Բաքուն էլ Փաշինյանի պես «սարսափած» է Կարապետյանից, Քոչարյանից և Ծառուկյանից

Բաքուն էլ Փաշինյանի պես «սարսափած» է Կարապետյանից, Քոչարյանից և Ծառուկյանից

Sat, 11 Apr 2026 19:45:58 +0400


Գաղտնիք չէ, որ ադրբեջանական իշխանությունները հատուկ ուշադրությամբ են հետևում և լուսաբանում Հայաստանում ընթացող նախընտրական զարգացումները, բնականաբար, բառի բացասական իմաստով, Փաշինյանին սատարելու «լույսի ներքո»։ Տպավորություն կա, որ ընտրությունները ոչ թե Հայաստանի հանրապետությունում են կայանալու, այլ՝ Ադրբեջանում։ Քանիցս խոսվել է սրա դրդապատճառների մասին․ պարզ, հանրամատչելի վարկածն ու իրողությունն այս է՝ Ալիևին ու նրա բռնապետական, նվաճողական երկրին Փաշինյանի պես «պուճուր» տրամաչափի, ինչպես օրերս բնորոշեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «գործիք» է պետք (ոչ թե՝ գործիչ), որը հլու-հնազանդ կկատարի Բաքվի բոլոր պահանջները։

Եվ ահա, ադրբեջանական մամուլում մի առանձնակի ոգևորության մեջ են ընկել Փաշինյանի և ինչու չէ՝ հենց իրենց, համար գլխավոր մրցակիցների, ախոյանների ներուժից՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան՝ նրանց իրենց «սիրելի» ՆԻկոլի շուրթերով կոչելով «եռահրեշներ»։

Ուրեմն, «տղերքը», որոնցից երկուսը նախագահներ են եղել ու հաղթո՛ղ նախագահներ, այնքան զորեղ ու ազդեցիկ են, որ փաշինյանական վախի մետաստազներով չեն սահմանափակվում։ Բանը հասել է դիվանբաշու՞ն։

Ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, որի հետ, օրերս հարցազրույց էր տվել «Հրապարակին» և խոսել հայ և ադրբեջանական հասարակությունների փոխվստահության մասին, ով այս օրերին հյուրընկալել է հերթական կլոր սեղանի համար Բաքու այցելած հայ քաղհասարակության ներկայացուցիչներին, զուգահեռաբար ալիևյան քարոզչամեքենայի հաստիքավոր «խոսափողի» կարգավիճակում շարունակում է թունավոր արտանետումներ նետել այսպես կոչված պրոռուսական հայ լիդերների մասին, նշում, թե Կրեմլը փորձում է ճնշել Փաշինյանին ընտրություններին միջամտելով ու սատարելով ռուսամետ գործիչներին, հընթացս դրսևորելով հակառուսական քինոտ տրամադրությունները, որոնք առլեցուն են Ադրբեջանում։ Բայց այս անգամ քաղհասարակության հայ բարեկամների «ռահվիրան» առանձնացրել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահներին և Սամվել Կարապետյանին․

«Ինչպես հայտնի է, ռուսամետ ուժերը պլանավորում են մասնակցել հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ երեք առանձին դաշինքների կազմում։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ընդդիմության պառակտման նշան, բայց այս դասավորությունը, հավանաբար, կտևի միայն մինչև ընտրության օրը։ Եթե այս ուժերի առանձին ստացած մանդատների համակցված քանակը բավարար լինի կառավարություն ձևավորելու համար, նրանք կմիավորվեն և կառաջադրեն վարչապետի միասնական թեկնածու։

Ռուսամետ ուժերը մասնակցում են օլիգարխ Սամվել Կարապետյանի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մեկ այլ հայտնի գործարարի՝ Գարիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Երեքն էլ ռևանշիստական ​​դիրքորոշում են որդեգրել ղարաբաղյան հարցում, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրդել է անվանել նրանց «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ ՀՀ կառավարության ղեկավարը բավականին տրամաբանորեն ենթադրում է, որ խաղաղության պայմանները վերանայելու ցանկացած փորձ անխուսափելիորեն նշանակում է նոր պատերազմ։

Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական քննարկումները ցույց են տալիս, որ Կրեմլը, փոխաբերական իմաստով, բոլոր ձվերը չի դնում մեկ զամբյուղի մեջ և աջակցում է առնվազն երկու պոտենցիալ թեկնածուների, որոնք կարող են փոխարինել Նիկոլ Փաշինյանին։ Նրանցից առաջինը, և ակնհայտորեն Մոսկվայի սիրելին, միլիարդատեր Սամվել Կարապետյանն է։ Նրա «ֆավորիտի» կարգավիճակը անուղղակիորեն հաստատվել է նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև Մոսկվայում տեսախցիկների առջև վերջերս տեղի ունեցած պաշտոնական զրույցով։ Այնուամենայնիվ, գործող սահմանադրությունը արգելում է Սամվել Կարապետյանին դառնալ վարչապետ կամ նույնիսկ մասնակցել ընտրություններին։ Նա Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացի է, և ըստ Հայաստանի Հիմնական օրենքի՝ վերջին չորս տարիների ընթացքում քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող պաշտոնի համար առաջադրվել։

Ոչ ոք չի ցանկանում առաջադրվել Քոչարյանի հետ։ Այս պատճառով, Կարապետյանի ընտրական դաշինքը գլխավորում է նրա ազգականը և անվանակիցը՝ Նարեկը։ Ծրագիրը հետևյալն է. եթե օլիգարխի դաշինքը կարողանա ինքնուրույն ապահովել խորհրդարանի տեղերի կեսից ավելին, Նարեկ Կարապետյանը կդառնա «անցումային շրջանի համակարգողը»։ Դրանից հետո կկատարվեն սահմանադրական փոփոխություններ, որոնք կհարթեն Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալու ճանապարհը։ Քանի որ ինքը՝ Կարապետյանը, չի կարող առաջադրվել, ռուս օլիգարխի կողմնակիցները մտադիր էին նրա անունը օգտագործել դաշինքի անվան մեջ՝ «Հզոր Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։ Սակայն, Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անսպասելիորեն փոփոխեց Ընտրական օրենսգիրքը՝ արգելելով դաշինքներին անվանակոչել անհատների անուններով։

Այսպիսով, « պատերազմի եռագլուխ կուսակցության» ղեկավարներից մեկը՝ Սամվել Կարապետյանը, բախվում է լուրջ իրավական խոչընդոտների։ Նաև քիչ հավանական է, որ նրա քաղաքական ուժը կարողանա ինքնուրույն ապահովել տեղերի կեսից ավելին։ Հետևաբար, Կարապետյանի կողմնակիցները ստիպված կլինեն միավորվել այլ «առաջնորդների» հետ։ Այս դաշինքի հաջողությունը կախված կլինի Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հետ ընտրություններից հետո բանակցությունների արդյունքներից։

Երկրորդ «առաջնորդը»՝ Գագիկ Ծառուկյանը, չի բացառել Կարապետյանին աջակցելու հնարավորությունը։ Նա ինքը պաշտոնապես չի առաջադրվում վարչապետի պաշտոնի համար, չնայած որ իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում առաջինն է։ Միաժամանակ, Ծառուկյանը հայտարարում է, որ մտադիր չէ կոալիցիա կազմել ո՛չ գործող կառավարության, ո՛չ էլ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ, նույնիսկ եթե դա մնա Փաշինյանին հեռացնելու միակ ճանապարհը։ Սամվել Կարապետյանի դեպքում նա տեսնում է «քննարկման տեղ»»։

Ինչպես ասում են՝ No comment:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ»

«Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ» Sat, 11 Apr 2026 18:02:10 +0400 Ազատության հրապարակում մեկնարկած գործարար, բարերար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով