«Հրապարակ»․ Իրենք ուզում են մի սակրալ վայրում` սրբավայրում հայի արյուն թափել
Sat, 04 Apr 2026 10:15:50 +0400

Մինչ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած հայտնի միջադեպից ցնցված հանրությունը մեծահոգություն է սպասում վարչապետ Նիկոլ Փաշինյանից, վերջինս արդարացնում է դպրոցականներ ծեծող սափրագլուխ «ախրաննիկին», ինչպես ժամանակին արդարացրել էր իր մեկ այլ թիկնապահիn՝ հղի կնոջը վրաերթի ենթարկածին:
Ասում է․ բա ի՞նչ պետք է աներ, պետք է հրավիրեր սրճարան՝ սուրճ խմելո՞ւ: Ասում է՝ իր «վեջը չի», թե 18 տարեկան է, առողջական խնդիր ունի, «ես չեմ հանդուրժի, որ ՀՀ որեւէ ծառայություն իրա պարտքը չկատարի», եւ հոխորտում է կատարվածը Պապլավոկի հայտնի դեպքի հետ համեմատող լրագրողի վրա, թե՝ «բարեւ, Ռոբ» ասելու համար տարել էին զուգարան, սպանել էին, տարբերությունը չե՞ք տեսնում:
Իսկ Դուք այս երկու դրվագների միջեւ տարբերություն տեսնո՞ւմ եք՝ հարցնում ենք իրավապաշտպան, «Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանին: «Հիշեցնեմ, որ նրա` իշխանության գալուց հետո Պոպլավոկի դեպքը չի բացահայտվել, եթե Փաշինյանը համեմատություններ է անում, մենք էլ կարող ենք հարցնել՝ ինչո՞ւ չի բացահայտվել: Ինչ վերաբերում է Սուրբ Աննա եկեղեցու միջադեպին, գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր ներողամտություն դրսեւորել եւ ներողություն խնդրել այդ ընտանիքից»:
Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե արդյոք վտանգ զգացե՞լ է միջադեպի ժամանակ: «Թող դա ասեր, թե փաստացի ինչ է տեղի ունեցել իր հետ: Այդ եկեղեցում, իրենից բացի, մնացած բոլորն անպաշտպան էին: Ու դեռ համեմատում է Պոպլավոկի միջադեպի հետ: Այսինքն՝ միայն այդ համեմատության մեջ է երեւում, թե որքան է ինքը կատարյալ»: Ըստ իրավապաշտպանի, մինչ օրս պարզաբանված չէ, թե ինչ իրավիճակ է ստեղծվել եկեղեցում, արդյո՞ք այդ երիտասարդը մտադրություն է ունեցել` հարձակվելու Փաշինյանի վրա: «Դա պետք է ասեր Նիկոլ Փաշինյանը: Այդ տղայի կալանավորման հարցն ամբողջությամբ կախված է իրենից: Եթե հարձակումն իր հետ էր կապված, թող ասեր, թե ինչ է եղել, արդյոք ինքը զգացե՞լ է վտանգ, թող խոսեր այդ տղայի հետ: Երկրորդ․ ինչո՞ւ է ինքն իր զորքով գնացել այդ խաղաղ միջավայրը, որտեղ մարդիկ աղոթք են անում: Նրա պարտականությունն էր՝ հարգել այդ ժողովրդին, ոչ թե բոլորին անհանգստություն պատճառել»: Արդեն երկրորդ անգամ է Փաշինյանը պաշտպանում իր «ախրաննիկների» ոչ իրավաչափ պահվածքը: Առաջինը հղի կնոջն ավտովթարի ենթարկելուց հետո էր: Սրա պատճառը, ըստ Ժաննա Ալեքսանյանի, այն է, որ «առաջին տեղում Փաշինյանի համար ինքն է, երկրորդը՝ ախրաննիկը»:
«Երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել»,- լրագրողներին անվտանգության աշխատողների գործունեության կանոնակարգերն է բացատրում վարչապետը, որոնք առաջինը ինքը չի հարգում, հակառակ դեպքում չէր մտնի մի տարածք, որտեղ մարդիկ կարող են եւ սուր դժգոհություն արտահայտել:
«Բա անվտանգությունն ինչի՞ համար էր` գնահատելո՞ւ, կանխատեսելո՞ւ, թե՞ սադրելու»,- իրավապաշտպան, «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիր Նինա Կարապետյանցի կարծիքն է: Նա կարծում է, որ անվտանգային կանոնների վրա հղումներ անելը տրամաբանական չէ: «Երկու տարբեր իրականություն կա` եթե Փաշինյանը մասնակցում է ինչ-որ համաժողովի կամ նույն այդ՝ «Կրթվելը նորաձեւ է» հավաքներին, մարդկանց մինչեւ անդրավարտիքը հանում են, հեռախոսները խլում են, ստուգում են պայուսակները, մետաղորսիչներով են անցկացնում, իսկ այստեղ բերել էին մի միջավայր, որտեղ մարդիկ ուրախ չեն նրան տեսնելու համար: Ինչո՞ւ էր գնացել այնտեղ: Նույնն էլ՝ նրա կինը, որ երեխային վերցրել, գնացել էր Ծիծեռնակաբերդ: Իմ կարծիքով, իրենք դիտավորյալ ուզում են այնպես անել, որ մի սակրալ վայրում, սրբավայրում հայի արյուն թափեն, որ հետո ադրբեջանցիները գան, ինչ-որ միջադեպեր լինեն այդ 300 հազար ադրբեջանցիների հետ, նրանք ասեն՝ դուք եք ձեր սակրալ վայրերում իրար արյուն թափում, մեզնից ի՞նչ եք ուզում: Նա այսպիսի բախումների է գնում միայն հայերի սրբավայրերում՝ Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, եկեղեցի: Մնացած վայրերում մարդկանց կանոնավոր խուզարկում են»: Փաշինյանից չի կարելի ներողամտություն սպասել, ադեկվատ մարդուց են սպասում, իսկ այդ մարդը չունի կարմիր գծեր:
Այս միջադեպը լակմուսի թղթի դեր խաղաց հայաստանյան իրավապաշտպանների համար: Անմիջապես ուրվագծվեց, թե ով ով է, ով որքանով է անկախ եւ որքանով է իշխանության հետ համերաշխ: Օրինակ, «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը Փաշինյանից էլ հեռու է գնացել. ուրախ պետք է լինենք, որ թիկնապահն ընդամենը հարվածել է, կարող էր նաեւ կրակել: «Կարող եք չհավատալ, որ գեշ փորձանքից է պրծել Հայաստանը, երբ եկեղեցում երիտասարդի ձեռը նպատակին չի հասել։ Զենք կրող թիկնապահներ կային… Ոչ ոք չգիտի, թե հաջորդ նման դեպքում ինչ կլինի»,- իբրեւ թե կատակում է նա:
Դանիել Իոաննիսյանը հոգեկան հիվանդ է անվանել երիտասարդին, ինչով հրահրել է հանրության դժգոհությունը: «Բայց վարչապետին հարվածել փորձած երիտասարդը պարզապես հիվանդություն ունեցող անձ է, պետք չէ կալանավորելով իր կյանքը խորտակել։ Կալանավորումը կարող է էապես ազդել իր հոգեկան առողջության վրա»,- գրել է նա՝ հրահրելով նոր դժգոհություն։ Երբեմնի ակտիվ իրավապաշտպան Արթուր Սաքունցն ընդհանրապես շրջանցել է թեման: Նրա ֆեյսբուքյան էջում գրեթե ամենօրյա գրաֆիկով ռուսական սապոգի մասին գրառումներ են: Դե, իսկ ի պաշտոնե «գլխավոր» իրավապաշտպան, ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ մի դատապարտող հայտարարություն՝ վարչապետի կամ նրա թիկնապահների անվան հիշատակումով, այդպես էլ չարեց: Սուրբ Աննայի միջադեպի հաջորդ օրը նա Ժնեւում էր, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի ասամբլեայի մասնակիցներին պատմում էր արդի մարտահրավերների մասին: Նա այդպես էլ «լայաղ չարեց» անձամբ այցելել բանտարկված դպրոցականին: Իսկ երեկ, մինչ կալանավորված դպրոցականի աջակիցները «Ազատեք Դավիթին» պաստառներով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց էին, Անահիտ Մանասյանի աշխատողները գնացել էին «Արմավիր» ՔԿՀ, տեսնելու, թե արդյոք չե՞ն խախտվում բուժում ու կրթություն ստանալու նրա իրավունքները: «Կալանքի ինստիտուտի չարաշահումը… կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը եւ առաջացնել այլ համակարգային խնդիրներ»,- վախվորած հայտարարել է ՄԻՊ-ը՝ առանց անուն տալու, առանց նշելու, թե ով է չարաշահել կալանքը, ում նկատմամբ, եւ ինչու է ինքը հանկարծ խոսում կալանքի իրավաչափությունից։ Իսկ մի նիկոլաֆեյք, փորձելով օբյեկտիվ ՄԻՊ-ի իմիջ ստեղծել, գրել է նրա հայտարարության տակ. «Տիկին ՄԻՊ, վարչապետի նկատմամբ ոտնձգության վերաբերյալ ձկան համառությամբ լռեցիք»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր