Նորօրյա Անտիգոնե․ Սպարապետի վերջին մահը
Thu, 14 May 2026 18:15:09 +0400

Ես հավատում եմ անդրշիրիմյան կյանքին, հավատում եմ, որ մարդիկ վերեւից ամեն ինչ տեսնում են, ու հավատում եմ, որ վերջում մարդիկ անպայման հանդիպում են երկնքում։ Ու սա կրոնական կամ սնոտիապաշտական կամ որեւէ այլ ոչ աշխարհիկ հավատ չէ։ Սա քաղաքական հավատամք է այս պահին․ այսօր զուտ քաղաքական դրդապատճառներով ես ջերմեռանդ հավատում եմ, որ հանդիպելու են ամպերի մեջ Սարգսյան եղբայրները։ Մինչեւ հիմա դրա մասին չէի մտածել, ինձ թվում էր՝ դե, կարելի է ընդունել մարդկային թուլությունները։ Բոլորը հերոս չեն, կարող է մեկ ընտանիքում մի եղբայրը հերոս լինել, մեկը՝ թուլամորթ, անգամ՝ դավաճան։ Ամեն ինչ էլ կարող է պատահել։ Սոֆոկլեսի «Անտիգոնեն» հիշենք․ եղբայրներից մեկը՝ դավաճան, մյուսը՝ հայրենասեր, հանուն հայրենիքի մենամարտում են ու սպանում իրար, բայց կար Անտիգոնեն, որ դավաճանին էլ ուզեց անթաղ չթողնել, այլ նրա հերոս եղբոր պատիվներին արժանի հանձնել հողին։ Ուրեմն աշխարհի չափ հին են ե՛ւ հերոսությունը, ե՛ւ դավաճանությունը, ե՛ւ ներողամտությունն ու ներումը։
Բայց, միեւնույն է, միամիտ զարմանք է մեզ պատում, երբ սպարապետի եղբայրը հանգիստ լսում, ընկալում եւ մարսում է՝ «Արցախյան շարժումը մեր ճակատագրական սխալն էր», «Արցախը երբեք չի եղել մերը» եւ նմանատիպ մյուս զառանցանքները։ Դեռ 18-ին զարմանալի թվաց, երբ մի նորահայտ կեղծ «երկրապահ» «պոռաց», թե այս հեղափոխությունը մեր ժողովրդի համար ավելի կարեւոր էր, քան արցախյան հերոսամարտը։ Հենց այդպես ասաց այդ հակահերոսը մեր հերոսամարտի մասին։ Ու հարց ծագեց՝ ինչպե՞ս է սա հնչել սպարապետի եղբայրների ականջին, սա դուրեկա՞ն է արդյոք հնչել։ Սպարապետի վարչապետ եղած եղբայրը լսում ու մարսում է, ասում է՝ սատարելու ենք այդ բառերի հեղինակին ու այդ մտքերով «առա՛ջ» «պոռացող» քաղաքական խառնամբոխին։
Այսօր, ուրեմն, սպանվում է սպարապետը։ Նա սպանվել է շատ անգամ, քանի որ մահապարտ էր, տարել էր տղաներին մարտի դաշտ՝ որպես մահապարտ, ու ամեն մեկի հետ հերթական անգամ սպանվել էր այնտեղ՝ «ուրիշի» հողում։ Երբ սպանվեց ֆիզիկապես Ազգային ժողովի դահլիճում, թվաց, թե դա վերջին դավադրական մարտն էր․ գնաց, հերոսացավ, ու ավարտվեց կյանքի-մահու նրա պայքարը։ Բայց վերջի՞նը։ Ո՛չ, դա չէր։ Վերջին անգամ նրան սպանում են ու թաղում մոռացումի անպատիվ հողի մեջ՝ այսօր։ Այսօր ասում են, որ նա սպարապետ չէր, նա սխալմամբ մեզ մահվան ու տասնամյակներով պատերազմի մեջ թաղած մարդ էր, այնքան մահերի համար մեղավոր, որ գրեթե հասկանալի է դարձնում իր վերջին մարտի տրամաբանությունը։ Իրենց մեղքը ճարպկորեն տեղափոխում են հերոս սպարապետի վրա, իրենց պատճառով զոհվածների ծանր բեռը գցում նրա ուսերին։ Ու անհնար թվացող այդ արկածում նրանց օգնում է սպարապետի ընտանիքը։
Հասկացեք՝ նա կա՛մ հերոս է, որ ազատագրել է մեր հողը թշնամուց ու դրել մի ծաղկուն երկրի հիմքերը, կա՛մ մարդկանց մահվան առաջնորդած մոլորյալ, որ մեղավոր է այսքան մահվան ու արյան համար։ Նա կա՛մ սպարապետ է, որ զենքը ձեռքին առաջնորդել է մահապարտներին դեպի բարձունք, կա՛մ սերունդներին մահվան տարած մոլագար։ Այն ժամանակ, երբ բարձունքը մերն էր, բայց տղերքը չկային․․․ տղերքը հերոս էին՝ ոչ թե սխալված, համառ ահաբեկիչներ, ուրիշի հողը գրաված ագրեսորներ, իսկ հիմա այդպես չէ։ Երկուսը միաժամանակ լինել չի կարող։ Այս իշխանություններն իրենց սխալը ճիշտ դարձնելու, իրենց կաշին փրկելու համար սպանում, ոչնչացնում, պատվազրկում են այն տղերքին, որոնք հանուն բարձունքի տվեցին իրենց կյանքը ու հատկապես՝ հենց այդ սպարապետի առաջնորդությամբ։
Թեկուզ աշխարհը կանգնի, ասի, թե նրանք թույլ են տվել ճակատագրական սխալ եւ խորթ ու համառ, բայց ահավոր սխալ մեզ առաջնորդել են դեպի մարտադաշտ, մեզ տարել են իմացյալ մահվան, երբ իրենց համար անգամ չիմացյալ էր, թե ինչպիսի ճակատագրական սխալ են անում, միեւնույն է, այդ՝ իրեն ընդդեմ աշխարհում անգամ սպարապետը պետք է ունենար մի փաստաբան, մի պաշտպան, ու դա պետք է լիներ առնվազն իր եղբայրը։
Այսօր Արամ Սարգսյանը, մի կես տոկոս ձայն ունենալով, մասնակցում է ընտրություններին՝ այդ կես տոկոսի չնչին օգուտը գոնե տալու նրան, ով որոշել է այսպես վերացնել սպարապետին, ընդ որում՝ ոչ միայն նրա գործը հարամել, այլ նաեւ՝ անունը, հիշատակը ցեխի հետ շաղախել, վարվել թուրքի պես, հրճվանք պատճառել թշնամուն, ասել, որ մեր հերոսը, մեր սպարապետը սխալ էր՝ երիցս, անուղղելի եւ ճակատագրական սխալ։
Հիմա ո՞վ է սխալ, ո՞վ է բնության սխալը, ո՞վ է սխալ ծնվել այս ընտանիքում․ ամեն ինչի խառնաշփոթ այս աշխարհում մենք չենք հասկանա մինչեւ հունիսի 7-ը։ Հունիսի 7-ին Արամ Սարգսյանը եւ անսկզբունք ագրեսիվների իր փոքրիկ կեստոկոսանոց թիմը կգնան ընտրատեղամաս ու այնտեղ կքվեարկեն։ Կա՛մ կորոշեն, որ սպարապետը ճիշտ էր, շարժումը ճիշտ էր, Արցախը, թեկուզ արդեն կործանված, բայց մերն էր, կա՛մ կորոշեն, որ իրենք են ճիշտ ու, այդպիսով՝ իրենք են բնության սխալմունքը։ Կասկածից վեր է, որ կլինի երկրորդ տարբերակը։ Այդ պատճառով ես ջերմեռանդորեն հավատում եմ, որ եղբայրները հանդիպելու են վերջում, ու եթե սպարապետը ներելու է եղբորը, ուրեմն մենք ո՞վ ենք, որ չներենք։ Ու որքան էլ այս ամենը զզվելի է, ես կլինեմ նորօրյա Անտիգոնեն, որովհետեւ այս ամենը իսկական ողբերգություն է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր