Շուտով հանցավոր խմբերի մասին բացահայտումներ կլինեն
Sat, 11 Apr 2026 13:15:33 +0400
«Հրապարակ» ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի հետ զրուցել է մեծ տարածում ստացած զանգերի կենտրոնների ու ֆինանսական բուրգերի մասին։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆինանսական բուրգը։ Ինչո՞ւ կանխարգելիչ գործողություններ չեն իրականացվում նախքան բուրգի փլուզվելը։
-Ֆինանսական բուրգերի խնդիրը իրավական առումով կայանում է նրանում, որ, օրինակ, իրավապահ մարմինները տեսնում են, որ գովազդ կա տեղադրված տարբեր հարթակներում, բայց որպեսզի ֆինանսական բուրգը որակվի որպես ֆինանսական բուրգ, երկու կոմպոնենտ պետք է իրար հետ զուգակցեն՝ տվյալ ընկերությունը դադարի իր գործունեությունը, բուրգ որակվում է այն ժամանակ, երբ գործունեությունը կանգնում է ու սխեման սկսում է չաշխատել։Եւ այն անձն էլ, ով գումար է ներդրել և հրավիրել է այլ անձի, որպեսզի ինքը հավելյալ տոկոսներ ստանա այդտեղից, իրավապահ մարմիններին հաղորդում տա։ Մենք ունեցել ենք դեպք, երբ դեռևս գոյություն ուներ ֆինանսական բուրգը, մենք ամբողջական տվյալներն էինք հավաքում, բայց քանի դեռ չկար խարդախության հատկանիշ, եղել են անձինք, որոնց առաջարկել ենք՝ եկեք այս ֆինանսական ընկերության վերաբերյալ հաղորդում ներկայացրեք իրավապահ մարմիններին, որովհետև ինքն ակնհայտ ֆինանսական բուրգ է, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Շատերը հրաժարվել են դիմել իրավապահ մարմիններին, ասելով, որ նորմալ ընկերություն է, ես իմ գումարները ստանում եմ։ Այսինքն՝ այդ փուլում իրավական առումով որևէ գործընթաքց անելու հնարավորություն չենք ունենում։ Բուրգ որակելու, խարդախության դեպքում պետք է լինի գոնե մեկ խաբված քաղաքացի։ Բայց ֆինանսական բուրգը քանի դեռ տալիս է գումարները, մարդիկ գումար են ստանում ու չեն ցանկանում հաղորդում ներկայացնել, այստեղ կապված են իրավապահ մարմինների ձեռքերը։ Ամբողջ աշխարհում հենց սրանում է կայանում ֆինանսական բուրգի ֆենոմենը։
– Նախկինում եղած ու արդեն չգործող ֆինանսական բուրգերի մասով որևէ բացահայտում եղե՞լ է, հայտնի՞ են կազմակերպիչները։ Մարդիկ ի՞նչ սպասեն այս դեպքում, հաշտվեն ֆինանսական կորստի հետ, թե հույսեր փայփայեն, որ մի օր հետ կստանան գումարները։
– Պետք չէ հաշտվել իրողության հետ, այսինքն երբ անձը դառնում է հանցագործության զոհ, ամենակարևոր պայմանն է դիմել իրավապահ մարմիններին և սպասել։ Շատ դժվար է իրավապահ մարմիններին ստիպելը, որ ողջամիտ ժամկետ նշեն, թե հանցագործությունը երբ կբացահայտվի։ Աշխարհում նման պրակտիկա գոյություն չունի։ Ոստիկանության կողմից կան նախկինում բացահայտված ֆինանսական բուրգեր։ Թե 2014թ-ին, թե 2015թ-ին, երբ որ դա նորություն էր մեր քաղաքացիների շրջանում։ Այն ֆինանսական բուրգերի մասով, որոնք թեև մենք չենք իրավական առումով պրոցեսը սկսել, իրավապահ այլ մարմիններ են սկսել,բնականաբար այդ իրավապահ մարմինների հետ ակտիվ աշխատում ենք, ու շատ տեղեկություններ կան, որոնք չեն հանրայնացվում՝ ելնելով նախաքննական գաղտնիքից։
– Վերջին շրջանում մեծ տարածում են գտել զանգերի կենտրոնները, սրանք կիբեռհանցագործության ի՞նչ տեսակ են և արդյո՞ք նոր բացահայտումներ կլինեն այս մասով։
– Նախկինում եղել են խմբեր, ովքեր Հայաստանում իրականացրել են հանցավոր գործունեություն։ Օրինակ՝ մենք բացահայտել ենք զանգերի կենտրոն, որի ղեկավարը լինելով օտարերկրացի, ունեցել է զանգերի կենտրոններ, որոնք գտնվել են այլ պետություններում և հնարավոր է թիրախավորել են ՀՀ քաղաքացիներին, այսինքն մեր բացահայտումները թեպետ ոմանք մեդիադաշտում ասում են, թե ինչ է դա տալիս մեր երկրին, երբ տուժողները մեր երկրից չեն, այստեղ շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր երկիրը չպիտի հանցագործների համար գրավիչ երկիր լինի։ Չպիտի օտարերկրացիները գան և տեղական հանցավոր հակում ունեցող անձանց հետ հանցավոր գործունեություն ծավալեն։ Տենդենցը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր բացահայտումից հետո օղակն ավելի է սեղմվում։ Ցավոք սրտի, մինչև այսօր կան այդպիսի խմբեր, որոնց վերաբերյալ բացահայտումների մասով շուտով կլսեք մեր լրատվականների միջոցով։ Այսինքն մեր պայքարը միտված է նրան, որ մեր երկիրը օտարերկրյա, ինչու չէ՝ նաև ՀՀ-ում գտնվող հանցավոր հակում ունեցող անձանց համար գրավիչ երկիր չլինի, ինչպես օրինակ ինտերնետային տարբեր խարդախությունների համար որակվում է Նիգերիան։ Այդ պետությունը, ցավոք սրտի, շատ երկրներում որակվում է որպես խարդախությունների կենտրոն։ Բնականաբար դա վնասում է և երկրի հեղինակությանը, և քաղաքացիներին, ովքեր փորձում են ճանապարհորդել։ Մեզ համար նշանակություն չունի՝ հանցագործը թիրախավորում է մեր քաղաքացուն, թե օտարերկրացուն։