Ծնկած ապրում ենք հենց Նիկոլի օրոք
Fri, 08 May 2026 00:15:16 +0400

Բախտի բերմամբ ԱԺ նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող Սիմոնյան Ալենի ասելով, «կա՛մ ծնկած ապրում ենք ինչ-որ մեկի սապոգի տակ և ձեններս կտրում ենք, կա՛մ փորձում ենք առանց պատերազմի մեր պետությանը տեր կանգնել»:
Ինչպես տեսնում ենք, Ալենի դարակազմիկ այս դատողությունը բաղկացած է երկու մասից: Քննարկենք այդ մասերն առանձին-առանձին: Առաջին մասում խոսվում է օտարի սապոգի տակ ծնկած և անմռունչ ապրելու մասին: Ենթադրվում է, որ, այսպես կոչված, ինչ-որ մեկի սապոգը ռուսականն էր, իսկ ծնկած ապրելն էլ տեղի է ունեցել նախկինների օրոք: Չբավարարվելով բազմիցս չարչրկված խոսույթով՝ Ալենն իր կողմից ավելացրել է «ձեններս կտրում ենք» նախադասությունը:
Փորձենք լուսավորել Ալենին՝ որքան էլ դա լինի բարդ: Ես իմ կյանքի համարյա առաջին կեսն ապրել եմ խորհրդային երկրում: Որքան էլ խնդիրներ ունեինք՝ հայությունը մեծ հաշվով հսկայական զարգացում ապրեց: Ու դաստիարակվեց հայրենասիրությամբ, որի արդյունքում հաղթեց թշնամուն ու լցվեց ազգային արժանապատվությամբ: Ինչը չէր կարող չհանգեցնել անհատական արժանապատվության բարձրացմանը: Իսկ արժանապատիվ մարդը չի կարող ապրել օտարի սապոգի առջև ծնկած: Այդպես ուղղակի չի լինում: Այդպիսի մեկը միշտ փորձում է պահպանել իր ինքնությունը: Եվ գրագետ վարքագիծ դրսևորել հզորների միջավայրում: Ինչը, ցավալիորեն, մեր այս օրերին բացակայում է: Դժբախտաբար, հոգեբանությունից կիլոմետրերով հեռու Ալենը դա կարող է և չընկալել: Հատկապես որ դրան նպաստում է իշխանական կերակրատաշտին խիստ մոտ լինելը:
Ի դեպ, Արցախյան առաջին պատերազմի սկզբում ռուսական սապոգը թշնամու կողմից էր՝ հիշենք Արցախում իրականացված «Օղակ» գործողությունը: Իսկ հայը պայքարում էր հենց այդ սապոգի դեմ՝ ի դեմս, ասենք, Թաթուլ Կրպեյանի: Մնաց առաջին մասի «ձեններս կտրում ենք» արտահայտությունը: Եթե այդպես լիներ, ապա նախկինների օրոք Հայաստանը չէր ներառվի Եվրամիության բազմաթիվ ծրագրերում: Դա անել նա չէր համարձակվի, ու դա ուղղակի նրան չէր թույլատրվի: Հայաստանը չէր ներառվի Ֆրանկոֆոնիայի գործընթացում՝ դա ևս չէր թույլատրվի: Հայաստանը չէր ներառվի ՆԱՏՕ-ական տեղեկատվական կենտրոնի և բազմաթիվ այլ ծրագրերում: Որովհետև այդ ամենը նրան չէր թույլատրվի, ու նա չէր էլ մտածի, որմհնարավոր է դա անել: Բայց այդ ամենը եղել է նախկինների օրոք, այնպես որ ո՛չ ծնկած ենք ապրել և ո՛չ էլ ձեններս կտրած:
Անցնենք Ալենի դատողության երկրորդ՝ հայրենասիրական մասին: Որտեղ խոսվում է առանց պատերազմի պետությանը տեր կանգնելու վերաբերյալ: Ասեմ, որ այդ արտահայտությունը Ալենի առաջնորդ Նիկոլը չի հնարել: Այն գոյություն ուներ 2000-ականների սկզբին, ձևակերպողն էլ եղել է ԱԺՄ փոխնախագահ (վաղուց արդեն լուսահոգի) Ալեքսանդր Բուտաևը: Նրա նախաձեռնությամբ ձևավորվեց «Մենք ենք տերը երկրի» շարժումը, որին մասնակցել է նաև տողերիս հեղինակը: Շարժումը, ինչպես մնացած բոլոր շարժումները, մարեց, իսկ այնուհետև կյանքից հեռացավ մեր ավագ ընկերն ու խորհրդատուն: Այդ ժամանակ Նիկոլն արդեն ակտիվ քաղաքականության մեջ էր: Ու վստահորեն տեղյակ էր այդ շարժումից: Մեկ ուրիշը լիներ՝ այդ արտահայտությանը դիմելիս գոնե մեկ-մեկ կհիշատակեր, թե ով է եղել առաջին ձևակերպողը մեզանում:
Բայց դե, բնականաբար, Նիկոլը նման բան անել ուղղակի չի կարող՝ այլապես Նիկոլ չէր լինի: Ինչևէ, վերադառնանք ալենական դատողությանը: Պետությանը տեր կանգնելուն ոչ-ոք դեմ չէ: Ու նախկինների օրոք դա արվում էր առավելագույն արդյունավետությամբ: Պետությանը տեր էր կանգնած իշխանությունը՝ որքան էլ դրան սիրեինք կամ չսիրեինք: Պետությանը տեր էր կանգնած Հարավային Կովկասի լավագույն և ամենամարտունակ բանակը: Իսկ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ապրում էինք անվանգ ու ապահով պետությունում: Առանց պատերազմի նկատմամբ վախի: Ու երբ թշնամին 2016-ին փորձեց պատերազմել՝ մեր բանակը ջարդեց նրա ատամները:
Այսօր իրականությունը շուռ է եկած 180 աստիճանով: Մենք ապրում ենք պատերազմի վախի մթնոլորտում: Չնայած Ալենին ԱԺ նախագահի պաշտոնում նշանակող անձն անընդհատ հայտարարում է, թե արդեն խաղաղություն է հաստատված: Ընդ որում, պատերազմի վախն, իրենից անկախ, սպրդել է նաև ալենյան դատողության մեջ: Որովհետև եթե իսկապես խաղաղություն հաստատված լիներ, դա, նախ, տեղի չէր ունենա: Եվ երկրորդ, Ալենի առաջնորդը քարոզչական ելույթներում մարդկանց չէր վախեցնի պատերազմի ուրվականով: Ճիշտ է, այն ներկայացված է իրեն հարազատ՝ «կռուտիտի» ոճով, բայց դրանից էությունը չի փոխվում: Քանի որ հաստատված խաղաղության պայմաններում ով էլ լինի երկրի ղեկավար՝ հաստատված խաղաղությունը դրանից չի վերափոխվի պատերազմի:
Այնպես որ այդ մեկ դատողության մեջ հերթական անգամ դրսևորվել է գործող իշխանության՝ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու կրեդոն՝ հավատո հանգանակը: Ինչ մնում է Ալենի կողմից 44-օրյա պատերազմի արդյունքով հակառուսականությունը հիմնավորելուն, դրա համապատասխանությունն իրականությանը կպարզվի իշխանափոխությունից հետո: Մինչ այդ վերհիշենք լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից հրապարակված ինֆորմացիան. խոսքը հայ ժողովրդին պատած՝ ծանր պատերազմի շոկի ներքո Արցախից ազատվելու մասին էր: Ինչի մասին լրագրողն իմացել էր 2019-ին, ազգությամբ հրեա բլոգեր Լապշինից, ով հետո հրաժարվել էր իր խոսքերից, դիմել էր հայաստանյան դատարան ու շահել էր դատը: Ինչը բնական երևույթ է աննորմալ իրականությունում, բայց կարևորն այն է, որ Նաիրին պահպանել է ձայնագրությունը:
Իրականում ճշմարտությունն այն է, որ ծնկած ապրում ենք հենց Նիկոլի օրոք, ու ոչ թե ռուսն է, այլ մեր դարավուր թշնամու մի առանձին ճյուղը՝ ադրբեջանցի անվանյալ: Ճիշտ է, ինձ նմանները չեն ծնկած, սակայն եթե մեր երկրի վարչապետը ծնկած է, ապա դա վեաբերում է նաև մեզ՝ ցանկանանք, թե ոչ: Ինչ մնում է ձեններս կտրելուն, ապա դա վերաբերում է միայն գործող իշխանությանը: Որովհետև մենք խոսում ենք՝ փորձելով բացել մարդկանց աչքերը: Մնում է, որ հունիսի 7-ին կարողանանք նաև տեր կանգնել մեր պետությանը: Բնականաբար, առանց պատերազմի, քանի որ պատերազմ բերել ու դեռևս բերելու է Ալենի առաջնորդը՝ դա քողածածկելով «խաղաղություն» եզրույթով: Եթե, իհարկե, նրան հաջողվի վերարտադրվել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր