«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է ջերմոց առ ջերմոց այցելել

«Հրապարակ»․ Փաշինյանը սկսել է ջերմոց առ ջերմոց այցելել

Thu, 09 Apr 2026 10:45:26 +0400


Երեկ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակավայրում գտնվող «Նուվո վիլաժ» ընկերություն։ «Նուվո վիլաժ» ՍՊԸ-ն հիմնել է 5,2 հեկտար պղպեղի ջերմատուն։ Հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կառավարությունն օժանդակել է մասնավորի կողմից 5.2 հա մակերեսով պղպեղի ջերմատան հիմնմանը։ Ծրագիրն իրականացվել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ վարկային միջոցներով, որից վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորումը կազմել է 10 %»:

Մենք փորձեցինք պարզել, թե սա ինչ ընկերություն է, եւ ինչով է պղպեղի ջերմոցն արժանացել վարչապետի ուշադրությանը: «Հրապարակի» աղբյուրները նշեցին, որ 5,2 հեկտար այս հողատարածքը «Նուվո վիլաժ» ընկերությունը ձեռք է բերել 150 անձից՝ մեծ դժվարությամբ։ Կտոր-կտոր` յուրաքանչյուր բնակչի հետ բանակցելով: Համայնքի բնակիչները մեզ պատմեցին, որ 2 տարի ընկերության ներկայացուցիչները դռնեդուռ են ընկել, համոզել սեփականատերերին, որ հողերն իրենց վաճառեն։ Իսկ նման դեպքերում սեփականատերերը, որպես կանոն, գիտակցելով, որ գնորդն ուրիշ ճար չունի, սկսում են գին կրակել: Եվ ջերմոցը հիմնելու նպատակը գլուխ բերելու համար ընկերությունն անգամ չարդարացված բարձր գին առաջարկողներից է գնել նրանց հողերը։ Ընկերությունը պետական գրանցում ստացել է 2023թ. մայիսի 30-ին։ Մի անգամ արդեն այս ջերմոցի բացումը լուսաբանվել եւ գովազդվել է` 2024 թ. դեկտեմբերի 23-ին էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նուվո վիլաժ» ջերմատնային տնտեսության բացումը։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 9 միլիոն եվրո։ Պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսները՝ 10 տոկոսային կետի չափով, ինչպես նաեւ սահմանվել է վարկի տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։

Ի դեպ, ընկերության արտահանման գլխավոր ուղղությունը Ռուսաստանն է։ Միայն նախորդ տարի արտահանվել է ավելի քան 15 հազար տոննա պղպեղ։ Ընկերության բաժնետոմսերի 51 %-ը պատկանում է Գենադի Վահրադյանին, 49%-ը՝ Աշոտ Ավագյանին։ Այս անձանց մասին բաց աղբյուրներում տեղեկատվություն չհայտնաբերեցինք:
Հատկանշական է, որ ընկերության ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասաց, որ իրենք նախկինում նման բիզնեսով չեն զբաղվել։ Հարց է առաջանում, թե ինչ երաշխիքով են 5.2 հա հող ձեռք բերել ու ներդրում արել, եւ ինչ նախադրյալներ է ունեցել կառավարությունը՝ այս նորաստեղծ ընկերությանը սուբսիդավորելու համար։ Մենք կապ հաստատեցինք ընկերության ներկայացուցիչների հետ, որպեսզի պարզենք՝ արդյոք հրավեր եղե՞լ է, թե՞ Փաշինյանն է ցանկություն հայտնել այցելել նրանց, սակայն մեր հարցերին չցանկացան պատասխանել: Աշխատակիցն ասաց, որ իրավասություն չունի նման հարցերի պատասխանելու։

Նկատենք, որ այնքան են նվազել Հայաստանում ներդրումները, որ ամեն մի 9 միլիոն դոլարի ներդրումը հպարտության առարկա եւ մի քանի անգամ բացում անելու, լուսաբանելու ու գովազդելու առիթ է դառնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ

Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Sat, 11 Apr 2026 14:15:30 +0400 -Բարև ձե՜զ,- Նիկոլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով