«Հրապարակ»․ ՀՀ-ում քանի՞ անձ է ոտքին նախարարության «բրասլետ» կրում
Sat, 11 Apr 2026 11:15:00 +0400

Նախօրեին Երեւանի հայտնի սրճարաններից մեկում նկատեցինք՝ սրահում գտնվող անձանցից ոմանց ոտքին «բրասլետ» կար, պատկերացրեք՝ ոչ թե սովորական աքսեսուար, այլ՝ արդարադատության նախարարության կողմից տրամադրվողներից, ինչը նշանակում է, որ անձինք անցնում են քրեական վարույթներով, եւ նրանց նկատմամբ կիրառված է խափանման միջոց վարչական հսկողություն։ Հատուկ «բրասլետը» կրում են նաեւ տնային կալանքի տակ գտնվող անձինք։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2024-ին Լեհաստանից գնեց 200 էլեկտրոնային թեւնոց՝ տնային կալանքի եւ վարչական հսկողության պահպանումը վերահսկելու համար։ 2023 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը եւ լեհական Enigma information protection systems ընկերությունը պայմանավորվել էին 1000 էլեկտրոնային սարք ձեռք բերելու մասին, որոնցից 650-ը նախատեսված էր տնային կալանքը վերահսկելու, 350-ը՝ վարչական հսկողության համար։
Այժմ քանի՞ անձ է գտնվում վարչական հսկողության եւ տնային կալանքի տակ՝ փորձեցինք պարզել արդարադատության նախարարությունից։ «Ապրիլի 10-ի դրությամբ 946 անձ գտնվում է տնային կալանքի, 1256-ը՝ վարչական հսկողության տակ: Ընդհանուր` 2202»։
Ոտքին էլեկտրոնային սարք կրողներն արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շահառու են, ծառայությունն իրականացնում է մեղադրյալի բնակության վայրի տարածքի նշագրում եւ սահմանում, թե մեղադրյալը որ հատվածներ չի կարող դուրս գալ։ Հստակ սահմանվում են թույլատրելի տարածքի սահմանները։ Էլեկտրոնային հսկողության հիմնական սարքը եւ մեղադրյալի վրա տեղադրվող սարքը միայն աշխատում են կոնկրետ հեռավորության պարագայում։ Եթե մեղադրյալը նշագրված տարածքի սահմաններից դուրս է գալիս, հիմնական սարքն ազդանշան է տալիս։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր