել հետևյալի մասին․

Արդյո՞ք քրեակատարողական տվյալ ծառայողը ներկայումս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը կամ արդյո՞ք ծառայողական պարտականությունների կատարումը կասեցված է։

Արդյո՞ք նախկինում քրեակատարողական տվյալ ծառայողի նկատմամբ իրականացվել են ծառայողական քննություններ կամ կարգապահական վարույթներ՝ հաշվի առնելով մամուլում հրապարակված այն տեղեկությունները, որ վերջինս «Արմավիր» ՔԿՀ-ում որպես օպերլիազոր աշխատելու ժամանակ նույնպես զբաղվել է հեռախոսների ու թմրամիջոցների վաճառքով, ինչպես նաև ամիսներ առաջ ծեծել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հսկիչներից մեկին։

Արդյո՞ք մամուլում հրապարակված դեպքի առնչությամբ ներկայումս նախաձեռնվել է ծառայողական քննություն կամ ներքին ուսումնասիրություն։

Արդյո՞ք դեպքի շրջանակում ստուգվում են այն հանգամանքները, որ փաթեթի հնարավոր փոխանցումը կարող էր կապված լինել քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի ներթափանցման հետ։ Քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ պարզելու համար նշվածի համատեքստում ներթափանցմանն օժանդակելու մեջ ներգրավված այլ ծառայողների, ինչպես նաև այն դատապարտյալների կամ կալնավորված անձանց շրջանակը, որոնց հնարավոր է՝ նախատեսվում էր փոխանցել թմրամիջոցը։

Արդյո՞ք Արդարադատության նախարարության մոտեցմամբ նմանատիպ դեպքերը կարող են վկայել քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի հնարավոր ներթափանցման համակարգային ռիսկերի մասին։ Եվ արդյո՞ք նախարարությունը նախատեսում է իրականացնել լրացուցիչ վերահսկողական կամ կանխարգելիչ միջոցառումներ՝ նման դեպքերը կանխելու նպատակով։
2026 թվականի մարտի 25-ին Կազմակերպությանն Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի պետ Կարեն Գրիգորյանը Քրեկատարողական ծառայության պետի համապատասխան հրամանով 2026 թվականի մարտի 6-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հիմք ընդունելով վերջինիս դիմումը։ Հաշվի առնելով, որ տվյալ անձն այլևս քրեակատարողական ծառայող չէ, նրա նկատմամբ ծառայողական քննություն չի կարող նշանակվել։ Միաժամանակ հայտնել են, որ ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներից` Կարեն Գրիգորյանի վերաբերյալ նախկինում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն իրականացված լինելու հանգամանքի վերաբերյալ տեղեկատվությունը երրորդ անձանց տրամադրման ենթակա չէ։

Քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի հնարավոր ներթափանցման համակարգային ռիսկերի վերաբերյալ գրությամբ բարձրացված հարցի կապակցությամբ տեղեկացրել են, որ բոլոր քրեակատարողական հիմնարկներում իրականացվում են նախատեսված և չնախատեսված խուզարկություններ՝ կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ արգելված իրերի և առարկաների հայտնաբերման նպատակով։ Ընդ որում, արգելված իրերի և առարկաների ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով՝ նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը քրեակատարողական հիմնարկների ծառայողներն ամենօրյա ռեժիմով ենթարկվում են զննության: Լրացուցիչ վերահսկողական միջոցառումների շրջանակներում 2025 թվականի դեկտեմբերի 15-ին կնքվել է պայմանագիր՝ Արդարադատության նախարարության մի շարք քրեակատարողական հիմնարկներում տեսահսկման համակարգեր տեղադրելու վերաբերյալ։ 2026 թվականի մարտից գործարկվում է նաև ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսահսկման համակարգը»:

Նարե Հովհաննիսյան
Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի նախագահ
Քրեական արդարադատության փորձագետ և հետազոտող

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իրենք ուզում են մի սակրալ վայրում` սրբավայրում հայի արյուն թափել

«Հրապարակ»․ Իրենք ուզում են մի սակրալ վայրում` սրբավայրում հայի արյուն թափել Sat, 04 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով