«Հրապարակ». Դիվանագիտությունը վերածել են մանր շուստրիության

«Հրապարակ». Դիվանագիտությունը վերածել են մանր շուստրիության

Fri, 15 May 2026 12:15:46 +0400


ՌԴ նախագահ Պուտինը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, լրագրողների հարցին պատասխանելով ասաց, որ ժամանակ է տալիս Նիկոլ Փաշինյանին՝ վերջնական որոշում կայացնելու՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Անգամ առաջարկեց հանրաքվեի դնել այդ հարցը, որ հայ ժողովուրդն իր դիրքորոշումը հայտնի եւ եթե համաձայն է, գնանք «փափուկ ապահարզանի»: Դրան հաջորդեցին ՌԴ-ի կողմից բազմաթիվ հայտարարություններ: ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններ արեց, Կոմկուսի առաջնորդ Զյուգանովը հայտարարեց, որ վերընտրվելու դեպքում պետք է Փաշինյանի մուտքը Ռուսաստան փակել եւ այլն: «Հրապարակը» զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ:

– Կհաջողվի՞ «փափուկ ապահարզան» իրականացնել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, եթե զարգացումները գնան այնպես, ինչպես նախատեսել են այս իշխանությունները:

– Պիտի լինի ապահարզանը, որպեսզի հասկանալի լինի՝ փափուկ է, կոշտ է: Միայն ձեւակերպումներով դատելը դժվար է, եւ այստեղ անկասկած է, որ այդ գործընթացը լինելու է շատ բարդ ու բազմաշերտ, եթե այդպիսի իրավիճակ ձեւավորվի, եւ եթե իրադարձությունների ընթացքը հասնի այդ կետին: Ես, այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ հայտարարություններն ավելի շատ իրավիճակային տրամադրությամբ արվող հայտարարություններ են, որոնց ընդհանուր համատեքստն այն է, որ Ռուսաստանը պարզապես Երեւանի համար բարձրացնում է իր շահերի գինը նախընտրական այս պրոցեսում՝ տեսնելով, որ մյուս աշխարհաքաղաքական խաղացողները եւս իրենց գինն են թելադրում եւ բարձրացնում են խաղադրույքները Երեւանի հետ հարաբերություններում:

– Իսկ դա ի՞նչ կարժենա Հայաստանի համար, ենթադրենք՝ հայկական կողմն ընդունեց խաղի այդ կանոնները:

– Որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնին վճարվելիք գինը չի լինում թեթեւ եւ չի լինում տանելի: Ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերություններում եթե բանը հասնում է գին վճարելուն, ապա այդ գինը լինում է բավականին ծանր: Եվ դա է պատճառը, որ մշտապես կարեւոր է չդառնալ այդպիսի գործընթացի մասնակից, չբերել հարաբերություններն այդպիսի կետի, երբ, այսպես ասենք, դիվանագիտությունը, ներողություն եմ խնդրում ընթերցողից մի քիչ ժողովրդական եւ ոչ գրական այս ձեւակերպման համար, վերածվում է մանր շուստրիության: Բայց, ցավոք սրտի, մենք գործ ունենք Հայաստանի արտաքին քաղաքականության այսպիսի տրանսֆորմացիայի հետ: Եվ այստեղ էական չէ՝ դա արվում է Ռուսաստանի հանդեպ, Եվրամիության հանդեպ, Միացյալ Նահանգների, թե որեւէ մեկի: Բնական է, որ Ռուսաստանից Հայաստանն ունի սոցիալ-տնտեսական մեծ կախվածություն, եւ խնդիրներն առաջին հերթին հարվածելու են հասարակությանը՝ այդ ուղղությամբ: Բայց սրանով չի սահմանափակվում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում եւ Կովկասում՝ ընդհանրապես, որքան էլ առերեւույթ այդ ազդեցությունը զգալիորեն նվազել է, եւ որքան էլ թուլացել է Ռուսաստանի ներուժը: Բոլոր դեպքերում, չի կարելի հարաբերությունները որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հասցնել մի կետի, երբ անգամ իրավիճակային տրամաբանությամբ այդ կենտրոնները պետք է, կամ անհրաժեշտ են համարում խոսել, ահա, այդպիսի հռետորաբանությամբ:

– Կալուգինը հայտարարել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում զիջել Հարավային Կովկասում իր ազդեցությունը, եւ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասի «3+3» ձեւաչափի պահպանմամբ: Սա ինչի՞ մասին է:

– Ռուսաստանը տեւական ժամանակ ռեգիոնում գործում էր մարտավարական նահանջի տրամաբանությամբ՝ հաշվի առնելով ուկրաինական ճակատում խնդիրները, մեծ ջանքեր, ռեսուրսներ պահանջելը: Կախված Ուկրաինայի ուղղությամբ իրավիճակի որոշ փոփոխությունից կամ միտումներից, ինչպես նաեւ՝ կախված այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները բավականին բարդ վիճակում հայտնվեց Իրանի ուղղությամբ, եւ խորքային առումով փոխվում է Իրանի դերը լայն ռեգիոնալ համատեքստում, Ռուսաստանը կարող է ավելի ակտիվացնել իր քաղաքական հետաքրքրությունը կովկասյան ռեգիոնի ուղղությամբ, իսկ այն, որ Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Կովկասից, ես մատնանշել եմ բազմիցս, եւ այդ թվում մի առանցքային հանգամանք՝ դա ռուս-իրանական ռազմավարական գործընկերության մեծ պայմանագիրն է, որը կնքվեց 2025 թ․ հունվարին: Այդ պայմանագրի առանցքային ազդեցության ուղղություններից մեկը նաեւ կովկասյան ռեգիոնն է, պարզապես փոխվում է Ռուսաստանի ավանդական գործելաոճը կամ մեթոդաբանությունը ռեգիոնալ քաղաքականության տեսանկյունից: Բնական է՝ այդ փոփոխությունը շատ տեւական ժամանակահատված պահանջող երեւույթ է, որովհետեւ խոսքը շատ մեծ տրամաչափ ունեցող աշխարհաքաղաքական խաղացողի եւ աշխարհաքաղաքական պրոցեսների մասին է, բայց դրանց տրամաբանությունը հենց դա է:

– Կալուգինը խոսել է նաեւ այն մասին, որ ՌԴ առաջարկը՝ ԱԷԿ-ի մասով, կարող է բավարարել Հայաստանի կարիքները մեկ տարով: Այդպես ուզում են ցույց տալ, որ վերադարձի ինչ-որ պատուհա՞ն են թողնում, եթե հակառուսականության գծից դուրս գանք:

– Ես չեմ կարծում, որ Երեւանը հակառուսականության գծի մեջ է: Ես կարծում եմ՝ Երեւանը պարզապես փորձում է մանեւրել աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ՝ լուծելու Հայաստանում իշխանության հարցը, եւ այս համատեքստում նաեւ տեղի են ունենում հայ-ռուսական պրոցեսում որոշակի առերեւույթ զարգացումներ, որոնք ստեղծում են հակառուսականության տպավորություն: Իմ գնահատմամբ, դա պարզապես տպավորություն է, որովհետեւ պրոցեսների տրամաբանությունը որոշակիորեն այլ է:

– Պուտինն առաջարկում էր ռեֆերենդում անցկացնել՝ հասկանալու․ հայ ժողովուրդն ուզո՞ւմ է գնալ ԵՄ, թե՞ ուզում է պահպանել ՌԴ-ի հետ դաշնակցային ֆորմատը: Պուտինն իսկապե՞ս հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները դա կնախաձեռնեն, թե՞ այլ բան նկատի ուներ:

– Իմ գնահատմամբ, այս հայտարարությունն այն մասին է, որ Ռուսաստանն իր շահերի տեսանկյունից, իր համար հետաքրքրական հարցերի տեսանկյունից սահմանելու է բավականին բարձր խաղադրույքներ եւ մտադիր չէ հետ մնալ, դիցուք, Եվրամիությունից: Միեւնույն ժամանակ, այս հայտարարություններով փորձ է արվում Երեւանի համար խորհրդարանի ընտրության գինը բարձրացնել, այսպես ասենք, Ռուսաստանի հանդեպ՝ տեսնելով, թե ինչպես են իրենց համար գինը բարձրացնում մյուս աշխարհաքաղաքական կենտրոնները: Ինչ վերաբերում է բուն թեմային, ապա այստեղ ընդամենը Պուտինը բարձրաձայնել է այն, ինչն ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ: ՀՀ Սահմանադրության 205 հոդվածով ամրագրված է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցումը պետք է լինի հանրաքվեով։ Այլ կերպ ասած՝ այստեղ հարցն այն չէ, թե Հայաստանի իշխանությունը Պուտինի առաջարկը կամ հորդորը լսելու է կամ չի լսելու։ Այստեղ կա Հայաստանի սահմանադրության պահանջ, ու Պուտինի բարձրաձայնածը դե ֆակտո հենց այդ պահանջի մասին է, եւ անկախ նրանից՝ Պուտինը կխոսեր այդ մասին, թե ոչ, Հայաստանի սահմանադրությունը պարտադիր է Հայաստանի իշխանության եւ քաղաքացիների կատարման համար: Հետեւաբար, այդ ամենից անկախ, եթե կա վերպետական կառույցին անդամակցելու հարց, ապա այդ հարցը Հայաստանի սահմանադրությամբ պետք է լուծվի հանրաքվեի միջոցով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե դա լինի, մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ է բերելու

Եթե դա լինի, մեր ժողովրդի գլխին նոր փորձություններ է բերելու Fri, 15 May 2026 11:22:31 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով