Առաջարկելով հեղինականավոր արքեպիսկոպոսի թեկնածությունը՝ մենք լուծում ենք և՛ ճահիճը շրջանցելու և՛ մարդակեր գազանի չեզոքացման հարցերը․ Փաշոյան
Sun, 19 Apr 2026 16:41:55 +0400

Ինչո՞ւ ենք մենք ՀՀ նախագահի պաշտոնում առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը։
Հայ հասարակությունը և քաղաքական համակարգը խորը և անհաղթահարելի ճգնաժամի մեջ են։ Ավանդույթի ուժով գործող ճշմարտությունները ձևախեղված են, կենսունակ ինստիտուտները՝ կազմաքանդված, հեղինակությունները՝ արժեզրկված, իսկ մարդիկ՝ արժեքային փնտրտուքի մեջ։ Իրականում սա անցումային շրջափուլ է։ Մենք անցնում ենք վարարուն գետի միջով, որը չունի կամուրջներ։ Չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում մյուս ափ անցնելուց հետո։ Ճահի՞ճ, թե մի նոր մարդակեր գազան։
Առաջարկելով հեղինականավոր արքեպիսկոպոսի թեկնածությունը՝ մենք լուծում ենք և՛ ճահիճը շրջանցելու և՛ մարդակեր գազանի չեզոքացման հարցերը։
Իմ խորին համոզմամբ Հայաստանի ամենաառանցքային քաղաքական խնդիրը իշխանությունների տարանջատման սկզբունքի բացակայությունն է, ինչպես նաև հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների չգոյությունը։ Ոչ վաղ անցյալում Հայաստանում միանձնյա իշխանությունը պատկանում էր ռազմաքաղաքական բյուրոկրատիայի ներկայացուցիչներին, հետո ասպարեզ մտավ ամբոխի առաջնորդը, վաղը այդ նույն միանձնյա իշխանությունը անցնելու է խոշոր կապիտալի ներկայացուցչին։ Եվ հարցերի հարցը մնալու է չլուծված։
Տասնամյակներ շարունակ Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն, փորձել են աջակցել Հայաստանին պետական կառավարման համակարգում առաջադիմական բարեփոխումներ իրականացնելու գործում։ Վարկեր և գրանտներ են տրամադրել, խորհուրդներ տվել, բայց այդ բարեփոխումները սկսել և ավարտվել են միայն համակարգի ստորին և միջին օղակներում կոսմետիկ փոփոխություններով։ Բարձր օղակները՝ նախագահներն ու վարչապետները միշտ համոզված են եղել, որ բարեփոխումները չպետք է սկսեն իրենցից։ Օրինակ՝ դիկտատորի խառնվածքով Նիկոլ Փաշինյանը երբեք չի համաձայնի, որ ոստիկանությունը բարեփոխելուց առաջ անհրաժեշտ է նախ և առաջ բարեփոխել վարչապետական ինստիտուտը։ Մասնավորապես՝ սահմանափակել և ապակենտրոնացնել լիազորությունների մի մասը։ Ակնհայտ է, որ Փաշինյանը Ջորջ Վաշինգտոնը չի և չի հրաժարվի թագավոր դառնալու մտքից։
Կարծում եմ, արևմուտքին այս ամենը իրականում ձեռնտու է, քանի որ աշխարհաքաղաքական շահերից ելնելով իրենց պետք է նաև արագ որոշում կայացնող առաջնորդ։ Առաջնորդ, որը գրչի մի հարվածով թուղթ կստորագրի, կհանձնի Արցախը, կուսակցություններ կարգելի, մարդ կբռնի, մարդ կազատի և պառլամենտը, նախագահը, ՍԴ-ն նրան չեն կարող կանգնեցնել, քանի որ այդ ինստիտուտները իրականում գոյություն չունեն։
Իսկ մենք առաջարկում ենք բարեփոխում ամենավերին օղակում, այն է՝ Հայ եկեղեցու հեղինակավոր արքեպիսկոպոսի պաշտոնավարմամբ ձևավորել ուժեղ նախագահի ինստիտուտ, որը մի կողմից հակակշիռ կդառնա վարչապետի և կառավարության անսանձ ու անվերահսկելի իշխանությանը, իսկ մյուս կողմից էլ իր հեղինակությամբ, աքսակալ-իմաստունի դիրքավորմամբ կօգնի հայ ժողովրդի բարեհաջող և անվտանգ գետանցնմանը։
Ահա, թե ինչու ենք մենք առաջարկում Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում։ Այլ հեղինակություններ մենք չենք տեսնում երկրում, քաղաքական ուժերը, քաղ․ հասարակությունը, մշակութային գործիչները բևեռացված են ու խիստ տեղայնացված, ամենքը իր դարդին, իսկ մեզ համազգային նշանակության կերպար է անհրաժեշտ։
Բնականաբար այս նախաձեռնությունը որոշակի քննադատությունների արժանացավ։ Քննադատները ասում են, թե ինչպե՞ս լիբերալ ներկայացող ուժը կարող է արքեպիսկոպոսի թեկնածություն առաջարկել։ Առանց որևէ մեկին վիրավորելու ցանկության, ուզում եմ նկատել, որ սրանք մակերեսային խոսակցություններ են։ Հետխորհրդային տարածքի հասարակությունները, հատկապես արևմուտքի որոշ բուհերում ուսանած երիտասարդները ձևախեղված պատկերացումներ ունեն գաղափարախոսությունների, քաղաքական փիլիսոփայության և աշխարհիկության մասին։ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և ձախ ակտիվիզմի մասին տեսություններ և նորաձև հերձվածներ յուրացնելով՝ այդ զանգվածները օտտարանում են իրենց հասարակություններից, արհամարհում ամեն մի ազգայինը և փորձում Հայաստանը Նիդերլանդներ և Չեխիա դարձնել։ Իհարկե մոռանալով Լենինի այն հայտնի պնդումը, որ փոքր ժողովուրդների նացիոնալիզմը (ես կավելացնեմ նաև պահպանողականությունը) ոչ միայն թույլատրելի է, այլ նաև առաջադիմական։
Այսինքն, մեր ազատական գաղափարները և եկեղեցին ոչ միայն հակասության մեջ չեն, այլ նաև փոխլրացնող են։
Ազատ շուկան, ազատ և ստեղծագործ քաղաքացին իր մասնավոր սեփականությամբ մեզ համար առաջնահերթ արժեքներ են։ Արժեքներ, որոնք երաշխավորվում են Ջոն Ստյաուրտ Միլի ձևակերպմամբ գիշերային պահակի՝ պետության կողմից։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է նաև մեր հայացքները ուղղենք դեպի պահպանողականությունը, քանի որ խնդիր ունենք պահպանելու Հայաստանը՝ որպես հայերի հայրենիք։ Հայրենիք, որը չի կարող լիարժեք ու կենսունակ լինել առանց Ցեղասպանության հիշողության, Ղարաբաղյան շարժման և անցյալից ավանդված արժեքների։ Հայրենիքի գաղափարի շուրջ Հայ եկեղեցին մեր դաշնակիցն է, իսկ Քրիստոնեական էթիկան՝ պայքարի գործիք։
Մենք մարտահրավեր ենք նետում բոլոր քաղաքական ուժերին․ թո՛ղ արձագանքեն, համաձա՞յն են արդյոք Միքայել արք․ Աջապահյանի թեկնածությանը, թե՛ ոչ։
Այս մասին գրել է լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը, որն ընդգրկվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր