«Հրապարակ». Մեծ հիասթափություն ապրեցի, երբ Փաշինյանը հրամայեց մոռանալ Արարատը եւ ցեղասպանությունը դրեց կասկածի տակ
Wed, 08 Apr 2026 11:45:42 +0400
Նիկոլ Փաշինյանից հիասթափության ալիքն օրեցօր մեծանում է: Նրանք, ովքեր 18-ին կամ դրանից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հույսեր էին կապում ու երկրպագում նրան, այժմ երազում են նրա հեռացման մասին: Բելգիայում բնակվող հայ գրող, հրապարակախոս Սոնա Արշունեցին 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի մեծ երկրպագուն էր, նա այն խմբի մեջ էր, որոնք հատուկ գնում էին Փաշինյանի հետ նկարվելու, սակայն այսօր խորապես հիասթափված է: Մենք զրուցել ենք նրա հետ:
– Ի՞նչն է ամենից շատ հիասթափեցրել Ձեզ Նիկոլ Փաշինյանից:
– Այո, համակրում էի, վստահում եւ մեծ հույսեր էի կապում, բայց այն պահից հիասթափվեցի, երբ Ադրբեջանի զինված ուժերը 2021-ի մայիսի 12-ին ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք` Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզ, մեր իշխանությունները հանդուրժեցին, որն առիթ հանդիսացավ, որ նոյեմբերի 15-ին ավելի խորանան արեւելյան ուղղությամբ, եւ արեւելյան տեղամասերից մեկում գրավեցին ՀՀ ԶՈւ չորս մարտական դիրք ու ամրացան… Փաստորեն, եթե մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը չմիջամտեցին, հրաժարվեցին օգնել՝ հանել Ալիեւի զինուժը մեր երկրից, ուրեմն մենք որպես պետություն այնքան անզոր ենք, որ մեր հողի մեջ չկարողացանք շրջափակել եւ գերի վերցնել, երբ դեռ նոր-նոր էին խարիսխ գցել Սեւ լճի տարածքում եւ վրաններում էին: Չգիտեմ՝ մեր իշխանություններն ինչ հրաշքի էին սպասում կամ ում վրա էին իրենց հույսը դրել: Այդ պահին իմ մեջ մտավախություն արթնացավ՝ ինչպես Արցախը կորցրինք, մի օր էլ Հայաստանը կկորցնենք, քանզի մենք թույլ ու վախկոտ ենք, որ մեր հողի մեջ մտած թշնամուն հանդուրժում ենք։ Ոչ մի պատճառաբանություն չեմ ընդունում, դաշնակիցների հույսին ապավինող հոգեբանությունն էն գլխեն է եղել մեր ազգի մեջ եւ հիմա էլ շարունակվում է… եւ ինչքա՞ն կարող ենք այսպես վախեցած երկիր ղեկավարել, ուղղակի պետք էր, որ մեր գեներալները, հետախուզությունը լավ մշակված օպերացիա մշակեին, շրջափակեին տարածքը եւ գերի վերցնեին, երբ դեռ վրանային էին հենակետերը… Ալիեւը գեթ մեկ ժամ կհանդուրժե՞ր, եթե մեր զինուժը հայտնվեր իր տարածքում: Այս վիճակից դուրս գալու միակ ելքը Փաշինյանn ընտրեց խաղաղության ճանապարհը, ցավոք, այդ քայլն էլ չօգնեց, եւ այս հանդուրժողականությունը բերեց նրան, որ գնալով Ալիեւն ավելի լկտիացավ․ Արցախն իրենով անելուց հետո արդեն պահանջների տարափ թափեց՝ զավթելու Հայաստանի սուվերեն տարածքները… Անգամ 2025-ի օգոստոսի 8-ի «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղի» TRIPP – պամանագիրը վերջնական չկնքվեց, Ալիեւի մի քանի կետերից բաղկացած պահանջների համար, եւ հիմա այդ կետերը կատարելու փուլում ենք․ լուծարվեց Մինսկի խումբը, հետ կանչվեցին Հաագայում շահած մեր դատական հայցերը, հիմա Հռչակագիրն է հանվում Սահմանադրությունից, ու դրանով չեն վերջանում Ալիեւի պահանջները․ «Արեւմտյան Ադրբեջան» է պահանջում, 300 հազար ազերի փախստականների վերադարձ, անկլավներ, եւ կոնկրետ Տիգրանաշենի անունն է նշում, որը Հայաստանը բաժանում է գրեթե երկու մասի… ու եթե այդ 300 հազարը Տիգրանաշենի տարածքում բնակվեն, տարածվելու են դեպի Սյունիք, մի քանի տարի անց մեծամասնություն են կազմելու այդ տարածքում, եւ ականատեսն ենք լինելու երկրորդ Կիպրոսի…. Ու այս ամենը չէր լինի, եթե Սեւ լճից հանած լինեինք Ալիեւի զինուժը… Թրամփի ուղու նախնական պայմանագրում այդքան կետեր մեզ դեմ տալով, զարմանում եմ, որ Փաշինյանը ոչ մի պահանջ չներկայացրեց․ օրինակ՝ մեր փախստականների վերադարձը եւ ամենակարեւորը` եթե գնում ենք խաղաղության ճանապարհով, ուրեմն թող Ալիեւը մեր հողից հանի իր զինուժը, թողել է, որ մի քանի տարի հետո սահմանազատու՞մ լինի, երբ Ալիեւը շինարարական աշխատանքներ է իրականացնում…. Այսքա՞ն անտարբեր, ասես ամեն բան իր երկրում նորմալ է, ինքը հեծանվավազքի մրցումներ է կազմակերպում․ գժվել կարելի է…. Հիմա անցնենք Թուրքիայի հետ մերձեցմանը․ Էրդողանը եւ Հաքան Ֆիդանը հայ-թուրքական սահմանը բացելու իշխանությունների ձգտումները, որ հայտարարում էին, թե առանց նախապայմանների է, պարզվեց, որ Թուրքիայի պահով էլ տնային աշխատանք ունենք կատարելու, այն էլ՝ լուրջ տնային աշխատանք․ հենց այնպես չէր Փաշինյանի` Արարատ լեռն ուրանալը, Հայոց պատմությունը մերժելը, Հայոց ցեղասպանությունը սրան ու նրան վերագրելը` կոնկրետ առաջադրանքներ էին: Որպեսզի թուրքի ճակատից մաքրվի ցեղասպանի խարանը, եւ ահա՝ մի քան օր առաջ Փաշինյանը գնաց այդ քայլին՝ հայտարարելով․ «Հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից», բայց այս պարագայում անգամ սահմանը չի բացվի, քանզի Էրդողանը սպասում է Թուրանի ճանապարհի բացմանը, որ միավորի թյուրքալեզու երկրներին ու հասնի պանթյուրքիզմի ծրագրի հաղթանակին։ Դա Էրդողանի համար կյանքի նպատակ է: Ամենամեծ հիասթափությունն ապրեցի, երբ Փաշինյանը ժողովրդին ուղղակի հրամայեց մոռանալ Արարատն ու Հայոց պատմությունը եւ ցեղասպանությունը դրեց կասկածի տակ: Ես, որ փոքր հասակից եմ նվիրվել ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ լոբբիստական մեծ աշխատանք եմ տարել, իմ հեղինակած գրքերը 4 լեզվով տարածել եմ ԵՄ-ում, ԱՄՆ կոնգրեսում, անգամ հասա նրան, որ բրիտանացի հայտնի լրագրող՝ հայամետ Ռոբերտ Ֆիսկն իմ «բաց նամակները»` ուղղված ԱՄՆ նախագահներին, տարածում էր սոցցանցերում, հեղինակավոր թերթերում: Փաշինյանն իր այդ քայլով թքեց իմ անցած ճանապարհի, իմ պայքարի վրա, ես, որ հեղափոխության հետ կապված մեծ հույսեր էի փայփայում, որ գալով իշխանության՝ հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության հարցը Հաագայի միջազգային դատարանում բարձրացնելուն, տեր կկանգնի վիլսոնյան «Իրավարար վճռին», հատկապես ԱՄՆ նախագահ Բայդենի` ցեղասպանությունը ճանաչելուց հետո, հատկապես որ ունեինք Հաագայի դատարանում մի քանի դատ շահած Եղիշե Կիրակոսյանի պես խելացի, պրոֆեսիոնալ իրավաբան, բայց Փաշինյանը ոչ միայն անտեսեց, այլեւ Ալիեւին գոհացնելու համար աշխատանքից հեռացրեց եւ շահած դատերը հետ կանչեց: Հիասթափությունս կրկնապատկվեց, երբ մեծ ճիգերի գնով դուրս եկա անհատի պաշտամունքի կաղապարներից, շատ նիկոլապաշտներ անցել են զրպարտանքի, իբր` ճամբարափոխ եմ եղել, նախկիններին եմ ծախվել փողով… Հանգստացե՛ք, ես, որ տասնյակ բացահայտումներով նախկինների ազգադավ քայլերն եմ մերկացրել, նրանք ինձ համար այսօր էլ մերժված են, նրանց հովանավորողը հենց իշխանությունն է….
– Իսկ ընդդիմադիր ո՞ր ուժը կարող է, ըստ Ձեզ, երկիրը հանել այս վիճակից:
– Ես անհամբեր սպասում եմ, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ժողովրդավարական առողջ ուժերը միավորվեն, միանան Դավիթ Սանասարյանի համախմբման կոչին, միայն համախմբումը կբերի հաջողություն, եւ կբացառվեն ՔՊ-ի վերընտրվելու շանսերը, ժողովուրդն էլ հնարավորություն կունենա՝ նոր ասպարեզ եկած ուժերին շանս տալ: Նիկոլի վերընտրվելու դեպքում մենք ունենալու ենք ՀՀ սուվերեն տարածքների կորուստ, մեզ պարտադրվելու է 300 հազար ազերի փախստականների վերադարձ, անկլավների հանձնում, շրջանառության մեջ դրված «Արեւմտյան Ադրբեջան», եւ այդպես շարունակ: Արցախը կորցնելուց հետո մեր ժողովուրդը պատրա՞ստ է նման զիջումների՝ այս մի թիզ մնացած հողակտորից:
– Փաշինյանը սպառնում է, որ եթե ինքը բացարձակ մեծամասնություն չկազմի, պատերազմ կսկսվի:
– Եկեք վերլուծենք․ ինչո՞ւ է նման բան հայտարարել, եթե խաղաղություն է, եթե ցորեն ու բենզին են ներկրում․ չե՞ք զգում, թե շան գլուխը որտեղ է թաղված, եւ ինչու Հաքան Ֆիդանով, Ալիեւով հանդերձ ձգտում են, որ անպայման Նիկոլն ընտրվի` սեպտեմբերին ահեղ պատերազմ Ալիեւն է Փաշինյանին ահաբեկել: Երբ Նիկոլն իր թիմով սկսեց քարոզարշավը, Փաշինյանի կողմից ինֆորմացիայի այդ արտահոսքը տեղի ունեցավ, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ է լինելու եւ այն էլ՝ ահեղ։ Հետո տեսան, որ ժողովրդի մոտ դժգոհության ալիք բարձրացավ, խոսքները շուռ տվեցին, թե իբր Քոչն ու Սերժը, Ս․ Կարապետյանը եւ Ծառուկյանը եթե հաղթեն, պատերազմ են հրահրելու: Մի պատմություն կա․ նախկինում երեխաները եկեղեցիներում են դպրոց հաճախել, քյոխվի տղան ծույլ է լինում, տերտերը բարկանում է եւ ասում` սովորիր, սովորիր, հորդ նման էշ մի մեծացիր, տղան գնում բողոքում է հորը, քյոխվեն գալիս է տերտերի վրա կռիվ, տերտերի թուքը բերանում չորանում է եւ անմիջապես տակից դուրս է գալիս։ Սսում է՝ ես այդպես չեմ ասել, ասել եմ՝ սովորիր, սովորիր հորդ պես, էշ մի մեծացիր: Հիմա ՔՊ-ինն է` հնարամտորեն տակից դուրս եկան: Ինչքան էլ ատեմ նախկիններին, բայց արդարությունը չեմ կարող կոծկել․ այդ 4-ից ո՞ր մեկն է հիմար, որ 2 միլիոն ժողովուրդ ունեցողին հանի մինչեւ ատամները սրած Ալիեւի 20 միլիոնի եւ թուրքի 100 միլիոնի դեմ: Հոգնեցինք ստերից, խոսքները բերանների մեջ շուռ տալուց, արդարանալուց: Թող ազնվություն ունենան, ժողովրդին ասեն, որ այս խաղաղությունը, ցորեն ու բենզին ներկրելը ձեռք են բերվել մեծ խոստումների գնով, եւ, այո, Նիկոլը պետք է մնա իշխանության, որ խոստացածները տա, որ այդ ահարկու պատերազմը չլինի։ Ահա վերծանված տարբերակը, մի մոռացեք, որ արդեն 5 տարի է՝ Ալիեւը մեր հողի մեջ խրամատավորվել է, բունկերներ են սարքել ու լիքը զենք լցրել․ եթե խաղաղություն է, ինչո՞ւ դուրս չի գալիս: Ի՞նչ սահմանազատում․ եթե սահմանազատում էր, ինչո՞ւ Տավուշից սկսեցին: Նա ոչ միայն այսօրվա զավթած տարածքներն է ուզում, այլեւ որպես անկլավ` Տիգրանաշենը նույնպես, 300 հազար փախստականների վերադարձ։ Ես միշտ դեմ եմ եղել նախկիններին․ նախ, ժողովուրդը դրանց չի ընտրի, Նիկոլը լավ էլ գիտի, բա ինչո՞ւ է թողել, որ Քոչը ընտրապայքարի մեջ մտնի, որ նրանց ատելով` էլի իրեն ընտրեն: Ո՞վ է հիմար: Ես վաղուց եմ ասել, որ ամեն բան կբացահայտվի ընտրություններից հետո: Մեզ պետք է, որ նոր ուժեր գան իշխանության, այո, եթե Նիկոլը մնա, ստիպված է իր խոստացածները տալ, եթե չտա, պատերազմ կլինի: Սա է իրականությունը, հերիք է ժողովրդին խաբեն, 8 տարի նախկինների հետ համեմատվելով՝ թատրոն էին ցուցադրում: Նոր ուժեր պետք է գան իշխանության, որ Ալիեւի ախորժակը սանձեն, այլապես Ալիեւը թիզառթիզ խլելու է մեր հողը…
– Արցախցիներին Փաշինյանը բացահայտ անվանում է փախածներ:
– Դե, ինչպես միշտ, բերանից թռցնում է եւ երբ տեսնում է, որ ժողովուրդը չի ընդունում, իր խոսքից հրաժարվում է, ասելով` վերնախավին է վերաբերել, ովքեր հիմա գերության մեջ են․ զավեշտ է: Իրականում` ի սկզբանե Փաշինյանը տեր չկանգնեց Արցախին՝ ասելով, որ իրեն Հայաստանի ժողովուրդն է ընտրել, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ, Հռչակագրով՝ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր: Երբ 10 ամիս արցախցին շրջափակման մեջ էր, հենց ինքը պետք է բանակցեր Ալիեւի հետ եւ պահանջեր, որ արցախցին մնա իր հողում, թեկուզ ընդուներ Ադրբեջանի քաղաքացիություն, ինչպես Սովետի օրոք, տուն-տնավեր չլիներ, չթողներ իր սրբություններն ու գերեզմանները, արցախցին իր ծննդավայրն է կորցրել, այդ մարդկանց էլ պետք է ըմբռնումով հասկանանք ու նրանց վերքի վրա ավելորդ աղ չլցնենք․ նրանք ոչ թե փախածներ են, այլ՝ բոբիկ դիվանագիտության զոհերը, սկսած 1994-ի բիշքեկյան զինադադարից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր հաղթանակները գրեց սառույցին, նրան հաջորդեցին Քոչարյանն ու Սերժը, հերթը հասավ Փաշինյանին, ու վերջնական հայաթափվեց: