Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

«Հիվանդը» կապաքինվի` չնայած բժիշկների համառ  ջանքերին. Հայացք Իրանին կողքից

«Հիվանդը» կապաքինվի` չնայած բժիշկների համառ  ջանքերին. Հայացք Իրանին կողքից

Mon, 13 Apr 2026 19:15:27 +0400


Կա մի դառը կատակ, որ երբեմն իրականությունից ավելի ճշմարիտ է հնչում․«Չնայած բժիշկների համառ ջանքերին՝ հիվանդը ողջ մնաց»։ Այսօր դա այլևս կատակ չէ։ Հայաստանը տարիներ շարունակ տարվում է մի քաղաքականությամբ, որը ներկայացվում է որպես «բուժում», «զարգացում», «խաղաղության ուղի»։ Բայց այդ «բուժման» հետևանքները ավելի շատ հիշեցնում են դանդաղ քայքայում, քան ապաքինում։ Եվ հենց այն պահին, երբ թվում էր՝ այս ընթացքը կարող է դառնալ անդառնալի, միջամտեց մեկ այլ ուժ։ Այդ ուժը Իրանն է։ Ոչ որպես դիտորդ, ոչ որպես խորհրդատու, այլ արդեն որպես գործոն, որը իր անօրինակ հերոսական պայքարով փոխեց աշխարհի «ուժեղների» ողջ հաշվարկը։ Հայաստանի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, թե «Զանգեզուրի ճանապարհը» վտանգ չի պարունակում։ Այն ներկայացվում էր որպես տնտեսական հնարավորություն, հաղորդակցության բացում, տարածաշրջանային ինտեգրում։

Բայց իրականում խոսքը միայն ճանապարհի մասին չէր։ Խոսքը վերահսկողության, սահմանների, և վերջնական հաշվով՝ պետականության կորստի մասին էր։ Երբ քո տարածքով պետք է անցնեն ուժեր, որոնք չեն ենթարկվում քո վերահսկողությանը, դա այլևս ճանապարհ չէ։ Դա միջանցք է՝ իր բոլոր հետևանքներով։ Եվ այդ գործընթացը չէր սահմանափակվում միայն տարածաշրջանային դերակատարներով։ Այն ավելի լայն էր՝ իր մեջ ներառելով նաև այն ուժերին, որոնք այսօր բացահայտ հակամարտության մեջ են Իրանի հետ։ Իրանը այդ ամենը տեսնում էր։ Եվ նա նաև հստակ ասում էր՝ իր հյուսիսային սահմանների փոփոխությունը անընդունելի է։ Բայց իրական քաղաքականությունը սկսվում է այնտեղ, որտեղ հայտարարությունները ավարտվում են։ Երբ իրավիճակը հասավ վտանգավոր կետի, Իրանը գործեց։ Կանգնեցրեց այն գործընթացը, որը կարող էր ամբողջ տարածաշրջանը տանել անկանխատեսելի հետևանքների։ Եվ դա արվեց ոչ միայն իր համար:

Եթե մեր իշխանությունների սկսած անխոհեմ գործընթացը շարունակվեր, Հայաստանը կարող էր հայտնվել մի իրավիճակում, որտեղ իր հարավը փաստացի դուրս է գալիս իր վերահսկողությունից։ Ավելին՝ այդ նույն տարածքը կարող էր վերածվել հարթակի այն ուժերի համար, որոնք հակամարտության մեջ են Իրանի հետ։ Այսինքն՝ Հայաստանը, իր իսկ որոշումների հետևանքով, կդառնար մի օղակ ավելի մեծ հակամարտության շղթայում։Իսկ դա նշանակում է մեկ բան՝ հարվածի տակ կհայտնվեր նաև ինքը՝ Հայաստանը։ Ո՞վ էր տանում այս գործընթացը։Ո՞վ էր անտեսում նախազգուշացումները։ Ո՞վ էր վստահում արտաքին «երաշխիքներին», որոնք պատմության ընթացքում բազմիցս ապացուցել են իրենց հարաբերական լինելը։ Այս հարցերը չեն կարող մնալ առանց պատասխանների։

Իրան–ԱՄՆ–Իսրայել բախման շուրջ գնահատականները տարբեր են լինելու։ Բայց մի բան ակնհայտ է՝ այդ հակամարտությունը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ ուժերը փորձում են իրենց օրակարգը պարտադրել ուրիշներին։ Կան տեսակետներ, որոնք դա ընկալում են որպես արդարացված ճնշում, և կան տեսակետներ, որոնք այն դիտարկում են որպես ուժի կիրառման վտանգավոր օրինակ։ Բայց անկախ ձևակերպումներից, հետևանքը տեսանելի է՝ Իրանը չկոտրվեց։Նա դիմացավ, հակադարձեց և պահպանեց իր դիրքերը։Եվ դա պատահականություն չէր։ Դա արդյունք էր երկար տարիների ձևավորված համակարգի, հասարակության մոբիլիզացիայի, և այն կոշտության, որը հաճախ քննադատվում է դրսից, բայց ճգնաժամի պահին դառնում է անկոտրում դիմադրության ու վերջնական փրկության հիմք։ Ժողովրդին, որը պատրաստ է կրել ծանրություններ,անհնար է կոտրել ու ծնկի բերել։ Հաճախ Իրանին մեղադրում են չափազանց կրոնական լինելու, փակ լինելու, «մոլեռանդության» մեջ։ Սակայն այս գնահատականները մակերեսային են, եթե չեն դիտարկվում իրական սպառնալիքների համատեքստում։ Իրանի համար կրոնը պարզապես հավատ չէ։ Այն դարձել է ինքնության պահպանման, ներսից չքայքայվելու, արտաքին ճնշումներին դիմակայելու գործիք։ Երբ աշխարհը լցված է գլոբալ ուժերով, որոնք ձգտում են միատարրացնել, կլանել, ենթարկել, որոշ ժողովուրդներ ընտրում են պաշտպանական կոշտ ձևեր։ Իրանը հենց այդ ճանապարհն է ընտրել։ Սա չի նշանակում, որ այդ հասարակությունը ի վիճակի չէ այլ կերպ զարգանալու։ Ընդհակառակը՝ անհրաժեշտության դեպքում այն կարող է զարմացնել իր աշխարհիկ կարողություններով։ Բայց պատմական այս փուլում առաջնայինը եղել է գոյատևումը, «համաշխարհային քուրայում» չտարրալուծվելը, և այդ ընտրությունը տվեց իր արդյունքը։ Իրանը ցույց տվեց, թե որն է տարբերությունը պետության և պարզապես տարածքի միջև։

Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած հարվածները ևս մեկ անգամ ցույց տվեցին՝ նույնիսկ ամենահարուստ և «պաշտպանված» երկրները խոցելի են, եթե իրենց անվտանգությունը հանձնում են արտաքին ուժերի։ Պատերազմը բացահայտեց մի պարզ ճշմարտություն ևս՝ ոչ մի արտաքին «երաշխավոր» չի կարող փոխարինել սեփական ուժին։ Այդ իրողությունը ստիպեց շատերին վերանայել իրենց դիրքորոշումները։ Ոմանք ընտրեցին չմիջամտել, որովհետև հասկացան՝ գործ ունեն ոչ թե թույլ հակառակորդի, այլ վճռական ժողովրդի հետ, որը պատրաստ է գնալ մինչև վերջ։ Վախը, որքան էլ ցինիկ հնչի, հաճախ դառնում է զսպող ամենաարդյունավետ գործոնը։

Այս համատեքստում հաճախ հիշատակվում են նաև այլ հակամարտություններ (ռուս-ուկրաինական), որտեղ անվտանգության ընկալումները, արտաքին ազդեցությունները և ռազմավարական հաշվարկները բերում են բախումների։Սա ցույց է տալիս, որ աշխարհը շարունակում է գործել ուժերի հավասարակշռության տրամաբանությամբ, որքան էլ դա ցանկալի չլինի։ Իրանի գործողություններում առանձնահատուկ էր մեկ կարևոր հանգամանք՝ հավասարակշռությունը։ Չկային անիմաստ, ինքնանպատակ քայլեր։ Չկար կույր հարձակողականություն։ Բայց չկար նաև նահանջ։ Թշնամու ուժը գնահատվում էր, բայց չէր գերագնահատվում։ Ռիսկերը հաշվի էին առնվում, բայց չէին կաշկանդում կամքը։ Սա է այն քաղաքական և ռազմական մշակույթը, որը ձևավորում է հաղթող պետություններին։ Այս ամենը հատկապես կարևոր է փոքր երկրների համար, որոնք հաճախ հայտնվում են մեծ ուժերի բախման կիզակետում։ Պատմությունը կրկին հիշեցնում է՝ ինքնիշխանությունը չի պահվում հայտարարություններով, այն պահվում է պատրաստակամությամբ՝ դիմադրելու։ Արտաքին ուժերին անվերապահ վստահելը, սեփական տարածքում նրանց ազատ գործելու հնարավորություն տալը, միշտ էլ բերում է վերահսկողության կորստի վտանգի։ Սա տեսական եզրակացություն չէ, այլ բազմիցս ապացուցված իրողություն։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող մյուս հակամարտությունները ևս տեղավորվում են նույն տրամաբանության մեջ։ Մեծ տերությունները փորձում են ընդլայնել իրենց ազդեցությունը, իսկ նրանք, ովքեր դա ընկալում են որպես սպառնալիք, արձագանքում են՝ երբեմն կոշտ, երբեմն կանխարգելիչ ձևերով։ Այս գործընթացները փոխում են աշխարհակարգը։ Այն այլևս միաբևեռ չէ, և յուրաքանչյուր ուժեղացող պետություն իր տեղն է պահանջում։Իրանը այդ պայքարում արդեն հաստատել է իր դերակատարումը՝ վճարելով դրա համար բարձր գին, բայց նաև ստանալով որոշիչ կշիռ։ Կարելի է խոսել միայն Իրանի մասին։ Կարելի է խոսել միայն մեծ քաղաքականության մասին։Կամ էլ կարելի է փորձել չնկատել այն, ինչ տեղի ունեցավ։ Բայց կա մի հանգամանք, որը դժվար է շրջանցել՝ որոշ զարգացումներ փոխեցին այն սցենարը, որը կարող էր իրականություն դառնալ նաև Հայաստանի համար։ Եվ այդ փոփոխության մեջ Իրանը առանցքային դեր խաղաց։ Պատմությունը դեռ շարունակվում է։ Բայց արդեն հիմա պարզ է՝ երբ «բուժումը» չի աշխատում, երբեմն հայտնվում է ուժ, որը պարզապես թույլ չի տալիս, որ… հիվանդը մահանա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջին 1 շաբաթում մինչև 30% վճարումներն ավելացել են

Վերջին 1 շաբաթում մինչև 30% վճարումներն ավելացել են Mon, 13 Apr 2026 20:15:44 +0400 Վերջին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով