Բոլոր խնդիրները գալիս են ձեր կոալիցիայի ժամանակից. Մարտուն Գրիգորյանի որդին` ՔՊ֊ին
Mon, 13 Apr 2026 19:26:19 +0400

Գյումրու քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ ավագանու հերթական նիստ։ Նիստի սկզբում հայտարարվեց, որ «Հայաստանի Կոմունիստական կուսակցություն» խմբակցությունում փոփոխություն է տեղի ունեցել․ Նարինե Մեսրոպյանին փոխարինել է Խոսրով Մելիքյանը։
Պարզվում է` Նարինե Մեսրոպյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են իր իսկ դիմումի համաձայն։
Ավագանու նիստին ամենաթեժ քննարկումները վերաբերում էին ինչպես տրանսպորտին, այնպես էլ քաղաքային կառավարման արդյունավետությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակեց քննադատել քաղաքային իշխանություններին՝ նրանց մեղադրելով անգործության մեջ և ընդգծելով, որ քաղաքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։
Ի պատասխան՝ ավագանու ընդդիմադիր մյուս անդամները փորձեցին հակադարձել այդ մեղադրանքներին։ Մասնավորապես, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը` պատգամավորի որդին, նշեց, որ առկա խնդիրները բոլորն էլ ձևավորվել են ավելի վաղ՝ այն ժամանակաշրջանում, երբ քաղաքը կառավարվում էր կոալիցիոն ձևաչափով՝ «Բալասանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից։
Նկատենք, որ տրանսպորտի հարցը Գյումրիում շարունակում է մնալ խնդրահարույց։ Թեև քաղաքապետարանը փոփոխություն է կատարել գրաֆիկում՝ երթերի աշխատանքը երկարաձգելով մինչև երեկոյան ժամը 21:00, այնուամենայնիվ դա չի գոհացնում բնակիչներին։ Խնդիրը հատկապես սրվում է երեկոյան ժամերին, երբ տրանսպորտի սպասման միջակայքը հասնում է 30-40 րոպեի, ինչը շարունակում է լուրջ դժգոհություն առաջացնել քաղաքացիների շրջանում։
Քաղաքապետարանի ներկայացուցիչները դա պայմանավորեցին ֆինանսական ծախսերով և վարորդների պակասով։
Քննարկվեց նաև արդեն երկու տարի Գյումրիում գտնվող, սակայն դեռ չշահագործվող էլեկտրական ավտոբուսների հարցը։ Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը նշեց, որ խնդիրը իրավական դաշտում է և կապված է Վանաձորի համաձայնության հետ։
Միաժամանակ հայտարարվեց, որ 525 մլն դրամով նախատեսվում է ձեռք բերել 10 նոր ավտոբուս, սակայն մրցույթներին մասնակցողներ չկան
Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված էր 25 հարց, բայց քննարկումներն ավելի շատ վերաբերում էին այլ հարցերի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր