Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

Հե՜տ տուր մեր կորցրածը. մանկապարտեզ մի խաղա

Հե՜տ տուր մեր կորցրածը. մանկապարտեզ մի խաղա

Tue, 14 Apr 2026 16:45:06 +0400


Արցախը հանձնել է՝ Նիկոլ Փաշինյանի ճնշումը չի բարձրացել։ Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց ու տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ տալուց՝ ճնշումը չի բարձրացել։ Սահմանների նեղացում, գյուղերի ու տարածքների կորուստներ, անորոշություն՝ ճնշումը չի բարձրացել։ Եվ այս ամենի ֆոնին՝ մի փոքրիկ, գրեթե խորհրդանշական դրվագ. նոր կառուցված դպրոց Պարույր Սևակի բնակավայրում։ Այստեղ է, որ հանկարծ հայտնվում է «ճնշման թեման»՝ իբրև կյանքի բարոմետր։ Ասում է՝ երկու տարի առաջ, երբ գնում էի մանկապարտեզներ ու դպրոցներ, Ճնշումս բարձրացած էի դուրս գալիս, իսկ հիմա խնդիրները մանր-մունր են։

Ըստ այդմ էլ՝ հիմա ճնշումը չի բարձրանում, կարգավորվել է։ Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս է ստացվում, որ պետական ու ազգային մասշտաբի ճգնաժամերը, որոնք փոխում են քարտեզ, ժողովրդագրություն ու անվտանգություն, չեն բարձրացնում «ճնշումը», բայց սոցիալական կամ կառավարման առանձին խնդիրները բարձրացնում էին ճնշումը։ Ինչպե՞ս է հնարավոր, որ այն իրականությունը, որտեղ սահմանամերձ գյուղերը դառնում են բանակցությունների, դելիմիտացիայի կամ «փոխադարձ համաձայնությունների» օբյեկտ, ներկայացվում է նույն հարթության վրա, ինչ մանկապարտեզի պայմանները կամ ճաշի լավ հոտը։ Սա քաղաքականություն է, երբ ծանրագույն կորուստները աստիճանաբար դուրս են մղվում հանրային զգայունությունից, իսկ փոխարենը կենտրոնում հայտնվում են մանրադրամային խնդիրներ։ Ստեղծվում է մի վտանգավոր հոգեբանական վիճակ, որտեղ մեծ ցավը դառնում է սովորական, իսկ փոքր խոստումը՝ չափազանցված։ Հարցը «ճնշման» մասին չէ։ Դա արդեն արժեքային համակարգի հարց է․ ի՞նչն է համարվում ազգային ցավ, ի՞նչը՝ ընդունելի կորուստ։ Պարույր Սևակի անունը կրող գյուղում նոր դպրոցը կարող է լինել զարգացման նշան։ Բայց նույն այդ տարածքի մասին խոսակցությունները, երբ կապված են հնարավոր նոր զիջումների կամ սահմանային փոփոխությունների հետ, դառնում են մի այլ՝ շատ ավելի ծանր խորհրդանիշ։ ՈՒ՞մ համար ես կառուցում դպրոցը,- խորքային հարց է առաջանում։ Չէ՞ որ մեր կառուցածը, արած- թողածը մնաց թշնամուն։ Հե՜տ տուր մեր կորցրածը․ ու մանկապարտեզ մի խաղա։

Այդտեղից սկսվում է վտանգավոր շրջադարձը․ երբ պետության ամենախորը ճգնաժամերը չեն առաջացնում ներքին սթրես, իսկ փոքրիկ հաջողությունները կամ մակերեսային բարելավումները ընկալվում են որպես մեծ հաղթանակներ, ապա հասարակության ներքին չափանիշները սկսում են խեղաթյուրվել։ Եվ այդ խեղաթյուրման մեջ ամենացավալին այն է, որ մաքրում է մեր ուղեղից, թե «ինչ ենք կորցրել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սփյուռքի համար կարմիր գիծ է․ Հովսեփ Տեր Գևորգյան

Սփյուռքի համար կարմիր գիծ է․ Հովսեփ Տեր Գևորգյան Sun, 12 Apr 2026 22:00:54 +0400 Կարևոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով