Ստիպում են 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել
Fri, 29 May 2026 14:23:36 +0400
«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի անդամ Գոհար Մելոյանը ասուլիսի ընթացքում բարձրաձայնել է ընտրական գործընթացի վերաբերյալ մի շարք ահազանգեր՝ նշելով, որ իրենք ստացել են տեղեկություններ հնարավոր ճնշումների և խախտումների մասին։
Նրա խոսքով՝ որոշ դեպքերում քաղաքացիներին ստիպում են քվեախցիկում լուսանկարել կամ տեսանկարահանել իրենց քվեաթերթիկը՝ որպես ապացույց, թե ում օգտին են քվեարկել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները օրենքով արգելված են։
Մելոյանը նաև հայտնել է, որ կան տեղեկություններ, թե որոշ մարդկանցից պահանջում են դուրս բերել 3-րդ համարի քվեաթերթիկը՝ ապացուցելու համար, որ չեն քվեարկել տվյալ քաղաքական ուժի օգտին։ Նրա գնահատմամբ՝ սա նույնպես իրավախախտում է։
Բացի այդ, ըստ նրա, գյուղական բնակավայրերում տարածվում են մտահոգություններ, թե քվեախցերում կարող են տեղադրված լինել գաղտնի տեսախցիկներ, որոնք կհետևեն քվեարկությանը։ Մելոյանը վստահեցրել է, որ ընտրատեղամասերում լինելու են միայն օրինական վերահսկող տեսախցիկներ, իսկ գաղտնի սարքավորումներ չկան։
Նա կոչ է արել քաղաքացիներին օգտվել իրենց ընտրական իրավունքից առանց վախի և ազատ կերպով իրականացնել քվեարկությունը։