Չորեքշաբթի , 15 Ապրիլի 2026

Օրբանն էլ էր իր ազգին շանտաժ անում պատերազմով

Օրբանն էլ էր իր ազգին շանտաժ անում պատերազմով

Wed, 15 Apr 2026 17:15:26 +0400


Ապրիլի 12-ը երեւի ամենաերեւելի օրերից մեկն էր Հունգարիայի վերջին տասնամյակների պատմության մեջ: Ամբողջ գիշեր տոնախմբություն էր Բուդապեշտի փողոցներում՝ տոնում էին մեկ հաղթանակ եւ ձեռքբերում` Վիկտոր Օրբանի հեռացումն իշխանությունից: Օրբանին չփրկեցին ո՛չ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքավորումները, ո՛չ էլ ԱՄՆ եւ ՌԴ նախագահների հետ անձնական բարեկամությունն ու նրանց բացահայտ աջակցությունը:

Ընդսմին, Վիկտոր Օրբանի պարագայում դա իրական եւ գործնական բարեկամություն էր, ոչ թե Փաշինյանի նման՝ տեղեկատվական ձեռնածություններով ստեղծվող տպավորություն: Դիցուք, Թրամփը հազիվ թե գոնե մեկ անգամ Փաշինյանի անունը կամ ազգանունը հիշողությամբ արտասանած լինի կամ Փաշինյանին առհասարակ դեմքով ճանաչի: Մինչդեռ Օրբանի մասին Թրամփը խոսում էր ե՛ւ իր առաջին պաշտոնավարման ժամանակ, ե՛ւ Սպիտակ տնից հեռանալուց հետո, ե՛ւ այժմ: Ոչ միայն խոսում էր, այլեւ սկզբում Մարկո Ռուբիոյին, այնուհետ՝ Ջեյ Դի Վենսին անձնապես գործուղեց Հունգարիա՝ Վիկտոր Օրբանին հրապարակային աջակցություն հայտնելու: ՌԴ նախագահի հետ էլ Օրբանի հարաբերություններն այնքան փոխվստահելի եւ բարեկամական էին, որ Օրբանը գիշերուզօր Ուկրաինային տրամադրվող ռազմական, ֆինանսական եւ այլ աջակցությունները տորպեդահարելով էր զբաղված, զուգահեռաբար էլ` Պուտինին դիֆերամբներ ձոնելով:

Գումարած՝ Օրբանն էլ Փաշինյանի նման շանտաժի էր դիմում, թե իբր եթե իրեն վերստին չընտրեն, Հունգարիան կներքաշվի ուկրաինական պատերազմի մեջ: Դա բոլոր պրոռուսական գործիչների՝ հոգնեցնելու չափ ծանոթ հանկերգն է: Բայց դա էլ չօգնեց Օրբանին: Նրան հունգարացիները ոչ թե պարտության մատնեցին, այլ ուղղակի գրողի ծոցն ուղարկեցին՝ նրա մրցակից Պիտեր Մաջարին տալով սահմանադրական մեծամասնություն ապահովող քվեների քանակ: Օրբանն այնքան ու այնպես էր զզվեցրել ամենքին, որ ոչ մի աջակցություն ու շանտաժ նրան չփրկեցին:

Սակայն արդյո՞ք Օրբանն ավելի մերժելի եւ վնասարար մեկն էր, քան Նիկոլ Փաշինյանը: Անշուշտ` ոչ: Օրբանը, հաստատ, չէր հասել այնպիսի արհամարհվածության եւ արգահատանքի, որ սեփական երկրում, որտեղ փորձեր քաղաքացիների հետ շփվել, լեզվակռվի մեջ ընկներ, դիմացը կանգնած՝ թուքումուր տային, հետը բառ փոխանակել չցանկանային: Նման ողորմելի վիճակը սեփական երկրում ցանկացած ղեկավարի համար ազդանշան կլիներ, որ ինքն այլեւս կորցրել է ղեկավարի ընկալումը հասարակության մեջ եւ պետք է հեռանա: Սակայն Փաշինյանը մտավոր խնդիրների եւ հոգեկան անհավասարակշռության, թե մինչեւ ուղնուծուծը ահաբեկվածության պատճառով պատրաստ է ամեն թուքումուր կուլ տալ, արհամարհվել եւ նվաստանալ, այդ մերժումից գազազած ու չափը կորցրած՝ սրա-նրա ետեւից ընկնել, միայն թե իշխանության մնա, թիկնապահներով շրջապատվի եւ սեփական գոյությունը երաշխավորի:

Նույն գերխնդրին են ծառայում նաեւ Փաշինյանի եւ ուսապարկերի տեղեկատվական ձեռնածությունները, երբ փորձում են մոլորեցնելով հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե Փաշինյանն Արեւմուտքի համար որեւէ նշանակություն ունի, կամ ԱՄՆ ծրագրերը Հայաստանի առնչությամբ կապ ունեն Փաշինյանի հետ, եւ այդպես շարունակ: Ընդ որում, այդ տեղեկատվական փուչիկը զգալիորեն արտածել են Ջեյ Դի Վենսի շատ տրամաբանական հայտարարությունից, թե ինքը ողջունում է Հայաստանի հարաբերությունների սերտացումն ԱՄՆ-ի հետ, ռազմավարական գործընկերության արդյունավետ առաջընթացը եւ կցանկանար, որ Հայաստանի պրոարեւմտյան քաղաքական ուղեգիծը շարունակվի: Սակայն ո՞վ է ասել, թե Հայաստանի պրոարեւմտյան կամ պրոամերիկյան քաղաքականությունը խարսխված է Փաշինյանի անձի կամ պաշտոնավարման վրա:

2022-ից, բայց հատկապես 2024-ից ի վեր, երբ Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում ծավալվեցին ԱՄՆ-ի համար խիստ բարենպաստ զարգացումներ, ԱՄՆ-ն այլեւս բացահայտ ցույց է տալիս, որ Հայաստանում ունի լուրջ հետաքրքրություններ: Դրանք նույն այն հետաքրքրությունների ծիրում են, որոնցից ելնելով՝ հարյուր տարի առաջ դեռ Օսմանյան կայսրության կազմում գտնվող Հայաստանում ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացուցչություն էր բացել եւ 1920-ի Վերսալյան վեհաժողովում Հայաստանի մանդատն էր ստաձնում:

Փաշինյանը խիստ մոլորության մեջ է, եթե կարծում է, թե իր անձը կամ Ադրբեջանի հետ խրտվիլակային խաղաղությունն այդտեղ դեր ունեն: Փաշինյանն ու իր խաղաղության մասին դատարկախոսությունները գրոշի արժեք չունեն ԱՄՆ-ի համար, արժեք եւ նշանակություն ունի Հայաստանը, եւ ով էլ ընտրվի ՀՀ հաջորդ խորհրդարանում, ով էլ ձեւավորի հաջորդ կառավարությունը, անպայման հաշվի է նստելու ԱՄՆ այդ շահերի եւ ծրագրերի հետ: Ընդսմին, Կրեմլը կամ ՌԴ նախագահն ԱՄՆ շահերին չեն ընդդիմանալու, ինչպես մինչեւ հիմա էության մեջ չեն ընդդիմացել, նախ՝ որովհետեւ դրա ուժը չունեն, երկրորդ՝ որովհետեւ ԱՄՆ-ի հետ համընկնող շահեր ունեն:

Այնպես որ, Փաշինյանը, ի տարբերություն Օրբանի, որեւէ ծանրակշիռ աջակցություն արտերկրից չունի, հասարակության մեջ առկա մտապատճեններն այդ առնչությամբ տեղեկատվական ձեռնածություններով գոյացրած փուչիկներ են: Սակայն այդ փուչիկներն ավելի եւ ավելի մեծ խնդիր են դառնում Արեւմուտքի համար: Փաշինյանը՝ չհասկանալով, թե դիտավորությամբ, ամեն ինչ անում է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ոչ միայն Օրբանից էլ վատ ջախջախվելու, այլեւ, ինչը մտահոգիչ է, հասարակությանը «եվրոպական կողմնորոշումը՝ ընդդեմ ազգային ինքնության» դիլեմա պարտադրելու համար: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է կա՛մ Փաշինյանին կարգի հրավիրեն, որպեսզի նա հայկական ինքնության անկյունաքարերի` հայոց պատմության, լեզվի, Եկեղեցու դեմ բարբաջանքներն ու ոտնձգությունները դադարեցնի, կա՛մ ընտրություններից առաջ Փաշինյանին խորհուրդ տան հեռանալ, որպեսզի Հայաստանի եվրոպական կողմնորոշումն ու ապագան Փաշինյանն իր անձով չվարկաբեկի եւ չվտանգի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երեկ իսկապես զգացել եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը

Երեկ իսկապես զգացել եմ յուրաքանչյուրիդ աջակցությունը Wed, 15 Apr 2026 13:50:16 +0400 «Ես ուզում եմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով