Ում դեմ է կազմակերպվում զորահանդեսը

Ում դեմ է կազմակերպվում զորահանդեսը

Fri, 15 May 2026 18:15:13 +0400


Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հանրապետության հրապարակում զորահանդես ցուցադրել։ Զորահանդեսը ռազմական ուժի եւ հնարավորությունների ցուցադրություն է, որով երկիրը թշնամիներին ցուցադրում է իր ռազմական հնարավորությունները, իր տարածքը եւ քաղաքացիներին պաշտպանելու կարողությունը: Ադրբեջանը, զարմանալիորեն, չի բողոքում, կարող էր, չէ՞, ասել, որ իրենք համարում են, որ այդ զենքն ու զինտեխնիկան ուղղված են իր դեմ, որ դա հայկական ռեւանշիզմի դրսեւորում է: Չի բողոքում, քանի որ համոզված է, որ այդ զորքը, զենքն ու զինտեխնիկան Ադրբեջանի հետ բացարձակ կապ չունեն: Այդ դեպքում ինչի՞ համար է զորահանդեսը, ո՞ւմ դեմ է այն ուղղված:

Մի քանի տեսակետ է շրջանառվում, ըստ որոնց՝ զորահանդեսն ունի նախընտրական նպատակ՝ իշխանության կողմից հասարակությանն իր ուժը ցուցադրելը։ Այսինքն, զորահանդեսն ուղղված է ոչ թե երկրի արտաքին թշնամուն, այլ՝ ներքին ընդդիմությանը, հասարակության այն հատվածին, որը պատրաստվում է դեմ քվեարկել իշխանությանը: Զենք ու զորք ցուցադրելով սեփական հասարակությանը՝ Փաշինյանն ուզում է ասել, թե, տեսեք` ինչի հետ գործ ունեք, ինչի դեմ եք դուրս գալիս: Սա թույլ փաստարկ է, քանի որ եթե անգամ նա գնա նման խելահեղության եւ որոշի բանակն օգտագործել ներքաղաքական նպատակներով, բանակը դրան չի գնա, զինվորականությունը` սպաներն ու շարքայինները, սեփական ժողովրդի վրա զենք չեն օգտագործի: Նախընտրական մյուս նպատակը կարող է լինել սեփական թալանը մի քանի կտոր երկաթով արդարացնելը․ 8 տարվա ընթացքում 8 միլիարդից ավելի պետական պարտք են կուտակել, եւ այդ ցուցադրությամբ փորձելու են այդ գումարը դուրս գրել զինտեխնիկայի գնման վրա: Բայց գլխավոր հարցը, այնուամենայնիվ, կմնա այն, թե ում դեմ են ուղղված այդ զենքն ու զինամթերքը, եթե Հայաստանում վերջնական խաղաղություն է հաստատված, եթե Ադրբեջանն այլեւս թշնամի չէ եւ չի սպառնում Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ի՞նչ իմաստ ունեն այդքան փող ծախսելն ու զենք-զինամթերք գնելը:

Իրականում, զորահանդեսն ուղղված է Ռուսաստանի եւ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության դեմ: Փաշինյանն իր զորահանդեսով ուզում է վախեցնել Ռուսաստանին, այդ երկրի քաղաքական եւ ռազմական իշխանություններին, երեւի ուզում է ցույց տալ, որ իր իշխանությունն այնքան էլ անպաշտպան չէ, եւ հարկ եղած դեպքում իրենք կարող են նաեւ զենքով եւ զորքով պաշտպանվել: Մի քիչ աբսուրդ է թվում, չէ՞, բայց հենց այդպես է: Եվ ահա թե ինչու:

Փաշինյանը եւ նրա թիմակիցներն արդեն մի քանի ամիս է՝ համառորեն հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղում, որի նպատակը Հայաստանը ռուսական գուբերնիա դարձնելն է, այսինքն՝ Ռուսաստանին բռնակցելը, եւ դրա դեմ իրենք հերոսական պայքար են մղում՝ թույլ չտալու ռուսական ծրագրերի իրականացումը, եւ նույնիսկ արտաքին օժանդակություն են խնդրում ու ստանում այդ նպատակի իրականացման համար: Ի՞նչ է հիբրիդային պատերազմը, կամ՝ ի՞նչ է հիբրիդայինը։ Սա նշանակում է, որ պատերազմը վարվում է տարբեր ճակատներով եւ միջոցներով, ոչ միայն ռազմի դաշտում, զենքով եւ զինամթերով, այլ նաեւ՝ տեղեկատվական, քարոզչական, տնտեսական: Մինչեւ հիմա տեսանելի են եղել այդ, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի այլ կոմպոնենտներ. քարոզչականն այն է, որ Ռուսաստանը սպառնում է տնտեսական պատժամիջոցներով` գազի գնի բարձրացում, աշխատանքային միգրանտների պայմանների խստացում, դրամական փոխանցումների համար արգելքների սահմանում։ Տնտեսականը՝ երբ արդեն խնդիրներ են ստեղծվում պրոիշխանական տնտեսվարողների, իրենց ապրանքների արտահանման կամ ներմուծման համար: Բայց հիբրիդային պատերազմը լիարժեք չէ, եթե չկա դրա ամենակարեւոր բաղադրիչը` ռազմականը: Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմական ներկայություն` 102-րդ ռազմաբազան, որը տեղակայված է Գյումրիում:

Արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները կգնան նրան, որ ռազմաբազան կամ դրա կարողություններն օգտագործեն որպես Հայաստանի իշխանության վրա ազդեցության լծակ: Դժվար է միանշանակ ասել, բայց, դատելով Ալեն Սիմոնյանի հայտարարություններից, որտեղ նա Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում եւ Հայաստանում դնում է նույն հարթության վրա, առնվազն նշանակում է, որ Փաշինյանը եւ նրա շրջապատը նման մտավախություն ունեն: Ի վերջո, 102-րդ ռազմաբազայի գոյության հիմնական իմաստը Հայաստանն արտաքին` թուրքական սպառնալիքից պաշտպանելն է, Ռուսաստանը կարող է համարել, որ Փաշինյանը եւ նրա իշխանությունը Հայաստանի համար ոչ պակաս թուրքական սպառնալիք են, դրանք Թուրքիայի հայաստանյան ազդեցության միջոցներն են: Նույն տրամաբանությամբ՝ նրանք համարում են, որ Ուկրաինայում կռվում են ոչ թե ուկրաինացիների, այլ հավաքական Արեւմուտքի դեմ, իսկ Ուկրաինայի իշխանություններն ընդամենը գործիք են՝ Արեւմուտքի ծրագրերի իրականացման համար:

Այնպես որ, մայիսի 28-ի զորահանդեսն ուղղված է Ռուսաստանի դեմ, նրա` Հայաստանում ունեցած ռազմական ներկայության դեմ։ Ուզում են ասել, որ տեսեք` թե ինչ ունենք մենք, եւ հարկ եղած դեպքում այս զորքն ու զինտեխնիկան կպաշտպանեն մեզ: Կպաշտպանեն, թե ոչ` դա էլ այլ խնդիր է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

2 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

2 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

3 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

3 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

3 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

3 ժամ ago