Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Անհնար է կազմել մի ցուցակ, որը բոլորին դուր կգա

«Հրապարակ»․ Անհնար է կազմել մի ցուցակ, որը բոլորին դուր կգա

Tue, 14 Apr 2026 10:45:53 +0400


Շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը։ Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն ուղերձով կոչ արեց հանրությանը՝ համախմբվել իր շուրջ: Հանրահավաքը, ինչպես սպասվում էր, արժանացավ ծայրահեղ գնահատականների` խիստ դրական եւ բացասական: Ինչպիսի՞ հանրահավաք էր, ինչ մեսիջներ էր պարունակում: Զրուցել ենք քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:

– Ի՞նչ տպավորություն ստացաք` երկար ընդմիջումից հետո առաջին հանրահավաքն էր, ի՞նչ դրական կողմեր եւ թերացումներ կնշեք: Այն ինչի՞ մասին էր, ի դեպ, Կարապետյանի ուղերձը սկզբում ասում էին, որ արհեստական բանականության միջոցով է սարքված, սակայն պարզվեց, որ իրական է:

– Ընդհանուր առմամբ, հասկանալի է, որ հանրահավաքի հետ կապված տեսակետներն ու մոտեցումները խիստ բեւեռացված են, քանի որ տեղեկատվական իմաստով ամեն բան ենթակա է նախընտրական տրամաբանությանը եւ ամեն բան ծավալվում է քարոզչական տրամաբանությամբ կամ հակաքարոզչությամբ: Իմ կարծիքով` այս հանրահավաքը, որպես այդպիսին, ավելի շատ նշանավորում էր ինչ-որ մեկնակետային ակտիվ քարոզարշավ եւ ավելի ակտիվ՝ նախընտրական շրջափուլի իմաստով, որը կմեկնարկի առաջիկա երկու ամիսներին: Այս տրամաբանությամբ` բարձր նոտայով մեկնարկային իմաստ ուներ հանրահավաքը: Ինչ վերաբերում է Կարապետյանի ուղերձին, ապա, այո, այն իրական էր, ըստ որոշ հավաստի աղբյուրների, արհեստական բանականության միջամտություն չկար: Ուղերձի բուն բովանդակության մասով այն եւս տեղավորվում էր նախընտրական տրամաբանության մեջ: Կարապետյանը հայտարարեց, որ բիզնես գործունեությունը թողնում է՝ դրանք վստահելով իր զավակներին: Սա նշանակում է, որ ինքն անմիջականորեն քաղաքական պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Սա էր, թերեւս, այս ուղերձի նորությունն ու մեսիջը: Սա նշանակում է, որ Կարապետյանը քաղաքական նոր իրավիճակի մեկնարկ է տալիս` իր ուժի հետ միասին:

– Ասում են, որ ելույթները փոքր-ինչ պաթետիկ էին, քննադատում են «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի թեկնածուներին, որ նրանց որոշ մասը տարբեր թիմերի ներկայացուցիչներ են` ճամբարափոխ են եղել:

– Ըստ իս` անհնար է կազմել մի ցուցակ, որը բոլորին դուր կգա, խոսքը ցանկացած ուժի մասին է` առհասարակ: Միշտ էլ ցուցակները դառնում են տարբեր քննարկումների եւ քննադատությունների առարկա: Ինչ վերաբերում է ելույթներին, ապա ցանկացած հանրահավաք ունի իր ժանրի կանոնները: Ժանրի մեջ է մտնում նաեւ պաթոսը, եւ առանց դրա չի լինում հանրահավաք: Եթե տվյալ պահին ընտրված է այդ ձեւաչափը, ապա հասկանալի է, որ ժանրի կանոնները պետք է կիրառվեն: Սա դարձյալ ոչ միայն Սամվել Կարապետյանի հարահավաքին է վերաբերում, այլ՝ բոլորին: Այս հանրահավաքն ուներ եզրագծային` ընտրական փուլից առաջ բարձր նոտայով մեկնարկի տրամադրություն: Կարծում եմ` հանրահավաքի բուն շարժառիթը դա էր: Մնացյալը պետք է գնահատել երկամսյա աշխատանքով, նայած թե որքանով Կարապետյանի ուժը կկարողանա բարձր պահել այն նոտան, որով նա փորձում էր ակտիվ մնալ այս ընթացքում:

– Հանրահավաքի մասնակիցների տարբեր թվեր են ասում, իշխանությունն ասում է՝ 12 հազար, ընդդիմությունը` 40, մի տեղ կարդացի` մոտ 15 հազար:

– Առկա իրավիճակում բազմամարդ հանրահավաք էր: Ոմանք միտված են մասնակիցների թիվն ուռճացնել, ոմանք էլ` նվազեցնել միտումնավոր կերպով, սակայն ակնհայտ է, որ այն բազմամարդ հանրահավաք էր, թեպետ սա պայքարի եզրափակիչ հանրահավաք չէր եւ չուներ բազմամարդ երեւալու խնդիր: Որպես այդպիսին, այս հանրահավաքը լուծեց իր առջեւ դրված խնդիրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ նման թեկնածու կա

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ նման թեկնածու կա Mon, 11 May 2026 11:23:07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով