Ջրառատ տարի է սպասվում
Fri, 10 Apr 2026 12:58:14 +0400

Առաջիկա ամիսների հետ կապված կանխատեսվում է, որ ապրիլին օդի ջերմաստիճանը կլինի նորմայից մոտ 1 աստիճան ցածր, իսկ մայիսին և հունիսին՝ շուրջ 1 աստիճանով բարձր։ Այս մասին հայտարարել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Գարնանային վարարումների մակարդակը, ըստ կանխատեսումների, կկազմի նորմայի 100-130 տոկոսը, իսկ որոշ գետերում կարող է հասնել նույնիսկ 140-160 տոկոսի:
Ընդհանուր առմամբ ջրառատ տարի է սպսսվում:
Գետերում ջրի առավել բարձր մակարդակներ են կանխատեսվում ապրիլի երրորդ տասնօրյակում, ինչպես նաև մայիսի առաջին և երկրորդ տասնօրյակներում։ Հորդառատ տեղումների դեպքում չի բացառվում նաև գետերի մերձափնյա տարածքներում հեղեղումների առաջացումը, որոնց վերաբերյալ առավել ճշգրիտ կանխատեսումներ հնարավոր կլինի անել միայն մի քանի օր առաջ։
Բացի այդ, կանխատեսվում է, որ մի շարք ջրամբարներ կլցվեն բարձր մակարդակով։ Մասնավորապես, Ախուրյանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում սպասվում է 100 տոկոս ջրալցվածություն, «Արփի լիճ» ջրամբարում՝ 80-85 տոկոս, իսկ Ապարանի ջրամբարում՝ 82-88 տոկոս։ Եթե այս կանխատեսումները հաստատվեն, ապա գրանցված ցուցանիշները կարող են դառնալ վերջին 15 տարիների ամենաբարձր մակարդակներից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր