10 տարի դա չի լինելու. դատարկ-դատարկ խոսում են
Mon, 01 Jun 2026 12:00:07 +0400

Վանաձորում անցկացված քայլերթի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր դուրս գալու թեմային։ Նա ընդգծել է, որ տնտեսությունը չի կարելի բաժանել քաղաքական ճամբարների, քանի որ այն ծառայում է ամբողջ երկրին և ժողովրդի բարեկեցությանը։
Ծառուկյանի գնահատմամբ՝ երկրի տնտեսությունը ներկայում լուրջ խնդիրների առաջ է կանգնած, ինչը կարող է հանգեցնել ծանր սոցիալական և տնտեսական հետևանքների։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պատասխանատու մոտեցում ցուցաբերել տնտեսական հարցերում, քանի որ դրանք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների կյանքի և եկամուտների վրա։
ԲՀԿ առաջնորդը նաև կասկածի տակ է դրել այն հայտարարությունները, որոնց համաձայն Հայաստանը կարող է արագորեն գտնել այլընտրանքային տնտեսական ուղղություններ։ Նա նշել է, որ նման գործընթացները երկար ժամանակ են պահանջում և չեն կարող իրականացվել կարճ ժամկետներում։
Ծառուկյանը շեշտել է, որ տնտեսությունը չափազանց կարևոր ոլորտ է, որպեսզի այն դառնա քաղաքական հայտարարությունների կամ փորձարկումների առարկա։ Նրա խոսքով՝ հանրությանը պետք է ներկայացվեն իրատեսական գնահատականներ և գործնական լուծումներ։
Անդրադառնալով իշխանությունների գործունեությանը՝ նա նշել է, որ խոստացված խաղաղության փոխարեն, իր կարծիքով, երկրում ձևավորվել է տնտեսական լարվածություն, որը բացասաբար է անդրադառնում Հայաստանի զարգացման վրա։
«Խոսում են դատարկ-դատարկ:Ասում են՝ այլընտրանք ունեն: 10 տարի այդ այլընտրանքը չի լինելու։ Պետք է տիրապետեն՝ թե տնտեսությունն ինչ է։ Տնտեսությունը խաղալիք չէ։ Սուտ ասելուն պետք է վերջ տրվի»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր