Ի՞նչպես ծաղրել հանրությանը
Sat, 16 May 2026 16:45:00 +0400

Դրա «վարպետության դաս» կարող է տալ Հայաստանում Չեխիայի դեսպանատունը, որը պատասխանել է news.am-ի հարցին, թե ինչ եղավ Հայաստանում՝ Ստեփանավանում թեթեւ օդանավերի արտադրության չեխական ծրագիրը:
Դեսպանատունը մի երկարաշունչ պատասխան է գրել, որի իմաստը թերեւս կարող ենք համարել այս պարբերությունը. «Այս նախագիծը չեխ-հայկական երկարաժամկետ տնտեսական և կրթական համագործակցության ծրագիր է, որի իրականացումը կախված է նաև տարածաշրջանի ավելի լայն պայմաններից, կարգավորող միջավայրից, տնտեսական կենսունակությունից և որակյալ անձնակազմի առկայությունից»:
Հասկանու՞մ եք: Այսինքն այն, որ 2018-ին Հայաստանում այսպես կոչված նոր կառավարության պաշտոնամուտից հետո հայտարարվել է Ստեփանավանում թեթեւ, փոքր օդաննավեր արտադրելու հայ-չեխական համաձայնության մասին, իրականում ոչ թե արտադրական ներդրումային ծրագիր էր, այլ՝ կրթական:
Հարց է առաջանում, երբ 2018-ին հայտարարվում էր այդ մասին, ինչու՞ չէր հայտարարվում, որ նախագծի իրականացումը կախված է ռեգիոնալ ավելի լայ գործոններից եւ այն ոչ թե պարզապես արտադրական ներդրում է, այլ «տնտեսական ու կրթական երկարաժամկետ լայն ծրագիր»: Իհարկե հասկանալի է, որ այն ժամանակ նոր կառավարությունը շահագրգռված էր քարոզչական մեծ էֆեկտ ստանալ նման հայտարարություններից, ինչպես օրինակ հեռուստացույցերի, մեքենաների եւ այլ արտադրությունների մասին հայտարարությունները, որոնք դուրս եկան փուչիկ:
Բայց չէ՞ որ չեխական կողմը ներկայումս հայ հանրությանը լոլոներով կերակրելու փոխարեն, այն ժամանակ պարզապես կարող էր ասել, որ իրականում չկա օդանավ արտադրելու որեւէ մտադրություն եւ սա ոչ թե արտադրական, այլ կրթական ծրագիր է:
Թե ինչու՞ են ժամանակին լռել եւ թույլ տվել, որ նոր կառավարությունը քարոզչական հեքիաթ պատմի հանրությանը, թերեւս հռետորական հարց է, երբ խոսքը ԵՄ անդամ Չեխիայի մասին է, որը նաեւ մինչ այդ միշտ բավականին սերտ ռազմա-տեխնիկական հարաբերություն է ունեցել Ադրբեջանի հետ
Գրել է Հակոբ Բադալյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր