«Հրապարակ». Նոյեմբերի 9-ի գործով մեղադրյալներին պայմանական են տվել

«Հրապարակ». Նոյեմբերի 9-ի գործով մեղադրյալներին պայմանական են տվել

Tue, 28 Apr 2026 09:45:42 +0400


2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի ստորացուցիչ կապիտուլյացիոն ակտ է ստորագրել, վրդովված մարդիկ, որոնք 44 օր լսել էին, որ «հաղթում ենք», դուրս եկան փողոց: Ինչպես բոլոր երկրներում են նման դեպքերում անում` մարդիկ սկսեցին ջարդել-փշրել, մտնել Ազգային ժողով, Կառավարություն, կառավարական առանձնատներ։ Պատահաբար փողոցում հայտնված ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դաժան ծեծի ենթարկեցին: Նիկոլ Փաշինյանն այդ օրերին թաքնվել էր բունկերում եւ դուրս եկավ օրեր անց, երբ իրավիճակը հանդարտվեց: Այդ բոլոր միջադեպերով քրեական գործեր հարուցվեցին, եւ մինչ օրս քննչական մարմինները քննում են այդ օրվա իրադարձությունները:

2025-ի մայիսին` 5 տարի շարունակ ընթացող քննության շրջանակներում, Քննչական կոմիտեն, նոյեմբերի 9-ի իրադարձություններով, 9 հոգու ձերբակալեց։ Այդ ժամանակ ՔԿ-ն նրանց նկատմամբ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ խափանման միջոց կալանավորում ընտրելու: Պարզ չէր, թե 5 տարի անց ինչ նոր հանգամանքներ էր պարզել ՔԿ-ն, եւ ինչու էին թարմացրել պատերազմի եւ պարտության հետ առնչվող այդ վարույթն ու ընդլայնել մեղադրյալների շրջանակը:

Իրավապահ համակարգում խոսում էին, որ այդ նոր ձերբակալությունները հերթական շոուն ապահովելու ծրագրի մասն են կազմում։ Քաղաքական հրահանգ է իջեցվել բոլոր իրավապահ մարմիններին՝ բռնել, մեղադրել, փակել, վախեցնել ընդդիմությանը եւ իշխանափոխության մասին երազողներին։ Ի վերջո, պարզ է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերի մասնակիցները, մեծ հաշվով, իշխանափոխություն անելու էին դուրս եկել: 2025-ի գարնանը, իրավապահների տարեկան զեկույցների քննարկումների ժամանակ, ՔՊ-ական պատգամավորները նաեւ նոյեմբերի 9-ի դեպքերի մեղավորներին հայտնաբերելու մասին էին խոսում, եւ ՀՀ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, հավանաբար, այդ ելույթներն ուղիղ հրահանգ էին համարել` ուղղված իրենց: Ձերբակալված 9 անձից եւ ոչ մեկին դատարանը 2025-ին չկալանավորեց՝ մերժեցին Քննչական կոմիտեի միջնորդությունները։ Ի դեպ, նշված 9-ից բացի, հետո եւս 2 տասնյակ անձի բռնեցին եւ ներկայացրին կալանքի, որոնց մասով եւս դատարանները մերժեցին կալանք տալու միջնորդությունները։ Պարզ է, որ մեղադրանքներն օդ էին` անհիմն, եւ անգամ իշխանության բուռն շահագրգռությունը չօգնեց, որ մի քանի հոգու կալանք տան՝ շոուն ապահովելու նպատակով:

9 հոգուն առնչվող քրեական գործը հետո անջատվեց եւ ուղարկվեց տարբեր դատարաններ՝ քննության։ Անջատված մասով 4 մեղադրյալի՝ Գեւորգ Ղազարյանի, Հրաչյա Զաքարյանի, Մացակ Արամյանի եւ Սամվել Մնացականյանի վերաբերյալ գործը մտել էր դատարան եւ քննվում էր դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից։ Նրանց՝ բոլորին, մեկ մեղադրանք էր առաջադրված․ «Մասնակցել են զանգվածային անկարգություններին, վնասել գույք»։ Նրանցից մեկի նկատմամբ բացակայելու արգելք էր կիրառվել, մյուս 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն։ 10 ամիս տեւած դատաքննությունից հետո, «Հրապարակ»-ի տեղեկություններով, օրեր առաջ դատավոր Արղամանյանը կարդացել է 4 երիտասարդի դատավճիռը՝ բոլորին թողնելով ազատության մեջ։ Ղազարյանին, Զաքարյանին, Արամյանին եւ Մնացականյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով 5 տարվա փորձաշրջան։

Պարզեցինք, որ մեղադրյալները դատախազության հետ համաձայնության են եկել, ընդունել իրենց մեղադրանքը։ Պաշտպան Վահագն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Համաձայնության վարույթով է եղել, իմ պաշտպանյալը համաձայնել է մեղադրանքի հետ, մեղադրանքն ընդունել է, այդ հիմքով դատարանը դատավճիռ է կայացրել, այսինքն՝ համաձայնություն է կնքվել դատախազության հետ։ Դատարանը համաձայնության վարույթ սկսում է` օրենքը նախատեսում է այն սկսել միայն նախապատրաստական փուլում, բուն դատաքննության չեն անցել՝ համաձայնեցված վարույթի, կնքված համաձայնության պատճառով»։ Մեր դիտարկմանը, թե ստացվում է, որ իր պաշտպանյալները համաձայն են մեղադրանքի հետ, որ դիտմամբ պետական գույքը ջարդուփշուր են արել, փաստաբանը պատասխանեց․ «Ես սահմանափակված եմ իմ պաշտպանյալի ցուցումով եւ կնքված դատավարական փաստաթղթով, դրանից ավել տեղեկատվություն չեմ կարող տալ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին

Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Sun, 15 Nov 2026 21:49:34 +0400 ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի…

7 րոպե ago

Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի

Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Sun, 15 Nov 2026 21:42:52 +0400 Իրանցի գիտնականներին…

14 րոպե ago

Թռիչքը հետաձգվել է ուղեւորի հայտարարության պատճառով

Թռիչքը հետաձգվել է ուղեւորի հայտարարության պատճառով Sun, 15 Nov 2026 21:30:44 +0400 Վոլգոգրադից Մոսկվա չվերթն…

26 րոպե ago

Գյուղացին չգիտի՝ գյուղո՞ւմ է ապրում, թե՞ ճանապարհներին

Գյուղացին չգիտի՝ գյուղո՞ւմ է ապրում, թե՞ ճանապարհներին Sun, 15 Nov 2026 21:15:01 +0400 Մեր գյուղերը…

41 րոպե ago

Հզոր փոթորիկ է մոլեգնել․ ավերածություններ կան

Հզոր փոթորիկ է մոլեգնել․ ավերածություններ կան Sun, 15 Nov 2026 21:00:51 +0400 Ինդոնեզիայում հզոր փոթորիկ…

56 րոպե ago

Այսքան ման եկանք, մենք այդ մեկ հոգուն էլ չենք գտել․ Նարեկ Կարապետյան

Այսքան ման եկանք, մենք այդ մեկ հոգուն էլ չենք գտել․ Նարեկ Կարապետյան Sun, 15 Nov…

1 ժամ ago