ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հարցով Հայաստանի որոշման մասին
Fri, 29 May 2026 13:47:05 +0400

ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանի մտադրությունների հարցը սկզբունքային է։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանն ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Իմ կարծիքով` տվյալ հարցը բարեկամաբար կքննարկվի։ Մյուս կողմից էլ սկզբունքորեն հարց է դրված` դուք ընտրում եք կա՛մ ԵԱՏՄ-ն, կա՛մ ԵՄ-ն։ ԵՄ-ն չափազանց երկար պատմություն է՝ շատ երկրներ ցանկանում են մտնել ԵՄ, որին միանալու գործընթացը տարիներով ձգվում է։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա հրաժարվել չի կարելի։ Դրանից շատ բան է կախված», – ասել է նա։
Լեբեդևի խոսքով՝ Հայաստանում ևս գիտակցում են Եվրասիական տնտեսական միության կարևորությունը, դրա համար էլ հիմա ԵԱՏՄ–ում են։
«Ե՛վ Փաշինյանը, և՛ շատ այլ գործիչներ հայտարարել են, որ չեն պատրաստվում խզել հարաբերություննները ԵԱՏՄ–ի հետ։ Ուրեմն, համագործակցությունը շարունակվելու է։ Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, դա դեռ կտեսնենք», – հավելել է նա։
Սերգեյ Լեբեդևը նաև նշել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Աստանայում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ադեկվատ մարդ է:
«Այստեղ ներկա է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ադեկվատ մարդ, փաստաթղթեր ստորագրելու լիազորություն ունեցող, դրա համար էլ, ինչքան գիտեմ, առարկայական քննարկում է ընթանում։ Իհարկե, այնտեղ քննարկվում են ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի թեմաները, բայց դա արդեն հայտնի կլինի նեղ ձևաչափով նիստի արդյունքներից», – նշել է նա։
Նշենք, որ Աստանայում այսօր ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը: Դրանից հետո ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունները կհավաքվեն ընդլայնված ձևաչափով։
Գագաթնաժողովին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր