Ոչ թե քաղաքացու օր, այլ՝ ամբոխի տոն
Thu, 23 Apr 2026 18:15:42 +0400

Նիկոլ Փաշինյանն ուզում է համատեղել անհամատեղելին. քաղաքացուն կերակրել «հաց եւ տեսարաններով», թերեւս համոզված լինելով, որ գործ ունի ոչ թե քաղաքացիների, այլ հպատակների հետ: Փաշինյանը հայտարարել է, որ իր հորինած Քաղաքացու օրը նշելու է Ամիրյան փողոցում խորոված փարթի կազմակերպելով, որից հետո Հանրապետության հրապարակում մեծ համերգ է լինելու: Երեւի համարում է, որ իր հպատակներին միայն դա է հետաքրքրում` կուշտ փորով հաց ուտել ու դրանից հետո մի լավ զվարճանալ: Նրա նախընտրական ուղերձը դա է` երջանիկ լինելու համար պետք է խորոված եւ զվարճանք, ընտրեք ինձ, եւ հինգ տարին մեկ ես դա կապահովեմ:
«Քաղաքացի» հասկացությունը գոյություն է ունեցել դեռեւս հին Հունաստանում, երբ քաղաքացի էին համարվում հունական պոլիսների քաղաքային հասարակության այն անդամները, որոնք օժտված էին ինչպես իրավունքներով, այնպես էլ պարտականություններով, որը չէր տարածվում այդ քաղաքում ապրող, բայց քաղաքային հասարակության անդամ չհանդիսացող մարդկանց վրա: Ժամանակակից իմաստով «քաղաքացի» տերմինը հանրային կիրառում ստացավ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո: Մեր պատմության ուսուցիչ ընկեր Մկրտչյանն ասում էր՝ այդ հեղափոխության մեծությունը նրա մեջ էր, որ երեկվա հպատակին սարքեց քաղաքացի: Մինչեւ հեղափոխությունը եւ հանրապետության հռչակումը, Ֆրանսիայում միապետություն էր, որտեղ կային սոցիալական տարբեր խավեր` արիստոկրատներ, բուրժուաներ, գյուղացիներ, շարքային մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր արտոնություններն ու պարտականությունները, իսկ նրանց վերեւում գտնվում էր միապետը: Տվյալ շրջանի ֆրանսիական հասարակարգը ամենալավը նկարագրել է Լյուդովիկոս XIV-ը՝ «Հպատակներն իրավունքներ չունեն, միայն՝ պարտականություններ» արտահայտությամբ: Նիկոլ Փաշինյանն իրեն պատկերացնում է հենց այդ կարգավիճակում, օժտված արտոնություններով եւ իրավունքներով եւ զրո պատասխանատվությամբ:
Ֆրանսիական մեծ հեղափոխությունը հռչակեց բոլոր մարդկանց հավասարության սկզբունքը, սոցիալական խավերը վերացվեցին: Քաղաքացին հպատակից տարբերվում է իրավունքների առկայությամբ, պետությունը եւ իշխանությունը ճանաչում եւ հարգում են յուրաքանչյուր մարդու, քաղաքացու իրավունքները, այդ թվում՝ իշխանություն ձեւավորելու եւ իրեն չբավարարող իշխանությունը փոխելու իրավունքը: Փաշինյանը փորձում է հետ պտտել պատմության ընթացքը, ուզում է Հայաստանը հետ վերադարձնել միջնադար կամ նույնիսկ Հին աշխարհ` Հին Հռոմ, իրեն պատկերացնելով որպես հռոմեական կայսր: Պատմաբաններն ասում են, որ «հաց եւ տեսարաններ» արտահայտության հեղինակային իրավունքը հռոմեացի հռետոր եւ երգիծաբան Յուվենալինն է, որն իր ստեղծագործություններում այդ արտահայտությունն օգտագործել է իր ապրած ժամանակահատվածում երկրում տիրող բարքերը, հանրային տրամադրությունները եւ ձտումները նկարագրելու համար:
Ըստ նրա՝ Հռոմեական կայսրության քաղաքացիների բարոյականությունն այն աստիճան էր վատթարացել, որ նրանք, մոռանալով իրենց նախնիների հերոսական անցյալը, չձգտելով կրկնել նրանց սխրագործությունները, պատրաստ էին հեշտությամբ կոռումպացվել։ Ըստ Յուվենալի՝ հերոսության եւ սխրագործության փոխարեն մարդիկ սկսեցին երազել միայն անվճար, համեղ ուտելիքի եւ թանկարժեք կրկեսային խաղերի ու այլ զվարճանքների մասին, ինչպիսիք են գլադիատորական մարտերը, իրենց ազատությունը փոխարինելով հաճույքով (ինչ-որ նմանություն եւ համեմատություն չե՞ք տեսնում մեր իրականության հետ): Կայսրերն էլ ոչ միայն բավարարում էին ամբոխի այդ ձգտումները, այլեւ իրենց գործունեությամբ խրախուսում էին՝ համարելով, որ այդպես ավելի հեշտ է իշխել եւ կառավարել ամբոխին:
«Հաց եւ տեսարաններ»-ը, ժամանակակից ընկալմամբ, ընտրողներին, ամբոխին կերակրելու եւ զվարճացնելու միջոցով կաշառելն է, նրանց լոյալությունն իշխողի նկատմամբ ապահովելը: Փաշինյանը չի կարող լինել քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ղեկավար, որովհետեւ քաղաքացիները գիտակցում են իրենց իրավունքներն ու ազատությունները եւ պատրաստ են պայքարել դրանց պաշտպանության համար: Փաշինյանը լավագույն դեպքում կարող է լինել ամբոխի առաջնորդ, որը միայն ստամոքսի խնդիր է լուծում, ընդ որում՝ օրվա կտրվածքով, չմտահոգվելով՝ վաղը դա կլինի՞, թե՞ իրեն կտանեն կառափնարան կամ սպանդանոց: Դրա համար է փորձում քայքայել քաղաքացիական հասարակությունը եւ դրա ինստիտուտները՝ փորձելով փոխարենը ստանալ կառավարելի ամբոխ: Մի բան, որը նրա մոտ, բարեբախտաբար, չի ստացվում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր