Կարևոր բանակցություններից առաջ Մոսկվան դիմել է Իրանին և ԱՄՆ-ին
Sat, 11 Apr 2026 11:00:25 +0400

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին պատասխանատու կերպով մոտենալ Պակիստանում նախանշված բանակցություններին և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են «խաթարել Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման համար բացված հնարավորությունը»։
Հայտարարությունը հրապարակվել է Արտաքին գործերի նախարարության կայքում։
«Աշխարհի երկրների մեծամասնությունը աջակցում է այս գործընթացին և հույսը դնում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների հաջողության վրա», – ասվում է հայտարարության մեջ։
Այնուամենայնիվ,գերատեսչության պնդմամբ, կան ուժեր, որոնք «դանդաղեցնում են խաղաղության ուղղությամբ առաջընթացը» և «ստեղծում խոչընդոտներ»։
«Նրանք, ովքեր ագրեսիա են սանձազերծել Իրանի դեմ և այժմ մեղադրում են նրան Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների համար, չպետք է անտեսեն իրադարձությունների իրական զարգացման կամ այն փաստը, որ այս կարևոր ջրային ուղին անխափան գործել է մինչև փետրվարի 28-ը», – նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Արտգործնախարարությունը հակամարտության արմատական պատճառների վերացումը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նախաձեռնված ռազմական գործողությունների դադարեցումը, նշել է որպես հիմնական նպատակներից մեկը։
Ավելին, ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր