«Ընտրյալները». նոր սերիալ, որն արժե դիտել

«Ընտրյալները». նոր սերիալ, որն արժե դիտել

Tue, 12 May 2026 21:00:24 +0400


«Ընտրյալները» սերիալը ժամանակակից կրոնական ժանրի ասպարեզում եզակի գործ կարելի է համարել։ Առհասարակ, կրոնական ժանրն այն քիչ ժանրերից է, որը երբեք չի հնանում, եւ կինոռեժիսորները գրեթե միշտ ձգտում են այս ժանրի ֆիլմ նկարահանել, հատկապես՝ քրիստոնեական Սուրբ Գրքի սյուժեներով։

«Ընտրյալները» նախագծի ռեժիսորը Դալաս Ջենքինսն է։ Պրեմիերան կայացել է 2019 թվականին, որից հետո այն արագորեն ձեռք է բերել լայն ճանաչում։ Ավետարանի ավանդական էկրանավորումներից այն տարբերվում է նրանով, որ առաջարկում է բազմասերիանոց պատմություն, որի առանցքում ոչ միայն Հիսուս Քրիստոսի Անձն է, այլեւ Նրա եւ Նրա աշակերտների ներաշխարհը, Նրա ժամանակակիցներն ու հետեւորդները։ Նման մոտեցումները թույլ են տալիս ընդլայնել դրամատուրգիական տարածությունը, խորացնել կերպարների հոգեբանական մշակվածությունը։

Նկատենք, որ Դալաս Ջենքինսը հայտնի քրիստոնեական-բողոքական հեղինակ Ջերի Բ․ Ջենքինսի որդին է։ Նա նախկինում մի քանի կինոնախագիծ է իրականացրել, բայց լուրջ հաջողություններ չի ունեցել։ Եվ, ահա՝ որոշել է ստեղծել Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի մասին պատմող բազմասերիանոց նախագիծ։ Սերիալի ֆինանսավորման մեծ մասն ապահովվել է քրաուդֆանդինգի, այսինքն` մեծ թվով անձանց կողմից ֆինանսավորման միջոցով, ինչը թույլ է տվել լինել զգալիորեն անկախ, իսկ նախագիծը դարձնել մեդիա առումով հաջողված եւ աշխատող։

Ուշագրավ է նաեւ այն, որ, ի տարբերություն Ավետարանի ավանդական էկրանավորումների, այս նախագիծը տարածվել է հիմնականում ցանցային տարբերակով՝ հատուկ հավելվածների միջոցով եւ ինտերնետ հարթակներով, այլ ոչ թե հեռուստատեսությամբ։ Դա ժամանակակից իրականության պայմաններում ապահովել է սերիալի շատ ավելի արագ եւ մեծ լսարանում տարածվելը։ «Ընտրյալները»՝ որպես բազմասերիանոց նախագիծ, լիամետրաժ կինոնկարին հատուկ ժամանակային սահմանափակման տակ չի եղել։ Բացի այդ, սերիալային տարբերակը թույլ է տալիս կերպարների բնավորությունները բացահայտել աստիճանաբար։ Հատուկ ուշադրություն են դարձրել երկրորդական կերպարներին՝ Նիկոդեմոսին, Մատթեոսին, Մարիամ Մագդաղենացուն, առաքյալներին ու աշակերտներին, ավետարանական պատմության մյուս հերոսներին։ Որոշ տեսարաններ առհասարակ ուղիղ կապված չեն տեքստի անալոգների հետ, որոնք կան կանոնական Ավետարաններում եւ ներկայացնում են գեղարվեստական մեկնաբանություններ կամ վերակերտումներ։

Հիսուս Քրիստոսի կերպարում հանդես է եկել Ջոնաթան Ռումին։ Հիսուս Քրիստոսի նրա կերպավորումը բավականին յուրահատուկ է։ Նրա մեկնաբանությամբ՝ Հիսուս Քրիստոսը ե՛ւ սակրալ է՝ Աստվածորդի, ե՛ւ մարդ՝ ունակ մարդկային ապրումների՝ հումորի, ընկերության, բարեկամական հաղորդակցման, կարեկցանքի։ Նման մեկնաբանությունը կերպարն ավելի մոտ ու հարազատ է դարձնում կինոդիտողին, նաեւ՝ ավելի համապատասխանում է ժամանակակից աստվածաբանական-քրիստոսաբանական պատկերացումներին, որտեղ ուշադրություն է դարձվում Հիսուս Քրիստոսի մարդկային բնությանը։ Այս ամենով հանդերձ, կա հստակ բալանսավորում Հիսուս Քրիստոսի մարդկային եւ աստվածային էությունների միջեւ։ Քարոզները, հրաշագործությունները եւ Նրա երկրային կյանքի մեսիանական ասպեկտները սերիալում շարունակում են լինել առանցքային։ Եվ սա պատահական չէ, քանի որ նախագիծը հիմնված է կանոնական նորկտակարանական գրքերի՝ չորս Ավետարանի վրա, որքան էլ սցենարում շատ են հոգեբանական կամ կենցաղային էլեմենտները։ Սերիալը հատկապես հետաքրքիր կլինի դիտել նրանց, ովքեր անտարբեր չեն քրիստոնեական կինոարվեստի նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում երկրաշարժ է գրանցվել Fri, 04 Sep 2026 21:30:49 +0400 Վրաստանում այսօր` սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ…

11 րոպե ago

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ

Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ Fri, 04 Sep 2026 21:27:44…

14 րոպե ago

Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում

Արցախցիներին քաշքշուկների մեջ են գցում Fri, 04 Sep 2026 21:15:54 +0400 Ստեփանակերտում ապրած, Արցախից բռնագաղթած…

26 րոպե ago

Ճշմարտության եւ կեղծիքի սահմանին. Ալիս Վայդելի «հրահրված» խոսքն ու իրական քաղաքականությունը

Ճշմարտության եւ կեղծիքի սահմանին. Ալիս Վայդելի «հրահրված» խոսքն ու իրական քաղաքականությունը Fri, 04 Sep 2026…

27 րոպե ago

«Ռոբոտների մանկապարտեզ» է բացվել

«Ռոբոտների մանկապարտեզ» է բացվել Fri, 04 Sep 2026 21:00:40 +0400 Չինաստանում բացվել է աշխարհում առաջին…

41 րոպե ago

Խայտառակ պարտության դառնահամը

Խայտառակ պարտության դառնահամը Fri, 04 Sep 2026 20:45:23 +0400 Այսօր Ֆեյսբուքում աչքովս ընկավ Հասմիկ Բաբաջանյանի…

57 րոպե ago