Զելենսկին վատ լուրեր ունի ուկրաինացիների համար
Fri, 10 Apr 2026 17:00:29 +0400
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին երկիրը դժվարին ժամանակաշրջան է ունենալու՝ թե՛ առաջնագծում, թե՛ դիվանագիտական առումով։
Նա կանխատեսել է, որ գարունն ու ամառը մարտահրավերներով լի կլինեն՝ քաղաքական ճնշման աճով և մարտադաշտում լարված իրավիճակով։
Պետության ղեկավարը նշել է, որ սեպտեմբեր ամսվա ժամանակահատվածը կարող է հատկապես դժվար լինել, քանի որ Ուկրաինան լրացուցիչ մարտահրավերների կբախվի թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ռազմական հարցերում։ Նա ընդգծել է, որ երկրի վրա ճնշումը կարող է սրվել, իսկ առաջնագծում իրավիճակը կարող է վատթարանալ։
Զելենսկին նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների ներքաղաքական օրակարգին։ Նա նշել է, որ ամռան սկզբին ամերիկյան կողմը ավելի ու ավելի կկենտրոնանա սեփական ընտրական գործընթացների վրա։
Այս ընթացքում, ինչպես ենթադրել է Ուկրաինայի նախագահը, Ռուսաստանը կարող է փորձել ակտիվացնել իր գործողությունները։
Զելենսկին հավելել է, որ իր գործընկերները խնդրել են Ուկրաինային նվազեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ նավթի համաշխարհային գների վրա ազդեցության վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Նա նաև նշել է, որ «Դրուժբա» նավթատարի վերանորոգումը նախատեսվում է ավարտել գարնան վերջին։ Սակայն, ինչպես ընդգծել է Զելենսկին, վնասված պահեստարանները չեն կարող արագ վերականգնվել։