«Հրապարակ». «Տեսան Նժդեհի նկարը, Սամվելի բուկլետը, հանեցին տարածքից»․ «Ուժեղ Հայաստանին» վարձով տարածքներ չեն տալիս

«Հրապարակ». «Տեսան Նժդեհի նկարը, Սամվելի բուկլետը, հանեցին տարածքից»․ «Ուժեղ Հայաստանին» վարձով տարածքներ չեն տալիս

Wed, 27 May 2026 08:45:30 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները պատմում են, որ համատարած արգելվում է իրենց աջակիցներին եւ համակիրներին տարածքներ տրամադրել՝ նախընտրական շտաբների համար: Բացի դա, ունենք տեղեկություններ, որ տարբեր բիզնես նպատակներով վարձակալված տարածքներից հանում են կուսակցության համակիրներին։
Թեքվոնդոյի մարզիչ Ա․ Ա․-ն, որը Սամվել Կարապետյանի համակիրներից է, նոր տարածք է փնտրում իր թիմի համար։ Նա պատմեց, որ Շենգավիթ վարչական շրջանում մինչեւ վերջին օրերը դահլիճ է վարձակալել, որտեղ անցկացրել է իր թիմի մարզումները։ Բայց օրերս տվյալ հաստատություն են ժամանել Երեւանի քաղաքապետարանից, մտել են նաեւ նրա աշխատասենյակ, որտեղ պատերին Գարեգին Նժդեհի, մեր ազգային հերոսների նկարներն են եղել կախված, իսկ սեղանին Սամվել Կարապետյանի նախընտրական բուկլետներն են դրված եղել։ Հաջորդ օրը տվյալ հաստատության տնօրենը մոտեցել է Ա․ Ա․-ին եւ խնդրել է ազատել տարածքը, քանի որ այդտեղ քաղաքապետարանը պատրաստվում է բարեգործական ճաշարան բացել։ Թեքվոնդոյի մարզիչը համոզված է, որ այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի` եթե չլիներ քաղաքապետարանի անսպասելի այցը, իրեն ու իր սաներին տարածքից չէին հանի։ «Տեսան Նժդեհի նկարը, Սամվելի բուկլետը, դուրս հանեցին տարածքից»,- ասում է նա։

Այսպիսի դեպքերը թե՛ Երեւանում, թե՛ մարզերում քիչ չեն։ Մեր աղբյուրը հայտնում է մի պաշտոնյայի մասին, որի որդին Երեւանում վարձակալությամբ տարածք է հանձնում։ Վերջերս այն վարձակալել են «Ուժեղ Հայաստանի» անդամները՝ որպես նախընտրական շտաբ ծառայեցնելու նպատակով։ Այս մասին իմացել է տարածքի սեփականատիրոջ պաշտոնյա հոր ղեկավարը, իր մոտ է հրավիրել պաշտոնյային եւ դրել է այլընտրանքի առաջ՝ կա՛մ որդին դուրս կհանի ընդդիմադիր վարձակալին, կա՛մ էլ ինքը կազատվի աշխատանքից։ Բնականաբար, պաշտոնյան ընտրել է աշխատանքը, եւ «Ուժեղ Հայաստանի» համակիրների հետ պայմանավորվածությունը խզվել է։
Երեւանում եւ մարզերում նախընտրական շտաբների համար վարձով տարածքներ ձեռք բերելու խոչընդոտների վերաբերյալ դաշինքը հայտարարություններ չի անում։ Այս մասին ներքին պայմանավորվածություն կա։ «Մենք հակված ենք այդ դժվարությունները շրջանցել, դրանց մասին չխոսել, որպեսզի վախի մթնոլորտ չտարածենք»,- ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակը, կարծես սարսափը նոր էր տարածվելու։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղազինյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ, այո՝ ունեն ահազանգեր, որ նախընտրական շտաբների համար տարածքներ վարձակալելու հարցում կան բարդություններ։ «Անուններ չտամ, որ չթիրախավորեմ մարդկանց, բայց տոտալ, երկու տեսակի խնդիր ունենք։ Ովքեր որ համաձայնում են տալ տարածքներ, չասեմ՝ բոլորին, բայց որոշակի մասին ճնշում են, որ չտրամադրեն տարածք։ Եվ կան դեպքեր, երբ մարդիկ արդեն տվել են իրենց տարածքները, նրանց ճնշել են ու ստիպել, որ հետ վերցնեն։ Սկզբից, երբ որ նոր էինք շտաբները ձեւավորում, նման դեպքերը շատ-շատ էին, բայց հիմա վախի մթնոլորտը որոշակի չափով կոտրվել է։ Ոչ թե թուլացրել են ճնշումները, այլ լավ օրինակով վարակելով, մթնոլորտը կոտրվեց»,- մեր հարցերին ի պատասխան՝ ասում է Դավիթ Ղազինյանը։

Կան դիտորդական կազմակերպություններ, օրինակ, Դանիել Իոաննիսյանը, որը դիտարկումներ է անում ու պարբերաբար հրապարակում, նրանք չե՞ն հետաքրքրվում ձեր նշած ահազանգերով։ «Կոնկրետ Ձեր նշած անձը՝ ոչ, բայց, ընդհանուր առմամբ, մեզ մոտ գալիս են դիտորդներ։ Միջազգային դիտորդների ենք հանդիպում եւ այդ ամբողջ ինֆորմացիան տալիս ենք։ Հիմա տեսնենք, թե ինչ եզրակացության կգան»։

Դավիթ Ղազինյանը նաեւ հայտնեց, որ այս օրերին եւս անթիվ-անհամար ճնշումներ են եղել, իրենց ակտիվիստների եւ համակիրներիր ձերբակալություններ, ազատազրկումներ։ «Կոնկրետ թիվ չեմ կարող ասել այս պահին, բայց անընդհատ ավելանում են նման դեպքերը»,- ասում է Դավիթ Ղազինյանը։ Ամենօրյա ռեժիմով հրապարակվող ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրությունների մասին էլ հարցրինք, թե իր համար տարօրինակ չէ՞ այն, որ մարդիկ, տեսնելով, որ տոտալ ձայնագրում են, էլի իրար զանգում են ու փողի մասին են խոսում հեռախոսով։ «Նախ՝ ֆիքսենք, որ ընտրակաշառքի դեպք, որպես էդպիսին, չի բացահայտվել։ Ընտրակաշառքն ինչ-որ մեկին նյութապես շահագրգռել կամ խոստանալն է՝ պահանջելով նրա ձայնը։ Բայց այդպիսի դեպք չունենք։ Գրվում են ենթադրություններ։ Օրինակ, մարդուն աշխատանքի են ընդունել, որովհետեւ ընտանիքը մեծ է՝ ակնկալելով ձայները։ Բայց կոնկրետ ինչ-որ մեկին աշխատանքի ընդունելիս որ մենք ասենք՝ էսքան ձայն բեր, չկա նման բան։ Երկրորդ․ Հակակոռուպցիոն կոմիտեն անմեղության կանխավարկած է խախտում՝ այդ ամենը ներկայացնելով որպես դատարանի վճիռ` մեղադրանքն ապացուցված է, դատավճիռն էլ հակակոռուպցիոնից կա, ինչը խայտառակություն է մեր պետության համար։ Եվ երրորդ․ ես անձամբ ձայնագրություններին չեմ հավատում։ Եթե անգամ ինչ-որ բան էլ լինի, միանշանակ, կտրված է կոնտեքստից»,- պատասխանեց Ղազինյանը՝ չբացառելով նաեւ, որ ներդրված մարդիկ լինեն ձայնագրողները։ «Ինձ էլ են շատ Ֆեյսբուքով գրում, զանգում, թե օգնության կարիք ունենք, ու համոզված եմ, որ դրանց մի մասը պրովոկացիա է անում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Հարուստներին ունեզրկելը, վիրավորելն իր էլեկտորատին մոտիվացնում է

«Հրապարակ»․ Հարուստներին ունեզրկելը, վիրավորելն իր էլեկտորատին մոտիվացնում է Wed, 27 May 2026 09:45:52 +0400 «Հրապարակի»…

10 րոպե ago

Գազը կթանկանա՞․ Մոսկվան կրկին զգուշացրել է Հայաստանին

Գազը կթանկանա՞․ Մոսկվան կրկին զգուշացրել է Հայաստանին Wed, 27 May 2026 09:30:52 +0400 ՌԴ էներգետիկայի…

25 րոպե ago

«Հրապարակ». Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել

«Հրապարակ». Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել Wed, 27 May 2026 09:15:44 +0400…

40 րոպե ago

Ինչ էին՝ ինչ դարձան

Ինչ էին՝ ինչ դարձան Wed, 27 May 2026 09:00:18 +0400 Ինչքան զազրելի որակներ գեներացրեց 2018-ին…

56 րոպե ago

«Հրապարակ»․ Հնդիկները նորոգում են հնդկական զինտեխնիկան

«Հրապարակ»․ Հնդիկները նորոգում են հնդկական զինտեխնիկան Wed, 27 May 2026 08:20:25 +0400 Սևան քաղաքի անգարներում…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին

«Հրապարակ»․ Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին Wed, 27 May 2026 08:15:00 +0400 Երեւանի ընդհանուր իրավասության…

2 ժամ ago