Ինչո՞ւ էր Կոպիրկինն այցելել ԿԸՀ
Fri, 10 Apr 2026 19:19:54 +0400

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի դեսպանի հետ իր վերջին հանդիպմանը՝ պարզաբանելով դրա հանգամանքները։
Նա նշել է, որ ՌԴ դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել դեռևս մինչև վերջին քաղաքական զարգացումները։ Հովակիմյանի խոսքով՝ հանդիպման նպատակը եղել է ծանոթանալ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև քննարկել Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հնարավոր այցի կազմակերպչական հարցերը։
Խոսելով ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցության մասին՝ Հովակիմյանը հայտնել է, որ նախատեսվում է ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական առաքելություն։ Արդեն պատրաստվել են առաջին 14 դիտորդների վկայականները, որոնք փոխանցվելու են համապատասխան կառույցներին՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Նա հավելել է, որ Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչները Հայաստան են ժամանելու պաշտոնական հրավերով և մասնակցելու են դիտարկմանը երկու ձևաչափով՝ թե՛ ԱՊՀ առաքելության կազմում, թե՛ առանձին՝ ԿԸՀ հրավերով։
ԿԸՀ նախագահը նաև ընդգծել է, որ հանդիպման ընթացքում չի քննարկվել ռուսամետ քաղաքական ուժերի կամ անհատների՝ ընտրություններին մասնակցելու հարցը։ Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ապաքաղաքական մարմին է, իսկ դեսպանները չեն զբաղվում իրենց լիազորություններից դուրս հարցերով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր