Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ ԱԺ ընտրություններում երեւանցու ձայնը վճռորոշ է լինելու

«Հրապարակ»․ ԱԺ ընտրություններում երեւանցու ձայնը վճռորոշ է լինելու

Fri, 10 Apr 2026 10:45:17 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն է։

– Նախընտրական շրջափուլում նժարին հերթական անգամ դրված է հայ ժողովրդի ճակատագիրը՝ թերեւս ամենավճռորոշ կերպով։ ՔՊ-ն արդեն սկսել է «հոգեբանական գրոհը», որն ուղեկցվում է աննախադեպ բռնաճնշումներով, պատերազմի վախ ներարկելով, դպրոցականների ձերբակալություններով, կաթողիկոսին հեռացնելու խայտառակ դրույթ ներառող նախընտրական ծրագրով եւ այլն։ Կկարողանա՞ ընդդիմադիր դաշտը հակազդել քաղաքական այս «ահաբեկչությանը»։

– Այո, առաջիկա ընտրություններում իսկապես որոշվում է հայ ժողովրդի ճակատագիրը։ Սա պարզապես սովորական, հերթական ընտրություն չէ։ Սա քաղաքակրթական ընտրություն է։ Իշխանությունները, անկասկած, առաջիկայում առավել ուժգնորեն են աշխատեցնելու բռնաճնշումների թափանիվը։ Կլինեն նոր ձերբակալություններ, նոր կալանավորումներ։ Վստահաբար, շարունակելու են մեզ սպառնալ պատերազմով։ Ընդդիմադիր դաշտն այս ամենը շատ լավ գիտակցում է, եւ հենց այս հարցերի շուրջ է, որ ընդդիմադիրները պետք է ձեւակերպեն միասնական օրակարգ։ Այն է՝ անկեղծ աշխատանք մեր քաղաքացիների հետ, միասնական պայքար յուրաքանչյուր ձերբակալվածի եւ կալանավորվածի համար։ Մենք պետք է մեր քաղաքացիներին միասնաբար բացատրենք, որ սա պետության եւ պետականության լինելիության ընտրություն է։ Սա Հայաստանի, որպես պետության, հետագա գոյության ընտրությունն է։ Եվ հենց սա է, որ ընդդիմադիր ուժերը պետք է հասցնեն հասարակությանը։ Մենք պետք է մեր քաղաքացիների համար հստակ հարց ձեւակերպենք՝ արդյո՞ք համաձայն են այս իշխանությունների հետ շնորհակալություն հայտնել Ալիեւին։ Արդյո՞ք հաշտ են Եկեղեցու դեմ ասպատակության հետ, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների պատանդառության հետ, հա՞շտ են երկրի ներսում աննախադեպ բռնաճնշումների հետ։ Պետք է մեր հայրենակիցներին պարզ բացատրենք, որ պատերազմի սպառնալիքը զուտ այս իշխանությունների նախընտրական սպառնալիքներն են, եւ ներկայացնենք քայլերը, որոնցով Հայաստանի նոր իշխանությունները ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը կվերածեն երաշխավորված խաղաղության։

– Երեւանը վաղուց մայրաքաղաք-պետության նշանակություն ունի՝ թե՛ իր բնակչությամբ, թե՛ իր ենթակառուցվածքներով, թե՛ զարգացման (իրականում՝ ՀՀ մարզերի անհամաչափ զարգացման պատճառով) եւ այլ գործոններով։ Բայց Երեւանում էլ խնդիրներն ահռելի են, ինչպես տեղին նկատել եք՝ բարբարոսական շինթույլտվություններից․ այլանդակ շենքերից մինչեւ ճանապարհային խցանումներ եւ այլն։ Պնդում եք՝ դրանց պատճառով երեւանցին կմերժի գործող վարչախմբին։

– Երեւանում մեկը մյուսի հետեւից հայտնվող բարձրահարկերի ստվերում մարզերը շարունակում են մնալ անհամաչափ զարգացման ճիրաններում։ Եվ դա լուրջ խնդիր է։ Գրեթե բոլոր մարզերում առկա է զբաղվածության՝ տարիներով չլուծվող խնդիր։ Հեռավոր բնակավայրերը կամաց-կամաց դատարկվում են։ Իշխանություններին թվում է, թե մեկ-երկու մանկապարտեզ վերանորոգելով՝ համաչափ զարգացման խնդիր են լուծում։ Մինչդեռ այստեղ պետք է համակարգային լուծում։ Բայց զուգահեռ իրականությունում Երեւանն է, որտեղ կենտրոնացած է ամեն ինչ՝ շինարարություն, աշխատաշուկա, ծառայությունների գրեթե 80 տոկոսը։ Երեւանը դարձրել են հրեշ քաղաք՝ առանց հոգի, առանց մշակույթ, անիմաստ քարերի տարածք։ Երեւանցին շնչում է կեղտոտ, քաղցկեղածին օդ, ժամերով մնում է խցանումներում, պայքարում է խրամատներ հիշեցնող փոսերի դեմ, ցանկը կարելի է շատ երկար շարունակել։ Սրանք են նաեւ այն պատճառները, որոնց համար երեւանցին կմերժի այս իշխանությանը։ Հանրային տրամադրություններն այդ մասին են խոսում։

– Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները, ի դեպ, որոշակի լույս են սփռում Ձեր ասածի վրա․ գործող իշխանությունները մի կերպ կարողացան վերարտադրվել հենց Ձեր թվարկած խնդիրների եւ բացթողումների պատճառով։ Ըստ Ձեզ, այս անգամ երեւանցու ձայնն ավելի ազդեցիկ ու վճռակա՞ն կլինի եւ որքանո՞վ կազդի ԱԺ ընտրությունների ելքի վրա։

– Երեւանի ավագանու վերջին ընտրությունները իսկապես ցուցիչ էին։ Երեւանցիները, որպես քաղաքի կառավարողներ, այլեւս չէին տեսնում այս իշխանությանը, եւ դա էր պատճառը, որ վերջիններիս դժվարությամբ հաջողվեց վերարտադրվել։ Մարդիկ հոգնել են մշտական խոստումներից եւ չարված աշխատանքից։ ԱԺ ընտրություններում երեւանցու ձայնն իսկապես վճռական է լինելու։ Սոցիոլոգիական հարցումները դա են վկայում։ Այդ մասին է խոսում նաեւ իշխանության նախընտրական զբոսանքներին երեւանցիների արձագանքը։ Մի կողմ թողնենք բերված մասսովկան։ Իրական անցորդների արձագանքն այլ է։

– Ընտրություններին ընդառաջ, Փաշինյանը փորձեց հնարք կիրառել՝ Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցություններին մեկնելուց առաջ հայտարարելով, թե Ռուսաստանը մեր բարեկամն է։ Իսկ այնտեղ եղավ այն, ինչ եղավ։ ՌԴ նախագահը հստակ սահմանեց Կրեմլի «կարմիր գծերը», ի թիվս այլնի, հասկացրեց, որ ՀՀ գործող իշխանախումբը պարտավոր է նախընտրական գործընթացներում ապահովել ռուսամետ քաղաքական ուժերի անխոչընդոտ մասնակցությունը։ Ակնհայտ է՝ խոսքը Սամվել Կարապետյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին։

– Մոսկվա այցից կարող ենք մի շարք արձանագրումներ անել՝ նախ Մոսկվան ակնկալում է կոնկրետ ընտրություն՝ կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ, եւ այդ ընտրությունը նաեւ էներգետիկ արժեք է ունենալու: Արձանագրվեց, որ Հայաստանում այսօր կան մարդիկ, որ քաղաքական հայացքների համար գտնվում են բանտում, ինչպես նաեւ՝ Արցախի հարցով փաստացի նշվեց, որ այն շարունակում է մնալ զգայուն հարց։ Ակնարկ արվեց նաեւ ընտրություններին քաղաքական ուժերի անխոչընդոտ մասնակցության մասին։ Բոլորը շատ լավ հասկանում են, որ խոսքը մոլդովական սցենարի բացառման մասին է, ինչին անթաքույց ձգտում է այս իշխանությունը։ Բայց եկեք ֆիքսենք մի կարեւոր հանգամանք՝ հունիսի 7-ի ընտրությունները բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Հայաստանի ճակատագիրը չի որոշում ո´չ Մոսկվան եւ ո´չ էլ Բրյուսելը։ Վերեւներում (ինչպես ընդունված է ասել), այլ երկրներում չեն որոշելու մեր երկրի ապագան, դա մեր ընտրությունն է։

– Երեւանից, ինչպես միշտ, «առաջին ջութակի» դերն իր վրա վերցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարեց, թե ՌԴ նախագահի «դաբրոն» այլեւս չի անցնում Հայաստանում։ Սպառնաց նաեւ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալով։ Քաղաքական ու իշխանական այս մանկամտությունն ու անլրջությունը ե՞րբ են ավարտվելու։ Չէ՞ որ Կրեմլի վերջին ուղերձները շատ ավելի խորն են ու լուրջ։

– Անլրջությունն այս իշխանության այցեքարտն է։ Հետեւաբար, մեկնաբանել իրենց հայտարարությունները՝ անշնորհակալ գործ է։ Հատկապես որ մի քանի օր առաջվա «բարեկամից» այլեւս «դաբրոյի» կարիք չունեն։ Ավելին, նրանք մեկ քայլ էլ առաջ գնացին եւ անկեղծություն ունեցան ու հայտարարեցին, որ Հայաստանի խաղաղության երաշխավորն Ադրբեջանն է։ Հասկանում եք, նրանց պատկերացումներում խաղաղության երաշխավորն այլեւս մենք չենք, մեր բանակը չէ, այլ Ադրբեջանն է։ Ինչ վերաբերում է Կրեմլի ուղերձներին, ապա առանց դիվանագիտական նրբությունների, մեր իշխանություններին փաստացի դրեցին ընտրության առաջ՝ Եվրոպա՞, թե՞ Եվրասիական միություն՝ իր բոլոր տնտեսական հետեւանքներով։ Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, խոսելով Եվրամիության հետ հարաբերություններից, Հայաստանին փոխանցվեց հստակ ուղերձ այն մասին, թե Հայաստանն ինչ է ունեցել, ինչ է կորցրել եւ ինչ կարող է կորցնել։ Սա հասկանալու համար մեր իշխանությունների լրջությունը կամ, եթե կուզեք՝ անլրջությունը բավարար չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս իշխանության ամենամեծ հարվածը հենց սա էր

Այս իշխանության ամենամեծ հարվածը հենց սա էր Tue, 14 Apr 2026 11:22:38 +0400 Այն, ինչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով