Մեզ հետին թվով վտարում են հայկական լեռնաշխարհից
Thu, 21 May 2026 17:15:45 +0400
Նիկոլ Փաշինյանը եթե ոչ մեկին չի կզզացնում, չի սատկացնում ու այլ սպառնալիքներ չի տեղում, չի գոռում, թե` «ինչու ես դու կենդանի, ինչու չես զոհվել խրամատում», ապա դա չի նշանակում, որ մեր օրը հանգիստ ու անհոգ է անցնում։ Նա գոռգոռոցից ազատ օրերին ավելի վատ բան է անում… վտարում է հային հայկական լեռնաշխարհից ու, առաջ տանելով ադրբեջանական երազանքները, պնդում, թե հայն այստեղ մենակ չի եղել, եղել է թաթարների ու մոնղոլների հետ, եկել են, գնացել, գաղթել, խառնվել։ Մեջբերում եմ Սպիտակում նրա նախընտրական ելույթից․ «․․․Պատկերացնո՞ւմ եք, Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել, մոնղոլ-թաթարներ են եղել, եկել են, գնացել են, գաղթել են, խառնվել են, մենք ենք գաղթել եւ այլն, եւ այլն։ Բայց այս տարածքում եղել են պետություններ, այս տարածքում երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ 1000 տարի, դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է»։ Ծղրտացել է Փաշինյանը, ու նրան լսել են տեղի բնակիչները եւ չեն խենթացել, որովհետեւ չեն հասկացել այդ բառերի տակ թաքնված իրական նպատակը, այդ ժպիտի, սրտիկի տակ թաքնված սրածայր յաթաղանը չեն նկատել։
Եվ, ուրեմն, այն միակ մարդը դու ես, որը կգոչի, թե այստեղ 1000 տարով հայկական պետություն չի եղել՝ որպես նախընտրական թեզ։ Ադրբեջանն այստեղ գուցե ավելի՞ հին է եղել, գուցե մոնղոլ-թաթարնե՞րն են մեր նախահայրերը։ Այն միակ հայը դու ես, որի համար Հայկ Նահապետի մահաբեր նետով Բելը չի սպանվել, դու ես այն միակ հայը, որ մեր պատմությունը, մեր պապերի իղձերը հեքիաթներ է դարձնում ու գրում է հայի նոր պատմությունը՝ դաժան օտարի աչքով՝ ամոթալի պատմություն, մոնղոլ-թաթարների հետ խառնված, պետության անարժան, գաղթած, եկած-գնացած-խառնված։
Իսկ ուրիշ պետություններն այստեղ եղել են, ո՞վ է հերքում։ Թվում է, թե դա է իրականությունը, բայց ինչո՞ւ է եղել այդպես, եւ ո՞րն է պատմական արդարությունը՝ դա շրջանցում է «հզոր պատմաբան» վարչապետը, որը, համատեղության կարգով, կատարում է Ալիեւի երկրում դասավանդող պատմության ուսուցչի դերը՝ հային իր հողում դարձնելով եկվոր, խառնված, պատահական, թափառական մի խառնամբոխ, որը չի եղել աշխարհի այս հատվածի լիիրավ տերը։ Նա իր մակերեսային գիտելիքներն ի մի բերելով՝ դրանցից դուրս է բերում թրքահաճո հետեւություններ, խեղաթյուրում պատմական իրողությունները եւ «դասավանդում» իր կողմնակիցներին՝ քարոզարշավի անվան տակ, ալիեւահաճո այս մտքերը դարձնում իրականություն ու կորզում անգրագետ հանրության ծափերն ու ողջույնները։
Սա ավելի ծանր է, քան հոգետվայտանքների սրացումները, գոռգոռոցներն ու սպառնալիքները։ Դրանից հետո դժվար է լինելու նորից աշխարհին ապացուցել, որ մենք այստեղ ենք եղել միշտ ու եթե անգամ չենք ունեցել պետություն, մենք ենք այս տարածքի բնիկները, որոնք շարունակել են կյանքը հենց այստեղ, չնայած արյունարբու հարեւանների բոլոր վայրագություններին։ Մեզ այստեղից փորձել են վտարել, հասել ենք անհասանելի լեռներին ու պատսպարվել, բայց պահպանել ենք մեր ինքնությունը՝ մեր հավատի ու մեր կազմակերպված Եկեղեցու շնորհիվ, ու ստեղծել ենք պետություն՝ մեր պապերի ու հայրերի նվիրական իղձերն իրականություն դարձնելով։ Այդպես էր, քանի դեռ այդ մեկը՝ դու, չէր ասել, որ մենք այս սարերի տերը չենք։ Այսօր Ալիեւը, որ եկել ասում է՝ այս սարն իմն է, այս ծառն իմն է, այս լիճն իմն է եւ ամեն բան այս տարածքում իմն է, ստացել է մի համախոհ կկու, որն իր հետ ձայնակցում է՝ քոնն է, բոլոր ձագերիս էլ տար քեզ ծառա։ Եվ այդ մի հայը, որ ձայնակցում է, դու ես։
Եվ, ուրեմն, մենք ունենք ղեկավար, որը հետին թվով օգնում է թշնամուն՝ վտարել հային հայկական լեռնաշխարհից, ու թշնամուն տալիս քարտ-բլանշ՝ մեզ այս տարածքում եկվոր ու տնվոր կոչելու, տալիս է մեր քաղաքները, եկեղեցիները իրենցը կոչելու իրավունք։ Իսկ մի՞թե ամեն երկրի ղեկավար չի պաշտպանում իրեն վստահված երկրի շահերը, ինչո՞վ է ձեռնտու հային՝ ունենալ այսպիսի ղեկավար։
Նախընտրական քարոզարշավի նպատակն է՝ ընտրողներին ներկայացնել առաջիկա 5 տարիների ծրագրերը, այն նպատակները, որոնք թեկնածուն նախատեսում է իրականացնել իր պաշտոնավարման ընթացքում։ Ի՞նչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը՝ նման զառանցանքներ հանրայնացնելով, արդյոք սա ե՞ւս նպատակ չէ. ասել, որ երբեք Հայաստանը մոնոէթնիկ չի եղել, 90 տոկոս միայն հայկականությունը նորություն է այս տարածքում, ու պետության դարպասները բացել 300 հազար ադրբեջանցիների առջեւ։ Այդպիսով, այս «ազնվագույն» մարդը հաստատում է պատմական արդարությունը ադրբեջանցիների համար, որը նրանք երազել անգամ չէին կարող։ Սա նպատակ է եւ ծրագիր, որը նա ներկայացնում է ընտրողին, կորզում նրա հավանությունը եւ նաեւ հարմարեցնում այն մտքին, որ իրենք խառնված են, իրենց մեջ կա մոնղոլների ու թաթարների, թուրքերի ու ադրբեջանցիների, մյուս ազգերի արյուն, որոնք պետություն են ունեցել այս կողմերում։ «Եկել են, գնացել են, գաղթել են, խառնվել են»,- ասում է վարչապետը, ու նրան լսելով կարելի է համաձայնել, որ, այո, ամենայն հավանականությամբ, ցավոք, նաեւ խառնվել են։ Ու այդ խառնածինների մեջ այսօր արթնացել է այդ խառնված արյունը, որը ջուր չի դառնում, նորից ուզում են, որ այդ մոնղոլները գան, գնան, թաթարները ներգաղթեն ու անարգել խառնվեն․․․ Իսկ ի՞նչ է ասում հայի արյունը․․․
Այս ելույթն անկեղծորեն ավելի մեծ ցավ է պատճառում, քանի որ ավելի մեծ վտանգ է գուժում, քան լուտանքներն ու սպառնալիքները։ Չի կարելի նշանակություն չտալ, արհամարհել, անտեսել այս բառերի հրեշավոր ենթատեքստը, չգիտակցել, որ պատմական այդ վերլուծության հետեւանքներն անդառնալի վնաս են հասցնելու մեր ժողովրդին ու պետությանը։ Այս վերլուծության հեղինակը եթե անգրագետ հանրության կողմից նորից առաջ մղվի որպես ղեկավար, կստացվի, որ ամբողջ հայ ժողովուրդը հազարամյա իր պատմությունը ջնջել, գլխիկոր կանգնել է մարդկության առջեւ՝ գաղթի խուրջինը ուսին, խառնված ու ամոթահար, որպես եկվոր, որ իրեն տեր էր կարծում, պարզվեց` տնվոր է, որը պիտի հեռանա ու իր հայրենիքը զիջի իսկական տերերին, որոնցից խլել է՝ հրեշավոր ահաբեկչությամբ ու ագրեսիայով։ Ուզո՞ւմ ենք, որ այդպես լինի, արդյոք ամբողջովին ջո՞ւր է դարձել հայի արյունը՝ այսօր, ցավոք, հայտնի չէ, բայց հայտնի կդառնա հունիսի 7-ին։