«Հրապարակ»․ Ակնհայտ հակասահմանադրական ծրագիր ներկայացրած ՔՊ-ի գրանցումը պետք է մերժվի

«Հրապարակ»․ Ակնհայտ հակասահմանադրական ծրագիր ներկայացրած ՔՊ-ի գրանցումը պետք է մերժվի

Wed, 08 Apr 2026 10:45:10 +0400


«Հրապարակի» զրուցակիցն իրավաբանական գիտությունների դոկտոր, արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանն է:

– Սահմանադրության փոփոխության մասին խոսող իշխանությունները, իրականում, թիվ մեկ սահմանադրախախտն են. օրինակները բազում են՝ վարչապետի ուղիղ ցուցումով անկախ պաշտոնյայի ազատումից մինչեւ քաղաքական հետապնդումներ, հիմա գումարվել է եւս մեկը՝ ընտրություններից շուրջ 3 ամիս առաջ ակտիվ քարոզարշավը։

– Սահմանադրությունն անհապաղ վերանայելու անհրաժեշտության մասին խոսում էին դեռ 2018 թվականից, ընդ որում, խնդիրն իբր իշխանության գերկենտրոնացումն էր վարչապետի ձեռքում։ Այժմ արդեն արմատապես փոխվել են թեզերը, պարզվում է՝ կառավարման ձեւն այլեւս խնդրահարույց չէ, այն պետք է մնա նույնը, իսկ, այ, «Անկախության մասին» հռչակագիրը խիստ հրատապ հարկ է հանել Սահմանադրության տեքստից, որպեսզի Արցախի իրացված ինքնորոշման իրավունքի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթների բացակայությունը համահունչ լինի Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանության սին պահանջներին։ Ինչ վերաբերում է քարոզարշավը սահմանված ժամկետից անհամեմատ վաղ սկսելուն, ապա դա նախատեսված է օրենսդրությամբ, սակայն խնդիրը ոչ թե ինքնին նախընտրական քարոզչությունն է, այլ դրա իրականացման իրավական գոնե նվազագույն պահանջների նկատմամբ անթաքույց ոտնձգությունները։

– Իշխանության ներկայացուցիչները, իրենց գործը թողած, անհոգ վոյաժներ են անում, ցուցադրական այցելություններ, հանդիպումներ, երգ-պար՝ իրենց չընտրվելու դեպքում վախեցնելով նոր պատերազմով։ Ինչպե՞ս կանխել պետական մակարդակով այս ինքնիրավչությունն ու քաղաքական ահաբեկումը։

– Ինչն արվում է պետական մակարդակով եւ իրավասու պետական մարմինների անթաքույց աջակցությամբ, հնարավոր չէ պետական մակարդակով կանխել։ Իսկ պատերազմով ահաբեկելը ոչ միայն աղերսներ չունի նախընտրական քարոզչության տարրական պահանջների հետ, այլեւ զուտ իրավաքաղաքական հարթությամբ հեռու է իրականությունից։ Նախ, Ադրբեջանին ոչ ոք չի լիազորել կամ երաշխավորել՝ պատերազմ սկսել, անգամ դա չի կարող անել հայրենական ցանկացած իշխանություն։ Ինչ վերաբերում է Սահմանադրություն չընդունելն իբրեւ պատերազմ սանձազերծելու պատճառ հրամցնելուն, այ, սա խիստ վտանգավոր ծուղակ տանող նախաձեռնություն է։ Այս թեզը շրջանառության մեջ դնելուց առաջ հարկ էր գիտակցել, որ Սահմանադրությունն ընդունվում է հանրաքվեով, որը կարող է համարվել կայացած, եթե մասնակցի ընտրական ձայն ունեցող քաղաքացիների առնվազն կեսը, մինչդեռ համապետական ընտրություններում անգամ այդպիսի ցուցանիշ չի գրանցվում, ուր մնաց խիստ անընդունելի Սահմանադրության տեքստի պարագայում։ Ընդ որում, ԱՄՆ հակահետախուզության ղեկավարը վերջերս գաղտնազերծելով, որ դա հենց Ալիեւի պահանջն է, եւս մտահոգություն հայտնեց, որ օբյեկտիվորեն այդ պահանջն անիրականանալի է։

– Հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանին հարց ուղղեցին՝ պատրաստվո՞ւմ եք համաներում անել, ինչին վերջինս բացասական պատասխան տվեց։ Ըստ Ձեզ, համաներման հարցն արդիական է, քանի որ տեւական ժամանակ չի իրականացվե՞լ, թե՞ դատապարտյալի ներման ինստիտուտի անկատարության պատճառով։

– Իր շարժառիթներով ու ընթացակարգերով համաներումը վաղուց վերածվել է զուտ քաղաքական ինստիտուտի, մինչդեռ էությամբ բոլորովին այլ ուղղվածություն ունի ներման ինստիտուտը, որը կոնկրետ անձանց է վերաբերում, որի կիրառման համար հիմք են ընդունվում ոչ թե համընդհանուր չափանիշները, որոնք լիարժեք չեն անհատական հարթությամբ, այլ կոնկրետ անձին վերաբերող բնութագրիչները։ Ներման ինստիտուտը Սահմանադրությամբ ամբողջովին վերապահված է հանրապետության նախագահին, մինչդեռ ընթացիկ օրենսդրությամբ այնքան է աղճատվել այդ ինստիտուտը, որ անգամ ներման հանձնաժողովի կազմն է հաստատում վարչապետը։ Արդյունքում էլ վերջերս Մայր Աթոռի հետ համաձայնեցված բարձրաստիճան հոգեւորականը գործադիր իշխանության նախաձեռնությամբ փոխարինվեց կարգալույծ եւ Հայ եկեղեցու դեմ իրենց արշավը սատարող հոգեւորականով։ Բացի այդ, հարկ է վերանայել խնդրագրի ինստիտուտը, քանզի ներում պետք է կիրառել այն դատապարտյալի նկատմամբ, որը լիարժեք բավարարում է նախապես ամրագրված պահանջներին՝ անկախ խնդրագրի առկայությունից, հանձնաժողովի սուբյեկտիվ գնահատականներից եւ այլն։ Բացի այդ, նախընտրական շրջանում համաներում կիրառելը, ըստ էության, հավասար զենքերից հրաժարվելու եւ իշխանական լծակներն անվերապահ կիրառելու հստակ ցուցիչ կդիտվի, ինչի պակասն առանց այդ էլ չենք տեսնում, ընդհուպ՝ հանրային մեդիամիջոցների բացահայտ միակողմանի ընդգրկվածությունը քարոզարշավին, վարչական ռեսուրսների օգտագործման դեպքերը, տարաբնույթ խոստումները եւ այլն։

– Իշխանությունների ցինիզմն այնտեղ է հասել, որ ՀԱԵ եւ Վեհափառի դեմ քստմնելի արշավը տեղափոխվեց ՔՊ նախընտրական ծրագիր՝ Ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու դրույթի տեսքով։ Սա մեր նորանկախ պատմության մեջ թերեւս ամենից մեծ խարանն ու խայտառակությունն է։ Արդյո՞ք սա քրեական պատասխանատվություն ենթադրող արարք չէ։

– Այդ ամենին ավելացել է նաեւ Հայ եկեղեցու կառավարման կարգը վերանայելու խնդիրը, ինչն արդեն անվերապահ ցուցիչ է Սահմանադրության եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 9-րդ եւ 12-րդ հոդվածների նորմերի անթաքույց շրջանցման մասին։ Արդեն իսկ հօդս է ցնդում այն պնդումը, թե իբր Հայ եկեղեցու ներսում առկա է անլուծելի հակամարտություն, եւ ահա՝ իշխանությունը, բարի կամք դրսեւորելով, փորձում է միջամտել եւ լուծել։ Այսպիսի ձեւակերպումներով դրույթները հենց վկայում են այն մասին, որ քաղաքական իշխանությունն ինքն է «բարենորոգման» անվան տակ նախաձեռնել Հայ եկեղեցին իշխանությանը հնազանդեցնելու եւ վերահսկողության տակ վերցնելու առաքելություն, ինչը ոչ մի պարագայում հաջողություն չի գրանցի։ Պատահական չէ, որ կառավարման նոր, այսպես կոչված՝ սինոդալ կարգի օգտին են արտահայտվում իշխանամերձ օտարերկրյա սուբյեկտները՝ անտեսելով, որ այն ներդրվել է դեռեւս 19-րդ դարում, հենց Օսմանյան կայսրության ջանքերով, որպեսզի գաղութացված ժողովրդի եկեղեցին պահի իր անմիջական կառավարման եւ վերահսկողության ներքո։ Որեւէ այլ հիմք չկա՝ ենթադրելու, որ հակաեկեղեցական արշավի շահառուները հենց այս արտաքին ուժերը չեն։ Ընդ որում, Հայ եկեղեցին եզակի հզոր համասփյուռ կառույց է, որ կարող է խիստ ազդեցիկ դերակատարում ունենալ համազգային խնդիրներ լուծելու տեսանկյունից, եթե այդ ամենը պետական իշխանության կողմից համարժեք ընկալվի, եւ անհրաժեշտ քաղաքական կամք դրսեւորվի։ Ինչեւէ, ակնհայտ հակասահմանադրական նորմերով ծրագրի շրջանառությամբ ակնհայտ խախտումներով քարոզչության փաստը բավարար է այդ քաղաքական ուժի գրանցումը մերժելու համար, սակայն ներկա մթնոլորտում դա բացառվում է՝ վերը նշված պատճառներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը հաշվում է պատերազմի հետեւանքով կրած վնասները

Իրանը հաշվում է պատերազմի հետեւանքով կրած վնասները Wed, 08 Apr 2026 19:30:17 +0400 Իրանում սկսել…

2 րոպե ago

Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է

Սա կոմպլեքսի հաղթահարման ճանապարհ է Wed, 08 Apr 2026 19:27:08 +0400 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…

5 րոպե ago

Խաղաղությունը տնտեսությամբ, դիվանագիտությամբ ու մարտունակ բանակով է կառուցվում

Խաղաղությունը տնտեսությամբ, դիվանագիտությամբ ու մարտունակ բանակով է կառուցվում Wed, 08 Apr 2026 19:15:30 +0400 Խաղաղության…

17 րոպե ago

Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ

Վենսը փակագծեր է բացել․ ի՞նչ է ասել Թրամփը Իրանի հետ բանակցելուց առաջ Wed, 08 Apr…

32 րոպե ago

Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները

Եթե եկող շաբաթ լինեին խորհրդարանական ընտրություններ, ու՞մ կընտրեին քաղաքացիները Wed, 08 Apr 2026 19:00:09 +0400…

32 րոպե ago

Հայաստանը մտցրել ես ճահճի մեջ, ամփոփել մի ծռտի քարտեզում

Հայաստանը մտցրել ես ճահճի մեջ, ամփոփել մի ծռտի քարտեզում Wed, 08 Apr 2026 18:45:20 +0400…

47 րոպե ago