Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Որքանով է իրավաչափ կամ թույլատրելի բանտերում գտնվողներին հոգեւոր-կրոնական պահանջմունքների բավարարումից զրկելը

Որքանով է իրավաչափ կամ թույլատրելի բանտերում գտնվողներին հոգեւոր-կրոնական պահանջմունքների բավարարումից զրկելը

Sat, 11 Apr 2026 12:45:22 +0400


Ապրիլի 6-ին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական եկեղեցու Արգավանդի Սբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանին արգելել են այցելել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ այն դեպքում, երբ նա 15 տարի այցելել է քրեակատարողական հիմնարկներ, մատուցել հոգեւոր-կրոնական ծառայություն՝ ազատազրկման եւ կալանքի վայրերում գտնվող անձանց համար։ Միջազգային իրավունքի տեսակետից որքանով է իրավաչափ ազատազրկման վայրերում գտնվողներին՝ կալանավորվածներին եւ դատապարտյալներին իրենց հոգեւոր-կրոնական պահանջմունքների բավարարումից զրկելը։

Խոսքի, խղճի, կրոնի ազատությունը հանդիսանում է մարդու հիմնարար, բնական ու անօտարելի իրավունքներից մեկը, որը ճանաչված է միջազգային իրավունքի համակարգի կողմից։ Այդ իրավունքը պահպանում է իր ուժը նաեւ ազատազրկման պարագայում։ ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ընդունված 1948 թվականին, 18-րդ հոդվածով երաշխավորում է, որ յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք՝ ներառյալ նաեւ իր կրոնն անհատապես կամ խմբային եղանակով դավանելու, պրակտիկ արտահայտման իրավունք։ Սա բնական ու անօտարելի իրավունք է, որը տարածվում է նաեւ ազատազրկման վայրերում գտնվողների վրա եւ, կարելի է ասել՝ ենթակա չէ սահմանափակման։

Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը (ICCPR), ընդունված 1966 թվականին, 18-րդ հոդվածով երաշխավորում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության՝ ներառյալ նաեւ իր կրոնը դավանելու ազատության, ինչպես անհատական կերպով, այնպես էլ՝ խմբային։ ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեն իր մեկնաբանությունում ընդգծել է, որ այդ իրավունքը տարածվում է նաեւ ազատազրկման վայրերում գտնվող անձանց վրա։ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի ECHR-ի 9-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրոնի եւ համոզմունքների ազատություն, եւ այդ իրավունքը ներառում է կրոնը դավանելու, ուսուցանելու, ծիսակատարությունների մասնակցելու իրավունքը։ Կոնվենցիայի մեկնաբանության մեջ նշված է, որ ազատազրկման վայրերում գտնվող անձինք շարունակում են օգտվել իրենց բոլոր հիմնարար իրավունքներից, բացառությամբ ազատության իրավունքի, որն օրինականորեն սահմանափակված է։ Ինչ է սա նշանակում։ Թերեւս այն, որ պետությունը ոչ միայն պարտավոր է չխոչընդոտել ազատազրկման վայրերում գտնվողների կրոնական կյանքին, այլեւ ընդհակառակը՝ պարտավորված է ապահվել պայմաններ կրոնական կյանքի կազմակերպման եւ իրականացման համար։

ՄԱԿ-ի՝ Ազատազրկման վայրերում գտնվողների նկատմամբ վերաբերմունքի նվազագույն չափանիշների կանոնները կամ Նելսոն Մանդելայի կանոնները սահմանում են, որ ազատազրկման վայրում գտնվողները պետք է իրավունք ունենան դավանելու իրենց կրոնը, ազատազրկման վայրում գտնվողների համար իրենց կրոնի սպասավորների հասանելիությունը պետք է ապահովված լինի, ազատազրկման վայրում գտնվողները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու կրոնական ծիսակատարություններին, եւ նաեւ պետք է առկա լինի կրոնական գրականություն։ Եվրոպայի խորհրդի բանտային կանոնները (European Prison Rules) սահմանում են, որ ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի բավարարելու իր կրոնական պահանջները, եւ պետք է ապահովվի կրոնական գրականություն եւ հոգեւոր-կրոնական աջակցություն, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան 9-րդ հոդվածով սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրոնի ազատության իրավունք, եւ այդ իրավունքը ներառում է կրոնի դավանումը, ուսուցանումը եւ ծիսակատարությունների կատարումը։ Սահմանափակումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ օրենքով է նախատեսված եւ անհրաժեշտ է դեմոկրատական հանրության համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, բազմաթիվ անգամներ է ընդգծել, որ եթե անձը գտնվում է ազատազրկման վայրում, դա չի նշանակում, որ նա կորցնում է իր կրոնական ազատության իրավունքը։ Իր քննած գործերի եւ կայացրած նախադեպային որոշումներով՝ ՄԻԵԴ-ը մշակել է ընդհանուր մոտեցումներ, որոնց համաձայն, ազատազրկման վայրերում գտնվողները պահպանում են բոլոր իրավունքները, ներառյալ կրոնական ազատության իրավունքը, բացառությամբ այն իրավունքների, որոնք անխուսափելիորեն սահմանափակված են ազատազրկված լինելու իրողությամբ, պետությունները պարտավոր են ապահովել հավասարակշռություն ազատազրկման վայրում գտնվողների իրավունքների եւ ազատազրկման վայրի ռեժիմի ու կարգապահության միջեւ։ Ցանկացած սահմանափակում պետք է լինի համաչափ։ 2003 թվականին քննված «Պոլտորոցկին՝ ընդդեմ Ուկրաինայի» գործում ՄԻԵԴ-ը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, երբ ազատազրկման վայրում գտնվողին մերժվել է ապահովել իր կրոնի սպասավորի հասանելիությունը։ Դատարանը սահմանել է, որ պետությունը պարտավոր է ապահովել իրական հնարավորություն՝ կրոնի ազատության իրավունքի իրացման համար։ Կարծում ենք, որ բերվածը բավարար է, որպեսզի պարզ լինի, թե տեղի ունեցածը որքանով է «իրավաչափ» ու համապատասխան միջազգային օրենքներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Շրջանցել եք օրենքը․ ամերիկյան MESA-ն քննադատել է Փաշինյանին և պահանջել Էդիտա Գզոյանին վերականգնել պաշտոնում

Շրջանցել եք օրենքը․ ամերիկյան MESA-ն քննադատել է Փաշինյանին և պահանջել Էդիտա Գզոյանին վերականգնել պաշտոնում Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով