Հինգշաբթի , 23 Ապրիլի 2026

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկրում «ասողը» դեռ ինքն է

Նիկոլ Փաշինյանին թվում է, թե երկրում «ասողը» դեռ ինքն է

Thu, 23 Apr 2026 18:45:11 +0400


Ասում են՝ «Ասողին լսող է պետք»։ Բայց լսողին էլ լավ ասող է պետք։ Թավշյա հեղափոխության էյֆորիկ ոգեւորությունը չհաղթահարած Նիկոլ Փաշինյանին թվում է, թե այդ «ասողը» դեռ ինքն է։ Նրա «դարակազմիկ» մտքերից հերթականը՝ «Չեմ մտածում՝ ՀՀ-ում էնքան շունուշանգյալ կա, որ կարող ա ուժեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ուժեղ Հայաստանն» անցկացնեն ԱԺ», շատ քննարկվեց։ Ստացվում է՝ այն ընտրողները, ովքեր ԱԺ ընտրություններին «կհամարձակվեն» ձայն տալ ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկին, շունուշանգյալ են։ Այս տրամաբանությամբ՝ նախորդ ընտրություններում Նիկոլին ու նրա խմբակին ձայն տված եւ իշխանության բերած մեր համաքաղաքացիները շունուշանգյալ չե՞ն, երկրի ապագայով ու ճակատագրով մտահոգված քաղաքացինե՞րն էին։ ՔՊ-ին ու նրա վայ-առաջնորդին ընտրեցին ու իրենց գլխին կառավարիչ կարգեցին, որ մեր երկիրը հասցնեն այս դժնդակ ու ահագնալի օրերին։ Ընտրողներն ի՞նչ ստացան իրենց հավատի դիմաց։ Կորուստները, որ ունեցանք, հատորներ կկազմեն։

Բոլոր քայլերով Նիկոլը Հայաստանին մեկուսացրեց իր դաշնակիցներից եւ նախապատրաստեց մեր պարտությունը։ Կարճատեւ պատերազմում գնաց կապիտուլյացիայի, նրա «հետեւողականության» շնորհիվ մարտունակ ու պաշտպանունակ բանակը պարտություն պարտության ետեւից կրեց ու դարձավ անպաշտպան, անկարող զինվորների խառնամբոխ։ Այսօր էլ ոչ մի դրական քայլ չի արվում բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ։ Նիկոլի կարծիքով՝ մեզ մարտունակ բանակ պետք չէ, ասում է` մեզ «պաշտպանունակ բանակ է հարկավոր»։ Լսում ենք այս հերթական զառանցանքը եւ հարց չենք տալիս՝ ոչ մարտունակ բանակն ինչպե՞ս կարող է պաշտպանունակ լինել։ Ինչո՞ւ է այս վարչախումբը նպատակամղված երկիրը տանում սնանկացման՝ ամեն տարի պետական պարտքն ավելացնելով մեկ միլիարդ դոլարով, այն ծախսելով աննպատակ, մսխելով միջոցները, միլիարդների պարգեւավճարներ ու հավելավճարներ բաժանելով, միայն յուրայինների աշխատավարձերը բարձրացնելով։ Բոլոր ասպարեզներում անմխիթար վիճակ է, ամեն ոլորտում՝ անտերություն։ Օր-օրի ամայանում է սքանչելի մեր երկիրը։

Նայեք ձեր շուրջբոլորը․ ՔՊ այն պաշտոնյաները, որոնք պատերից իջեցնում են Արցախի հերոսների նկարները, մերժում Մասիսն ու մեր անցյալը, ողջունում Նիկոլի հակաեկեղեցական քայլերը, դեռ մի քանի տարի առաջ ամենաշատն էին կուրծք ծեծում Արցախի համար, սրբացնում հայ հերոսներին ու «ամենաթուրքատյացներն» էին։ Բայց բոլորն աղքատությունից վեր են հառնել, պետական ապարատում ամեն մեկն իր «բիզնեսն» ունի։ Էլ ինչո՞ւ ուղեղ լարեն, բիզնես բացեն, եթե պետական բյուջեն կարելի է անվարան բաժան-բաժան անել։ Հիմա էլ ուրախ ավտոբուսներով դուրս են եկել մարզեր՝ բնակիչներից ոչ թե ձայներ մուրալու, այլ՝ պահանջելու։ Ամեն գնով, հնարավոր ու անհնար միջոցներով փորձում են իշխանությունը պահել։ Դրա համար էլ իրենց չընտրողներին շունուշանգյալ են անվանում, պատերազմով սպառնում։ Մի՞թե մեր ժողովուրդն ուշքի չի գալու։ Մի՞թե կրկին սեղմելու ենք ինքնաոչնչացման կոճակը։ Ո՞ւմ համար պարզ չէ, որ այդ դեպքում նոր պատերազմն անխուսափելի է, որովհետեւ «Նիկոլ» եւ «պատերազմ» հասկացությունները նույնական են։ Հաջորդիվ Նիկոլի խոստումներն են կատարվելու եղբայր Ալիեւին՝ փոխելու ենք սահմանադրությունը, հիմքերից խարխլելով հայոց պետականության ողնաշարը։ 300 հազար ազերիների վերադարձն ենք ապահովելու մեր երկիր, «Արեւմտյան Ադրբեջան» կառուցելու նպատակով նոր տարածքային պահանջներ են ներկայացվելու։ Եվ դա անելու է «խաղաղություն ենք ուզում, պիտի հանձնենք, համաձայնենք» կարգախոսով։ Նոր հարձակումների են ենթարկվելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեր դպրոցը, մշակույթը, մեր ինքնության հիմնասյուները։

Հայ ժողովուրդ, թո՞ւյլ ես տալու, որ պետական դավաճանը վերարտադրվի իր պաշտոնում եւ ավարտին հասցնի մեր երկրի կործանումը։ Ի՞նչ է պետք անել։ Այդ հարցին պատասխանը մեկն է` գնալ ընտրատեղամաս ու «ոչ» ասել հայ ժողովրդի ազգակործան այս խառնախմբին։ Սա հերթական քվեարկությունը չէ։ Սա վերջին հնարավորությունն է՝ կանգնեցնելու պետականության վաճառքը։ Կա՛մ մենք տեր կկանգնենք մեր երկրին, կա՛մ կդառնանք մեր պատմության վերջին էջը գրող սերունդը։ Նա հասկանում է, որ իշխանությունը կորցնելուց հետո հայ ժողովուրդն իրեն չի ների։ Նա վախենում է, որովհետեւ չի պատկերացնում, թե ինչ է լինելու իր հետ, եթե զրկվի իշխանությունից։ Նա պատրաստ է մեզ զոհաբերել, միայն թե չկորցնի իշխանությունը։ Շատուշատ մարդիկ համոզված են՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգումը, պայքարը Եկեղեցու դեմ բերելու է հակառակ արդյունքի․ նույնիսկ նրանք, ովքեր հեռու են Եկեղեցուց, չեն ընդունում Կարապետյանին, «Ուժեղ Հայաստանի» ընտրողը չեն, Նիկոլ Փաշինյանին ձայն չեն տալու։

Վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս Պատրիկ Արտեմին մի ծայրահեղ առաջարկ է անում՝ ազգովի արգելափակել նրա ընտրվելու իրավունքը, ուղարկել բանտախուց եւ կազմակերպել արդար ընտրություններ։ Նա համարում է, որ անհնար չէ դա անելը` ընդամենը միացյալ ընդդիմությունը պետք է մի կողմ նետի բոլոր տարաձայնությունները եւ ոտքի կանգնի ընդդեմ «նիկոլշչինայի», ընդդեմ պետության կործանման։ Միացյալ ընդդիմությունը չպետք է կորցնի պատմական պահը։ Հայ ժողովրդի փրկության աստեղային ժամն այսօր է՝ մինչեւ համապետական ընտրությունները։ Այսօր է որոշվում՝ հայությունը կապրի որպես ուժեղ հայրենիք ունեցող ժողովո՞ւրդ, թե՞ շրջմոլիկի պես գոյությունը քարշ կտա օտար ափերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից Thu, 23 Apr 2026 18:35:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով