UCOM-ի խանութների՞ց գնել ապրանքը, թե՞ փողոցների և անցումների կրպակներից
Tue, 21 Apr 2026 20:45:41 +0400

Խոստովանեմ, ես 20-րդ դարի մարդ եմ: 26 տարի է ապրում եմ 21-րդ դարում, բայց կարոտով եմ հիշում անցյալ դարը, երբ սնունդը բնական էր, համով և օգտակար, իսկ սարքերը, լինեին դրանք տեղական թե արտասահմանյան, հեշտ և համարյա նույն կերպ էին կառավարվում:
Բացի այդ, դրանցից նույնիսկ ամենապրիմիտիվի, ասենք էլեկտրական սալիկի հետ անգամ տալիս էին բացատրությունների գրքույկ, որտեղ կար այդ սարքի նկարը և նկարագրվում էր թե ինչպես է պետք օգտվել դրանից: Նույնիսկ այն, թե ինչպես անջատես ու միացնես այդ սարքը:
Այսօր միշտ չէ որ այդպես է և օրեր են պետք, որ փորձերի, կամ ծանոթների հուշումների շնորհիվ կարողանաս օգտվել որևիցե, հատկապես, էլեկտրոնային սարքից: Ինչը շատ ժամանակ և ընկերներ ունեցող դեռահասների համար հեշտ է անել և դժվար՝ իմ նման 20-րդ դարում ծնվածների համար:
Եվ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում ես առաջիններից մեկն եմ այն լրագրողներից, որոնք սկսեցին Ինտերնետի օգնությամբ համագործակցել արտերկրյա լրատվամիջոցների հետ, այդուհանդերձ սովորել ու շատ կապված էի «Նոկիա» մակնիշի կոճակային հեռախոսիս հետ: Իսկ սմարտֆոնն օգտագործում էի ոչ թե իբրև հեռախոս, այլ՝ լրագրողական գործիք: Այդ պատճառով էլ երբ իմ սիրելի «Նոկիան», որտեղ ես պահում էի ինձ անհրաժեշտ հեռախոսահամարները, սկսեց շարքից դուրս գալ, որոշեցի գնեմ նորը, որը նույնպես լինի կոճակային և որից օգտվելու ձևը լինի նման «Նոկիային»:
Փողոցներում և անցումներում գտնվող կրպակներում ցուցադրվում էին այդպիսի հեռախոսներ, բայց տեսա, որ իմ բնակարանից ոչ հեռու գտնվող Մաշտոցի պողոտայի «Յուքոմ» ընկերության խանութում նույնպես վաճառվում են կոճակային բջջային հեռախոսներ: Բայց, երբ մի քանի օր անց այցելեցի այդ խանութը, պարզվեց, որ դրանք այլևս չկան: Խանութում, սակայն, հայտնեցին, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող իրենց ընկերության խանութում դրանք առկա են և կարող եմ գնել այնտեղից:
Այդ խանութում ներկայացված ապրանքների մեջ չհայտնաբերելով իմ ուզածը, դիմեցի վաճառողներից մեկին և նա պահեստից բերեց հեռախոսը: Վստահելով «Յուքոմ» հեղինակավոր ընկերության անունին ու նրա գլխադասային շքեղ խանութին, չսկսեցի տանջել վաճառողին, այլ միայն հարցրեցի, թե արդյո՞ք այդ հեռախոսից օգտվելու ձևը նման է իմ ունեցած «Նոկիայից» օգտվելու ձևին և ունի՞ արդյոք նա գրքույկ, որտեղ բացատրվում է, թե ինչպես է պետք օգտվել այդ սարքից: Վաճառողը դրական պատասխան տվեց: Իսկ իմ այն տարակուսանքին, որ այդ «Uniwa» մակնիշի բջջայինը չինական է, վստահեցրեց, որ չինականները լավագույնն են:
Տանը պարզվեց, որ այդ հեռախոսի գրքույկի մեջ նույնիսկ չկա սարքի նկարը՝ բացատրությունով, թե հեռախոսի որ մասում ինչ է գտնվում, իսկ անգլերենով երկտողյա «բացատրություններից» ոչինչ հնարավոր չէ հասկանալ: Բացի այդ, պարզվեց, որ այդ հեռախոսի վերալիցքավորող սարքը վատ է աշխատում՝ նրա և բջջայինի կոնտակտը թույլ է և չի պահում՝ անջատվում է: Ըստ երևույթին դրանով էր բացատրվում այն հանգամանքը, որ այդ հեռախոսը չէր ցուցադրվում վաճառքի հանված ապրանքների սրահում:
Հեռախոսից օգտվելն էլ, ի տարբերություն «Նոկիայի», չափազանց խրթին է: Այնքան, որ երբ հաջորդ օրը վերադարձա այդ խանութ և վաճառողին խնդրեցի բացատրել, թե ինչպես է պետք օգտվել այդ հեռախոսից, նա ևս դժվարացավ ու ինքն էլ երկար փորձերից հետո էր հազիվ կարողանում, ասենք, հեռախոսի համարին կից գրել դրա բաժանորդի անունը, որը, ի տարբերություն իմ ունեցած «Նոկիայի» 3-4 բառից ավել չէր կարող լինել: Այդ հեռախոսի միակ «առավելությունն» այն էր, որ նրա մեջ կարող ես մեկ սիմ քարտի փոխարեն տեղադրել երկուսը, ինչի կարիքը ես չունեի:
Իմ խնդրանքը, ետ վերցնել այդ բջջայինը՝ փոխարենը տալով մեկ ուրիշը, կամ «Սամսունգ» մակնիշի սմարթֆոն՝ իմ կողմից գների տարբերությունը փակելու պայմանով, մերժվեցին: Ցանկացա դիմել այդ խանութի ղեկավարությանը կամ մենեջերին, բայց ստացա պատասխան, թե դրանք չկան, պետք է շփվեմ միայն իր հետ: Իսկ ղեկավարությունը գտնվում է Երևանի արվարձաններից մեկում, ուր գնալու հավես չունեի:
Եվ ես հասկացա, որ մեծ սխալ եմ արել, որ այդ ապրանքը գնել եմ ոչ թե փողոցներում և անցումներում գտնվող բազմաթիվ կրպակներից, այլ «Յուքոմ» ընկերության այդ շքեղ խանութից: Որի աշխատակիցները, ճիշտ է, գեղեցիկ հագնված են ու սիրալիր, բայց հրաժարվում են ոչ միայն կատարել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի պահանջը, այլև գնորդին հնարավորություն չեն տալիս կապնվել իրենց ղեկավարության հետ։ Եվ դա նույնիսկ այն դեպքում, երբ տեղեկանում են, որ այդ հաճախորդը լրագրող է: Մինչդեռ, կրպակներում աշխատողները, որոնք, միգուցե այդքան սիրալիր չեն և վատ սափրված են, հաճախորդների հետ այդպես չեն վարվում:
Այնպես որ, եթե ցանկանում եք գնել որևիցե ապրանք, մտածեք, թե որտեղից ձեռք բերեք այն. «Յուքոմի» շքեղ խանութների՞ց, թե՞ ոչ այնքան հրապուրիչ տեսք ունեցող, բայց հաճախորդին դժգոհ չթողնող կրպակատերերից:
Գրիգոր Էմին-Տերյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր