«Հրապարակ»․ Սա դեռ հրապարակային մասն է, պատկերացրեք, թե կուլիսներում ինչ հրամաններ է տալիս
Thu, 09 Apr 2026 09:15:57 +0400

«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն է:
– Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ունի մտասեւեռումներ: Նա վերջին շրջանում նոր թիրախ է գտել` իր հրահանգով կալանավորված ու հետապնդվող Սամվել Կարապետյանը: Երեկ էլ վաղ առավոտյան ֆեյսբուքյան լայվի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին բոմժ է դարձնելու: Ըստ Ձեզ` սա ի՞նչ է, ինչպե՞ս կարող է իրավական երկրի ղեկավարը նման լեքսիկոն կիրառել, նման սպառնալիքներ հնչեցնել, ի՞նչ է նշանակում՝ ընտրություններում առաջադրվող գլխավոր մրցակցին դարձնել բոմժ, բա իրավունքն ու օրինականությունը որտե՞ղ մնացին:
– Յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի պետք է մեկընդմիշտ հասկանա մի բան` մենք իրավական պետություն չունենք, սա ֆիքսենք մեկընդմիշտ: Հայաստանի վարչապետը հոգեբանորեն եւ հոգեպես ծայրահեղ անկայուն մարդ է: Նյարդային պահերին նա իր բոլոր դավադիր նպատակները միանգամից բացահայտում է: Առաջ էլ սպառնում էր նույն Կարապետյանին, ասելով՝ տես, քեզ ինչ եմ անելու, արա, չուլանից դուրս արի եւ այլն: Սա դեռ հրապարակային մասն է, Դուք պատկերացրեք, թե կուլիսներում ինչ հրամաններ է տալիս եւ ինչերով է զբաղվում: Ցավալին այն է, որ հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ Փաշինյանը չի միջամտում իրավական պրոցեսներին եւ քաղաքական ռեպրեսիաներով չի զբաղվում: Մեր հասարակության մի մասը ցավալիորեն մոլորության մեջ է: Դեռ մի կողմ թողնենք նրանց, ովքեր լավ էլ հասկանում են, թե ինչ է կատարվում, ուղղակի իրենց լափի դարդին են, բայց մոլորյալների մասով պետք է ասենք, որ նրանք ունեն որոշակի խնդիրներ` կրթվածության առումով:
– Տպավորություն է, որ Փաշինյանը վախեցնում է հասարակությանը: 18-ամյա պատանուն կալանքի տանելը հենց դրա մասին է վկայում: Ի դեպ, իշխանական շրջանակները պնդում են, որ աջակցելով այդ երիտասարդին՝ ընդդիմությունը, մենք՝ բոլորս, արդարացնում ենք բռնությունը, սակայն այդ գործով չկա որեւէ տուժող, չկա բռնության ակտ, հետեւաբար, ի՞նչ բռնության մասին կարող է խոսք լինել:
– Բռնության դեպք ընդհանրապես չկա, անգամ նվազագույն կասկածի շեմը հաղթահարված չէ․ դա՝ մի կողմ։ Այստեղ ցանկացած հանցակազմ կարելի էր մեղսագրել, սակայն ոչ քաղաքական միջամտություն: Մենք պետք է այստեղ տեսնենք կալանքի հիմքեր, սակայն ո՞րն է հիմքը՝ 18-ամյա երիտասարդին կալանավորելու, բացառապես Փաշինյանի վախը: Նա ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, քանի որ գիտակցում է իր չվերարտադրվելու հետեւանքները: Դա ե՛ւ Փաշինյանն է հասկանում, ե՛ւ իր թիմի կարկառուն ներկայացուցիչները: Նրանք գիտեն, թե ինչ է սպասվում իրենց, եթե չվերարտադրվեն: Մարդը ամենալավն է հասկանում, թե ինչ վատություններ է արել ինքը թե՛ պետությանը, թե՛ մարդկությանը: Այս մարդիկ մեզնից՝ բոլորից լավ գիտեն, թե ինչ են բերել մեր երկրի գլխին: Չպետք է զարմանաք, որ ամեն ինչ անում են վերարտադրվելու համար: Ամուսնալուծություն բեմադրելով, տարբեր անձանց կալանքի տանելով՝ այս մարդիկ փորձելու են վերարտադրվել:
– Իսկ ի՞նչ է սպասվում նրանց:
– Առնվազն քրեական պատասխանատվություն: Եթե գա նորմալ իշխանություն, որը երկիրը հաշվեհարդարի չվերածի, ապա քրեական պատասխանատվությունը լինելու է պարտադիր պայման: Ճիշտը ես կարծում եմ, որ դա կլինի:
– Առավոտյան տեղեկացանք, որ կալանավորել են Գալուստ Սահակյանի որդուն` պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։ Հենց իր հոր ծննդյան օրը նույն քրեական վարույթով ձերբակալվել է նաեւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը: Ի՞նչ նախադեպ է սա, երբ տարիներ առաջ հարուցված, մոռացված գործերը փորձում են այժմ կենդանացնել եւ ընտրությունների շեմին մարդկանց ձերբակալում են կամ կալանավորում:
– Որքանով ես գիտեմ, 2019 թվականից սեյֆում գցած մի գործ է սա, որը մոռացվել էր, սակայն Փաշինյանը շոու է իրականացնում՝ չխնայելով ոչ մի բան:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր