Մարդկանց եւ վարժեցված կապիկների տարբերությունը
Wed, 22 Apr 2026 18:15:07 +0400
Մինչ Հայաստանի իշխանությունները սպառնում են դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ հանուն եվրաինտեգրման, ռուսական գազից անցում կատարել տեղական աթարին, Եվրոպայում հաղթում են բանականության եւ սեփական շահերով առաջնորդվելու կողմնակիցները: Հայաստանում շատերի ուշադրությունը գրավեցին ապրիլի 12-ին տեղի ունեցած Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որտեղ 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանի գլխավորած կուսակցությունը պարտություն կրեց, եւ երկրի վարչապետի աթոռը կզբաղեցնի ընդդիմադիր թեկնածու Պիտեր Մադյարը: Շատերը դա ընկալեցին որպես բռնապետության անկում եւ ընդդիմության հաղթանակ, մյուսները դրա մեջ տեսան եվրաչինովնիկության եւ սորոսականության հաղթանակ, որոնք անվերապահորեն պայքարում էին Օրբանի իշխանության դեմ, որն ինքնուրույն եւ շատ հարցերում Բրյուսելին հակադրվող քաղաքականություն էր վարում:
Բայց մեկ շաբաթ անց՝ ապրիլի 19-ին, ԵՄ տարածքում տեղի ունեցավ ոչ պակաս կարեւոր եւ նշանակալի մեկ այլ իրադարձություն եւս` Բուլղարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ 62-ամյա Ռումեն Ռադեւը, որին անգամ եվրոպական մամուլն է ներկայացնում որպես պրոռուսական կողմնորոշում ունեցող, միայն այն պատճառով, որ նա արտահայտվում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերը վերականգնելու եւ էներգետիկ համագործակցություն սկսելու օգտին: ԵՄ-ում առաջացած տնտեսական դժվարությունները միության անդամ երկրների հասարակություններին ստիպում են ընտրություն կատարել հօգուտ իրենց երկրների շահերի` մերժելով տարիներով քարոզվող կեղծ եւ հնարովի գաղափարները:
«Բուլղարիան եզակի դիրքում է, քանի որ մենք ԵՄ միակ երկիրն ենք, որը ե՛ւ սլավոնական է, ե՛ւ ուղղափառ։ Սա պետք է օգտագործվի… եւ մենք իսկապես կարող ենք դառնալ կարեւոր օղակ այս գործընթացում, որը, վստահ եմ, վաղ թե ուշ կսկսվի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար»․ Բուլղարիայի վարչապետի հաղթած թեկնածուի այս խոսքերն է մեջբերում եվրոպական «Եվրանյուզ» հեռուստաընկերությունը՝ իր լսարանին համոզելու համար, որ չնայած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող ագրեսիային, բուլղարներն ընտրել են մի մարդու, որը կարեւորություն է տալիս Ռուսաստանի հետ ազգային-հոգեւոր եւ տնտեսական կապվածությանը: Բուլղարներին մեզ նման խաբել եւ համոզել էին, որ Եվրամիությունը համադարման է կոռուպցիայի, անօրինականության եւ աղքատության դեմ պայքարում: Գրեթե 20 տարի լինելով ԵՄ անդամ՝ Բուլղարիան ԵՄ-ին անդամակցել է 2007 թվականի հունվարի 1-ից, այդ երկիրը շարունակում է մնալ նույնքան կոռուպացված եւ անարդար, համարվելով ԵՄ անդամ ամենաաղքատ երկիրը: ԵՄ անդամ դառնալու դեպքում այդ երկիր ներդրումների ու տեխնոլոգիաների հոսքի մասին հեքիաթները մնացել են անցյալում, ավելին` ԵՄ-ին անդամակցությունը խանգարեց, որ այդ երկրի տարածքով անցնի ԵՄ-ին գազ մատակարարող գազամուղը: Ռուսներն առաջարկում էին Սեւ ծովի տակով գազամուղ կառուցել դեպի Բուլղարիա, գազի մի մասը կօգտագործեր Բուլղարիան, մնացածն իր տարածքով տարանցելով հարեւան երկրներ` Սերբիա, Հունգարիա, Հունաստան: Եվրահանձնաժողովը Բուլղարիային ռուսական էներգետիկ կախվածությունից ազատագրելու գաղափարի շրջանակներում, կտրականապես դեմ եղավ այդ նախագծին, եւ որպես այլընտրանք Ռուսաստանը Սեւ ծովի տակով գազամուղ կառուցեց Թուրքիա, եւ հիմա Թուրքիան է միլիոնավոր դոլարների շահ ստանում ռուսական գազի տարանցման համար:
Բուլղարները հասկացել են, որ երկրի եւ նրա քաղաքացիների շահերն ավելի կարեւոր են, քան ինչ-որ երեւութական գաղափարներ, ինչպիսիք են Ռուսաստանից էներգետիկ անկախությունը, էներգիայի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիան կամ բռնապետական ծագում ունեցող էներգակիրներից հրաժարումը: Նույնիսկ Հունգարիայի նորընտիր, այսպես կոչված, պրոեվրոպական վարչապետ Պիտեր Մադյարն է հանդես գալիս իրատեսական եւ սեփական երկրի շահերն արտահայտող քաղաքականություն վարելու օգտին: Ընտրություններում հաղթելուց հետո նաեւ հայտարարել է, որ ո՛չ Հունգարիայի, ո՛չ էլ Ռուսաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվելու, հետեւաբար էներգետիկ ոլորտում առկա կախվածությունը պարտադրում է պահպանել երկխոսությունը Մոսկվայի հետ։
Ավելին` Մադյարը սկսել է հեգնել եւ ծաղրել իր հաղթանակը կերտած եվրաչինովնիկներին եւ դրանցից ամենահայտնիին` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին: Նա Հունգարիայի հեռացող վարչապետ Վիկտոր Օրբանին առաջարկել է առաջադրվել Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ։ «Օրբանը տեսլական ունի եւ կոշտ քաղաքականություն է վարում միգրացիայի հարցում։ Նա ժողովրդականություն է վայելում սովորական մարդկանց շրջանում։ Մինչ արեւմտյան քաղաքական գործիչները ստում էին ժողովրդին, հենց Օրբանն էր, որ նրանց ճշմարտությունն ասաց միգրացիայի մասին»․ ահա թե ինչպես է արտահայտվել հաղթած թեկնածուն իր երեկվա ընդդիմախոսի հասցեին: Նա չի խոսել ո՛չ բոմժացման, ո՛չ սնանկացման, ո՛չ կալանավորման եւ հետապնդման մասին, այլ գնահատելով իր նախորդի հանրային ազդեցությունն ու սկզբունքայնությունը` առաջարկել է զբաղեցնել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ահա թե ինչպիսին են լինում երկրների իրական առաջնորդները, ինչպես են կարեւորում իրենց երկրների տնտեսական եւ քաղաքական շահը եւ ինչպիսի հետեւողականությամբ են այն պաշտպանում, ինչպես են վերաբերվում իրենց ընդդիմախոսներին: Պետության ղեկավարը, ազգի առաջնորդը չի կարող լինել մտավոր հետամնաց, չար ու մարդատյաց, թշնամուն հնազանդորեն ենթարկվող եւ դրսից կառավարվող մեկը, որը խոսում է ինչ-որ եվրոպական արժեքների կամ չափանիշների մասին՝ այդպես էլ չհասկանալով, որ աշխարհում արժեքներն ու չափանիշները համընդհանուր են, եւ եթե դու դրանց չես համապատասխանում, կարեւոր չէ, թե դու որտեղ ես ապրում` Հայաստանում, Եվրոպայում, թե հեռավոր Ավստրալիայում: