Հրահանգ՝ Սամվել Կարապետյանի դեմ, չխաբվեք․․․
Thu, 09 Apr 2026 14:15:56 +0400

Գիտե՞ք՝ ինչու են «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքից հանել Սամվել Կարապետյան-ի անունը։ Ահա թե ինչ է տեղեկացնում «Հրապարակ»-ի աղբյուրը։ Ներքին խողովակներով հրահանգ են ստացել, որ համապատասխան ռեսուրսով տարածել, թե «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է։ Սա հորինովի պատմություն է, որը պետք է արմատավորեն հանրային գիտակցության մեջ։ Սամվել Կարապետյանը, իբր հասկանալով, որ ինքն իշխանության չի հասնելու, փորձում է «կողքից» կառավարել՝ առաջ մղելով իր եղբորորդուն։ Այսինքն՝ քաղաքական նախագիծը ներկայացվում է ոչ թե որպես թիմային նախաձեռնություն, այլ որպես ընտանեկան փոխանցման սխեմա, և հենց այստեղ է փորձ արվում Սամվել Կարապետյանի տարիներով կառուցած բարերարի կերպարը փոխարինել Նարեկ Կարապետյանի միջոցով կառավարվող «ընտանեկան նախագծի» կասկածով։
Սա դասական քաղաքական տեխնոլոգիա է։ Չեզոքացման հրահանգ Սամվել Կարապետյանի դեմ, չխաբվեք․․․Երբ չես կարող չեզոքացնել խաղացողին, փորձում ես փոխել ընտրողի ընկալումը։ Նրան այլևս չես ներկայացնում որպես լուրջ հավակնորդ, այլ՝ որպես մարդ, ով «խաբում է ընտրողին» և իրականում խաղում է փակ խաղ։ Արդյունքում՝ հարվածը գնում է ոչ թե ծրագրին, այլ վստահությանը։ Իսկ վստահությունը քաղաքականության մեջ ամենաթանկ ռեսուրսն է։ Այն կոտրվում է արագ, վերականգնվում՝ գրեթե երբեք։ Մարդիկ հակված են հավատալ ոչ թե բարդ վերլուծություններին, այլ հորինովի պատմություններին։ Իսկ այստեղ պատմությունը չափազանց պարզ է՝ «եթե ինքը չի կարող, բերում է իր մարդուն»։ Այս մի նախադասությունը շատ ավելի ազդեցիկ է, քան ցանկացած քաղաքական ծրագիր։
Հենց այս ֆոնին էլ ավելի հասկանալի է դառնում ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ շտապողականությունը։ Երբ ինֆորմացիոն դաշտում կառուցվում է կոնկրետ նարատիվ, հաջորդ քայլը լինում է ինստիտուցիոնալ միջավայրի համապատասխանեցումը այդ նարատիվին։ Արդեն նիկոլական քարոզիչները սկսել են տարբեր հարթակներում որպես «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու ներկայացնել Նարեկ Կարապետյանին՝ տարբեր վիրավորական արտահայտություններով։ Սա այլևս պարզապես քաղաքական մրցակցություն չէ։ Սա իշխանության կողմից քաղաքական պայքար է՝ մարդկանց հորինած պատմություններով խաբելու ու մանիպուլացնելու։ Արդեն տարբեր հարթակներում, անուններով չեմ ներկայացնում, հնչեցնում են․ «Փաստորեն պարզվումա, որ «ուժեղների» վարչապետի թեկնածուն կալուգացի Սամոյի եղբոր որդինա»․․․ Ինչքա՜ն նման է Փաշինյանի ոճին, տեսնես՝ տեքստերն ի՞նքն է տրամադրում։ Սա պատերազմ է՝ ընտրողի ընկալումների, չխաբվեք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր