Ռուսաստանի ու Եվրոպայի միջև չէ ընտրությունը, այլ՝ լինել-չլինելու
Mon, 01 Jun 2026 19:45:31 +0400

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ու դրա նշանակության մասին «Հրապարակը» զրուցել է թիֆլիսահայ հասարակական գործիչ Գուրգեն Մխիթարյանի հետ:
-Ընդդիմությունն ի՞նչ պետք է անի, հակազդելու կամ չեզոքացնելու համար իշխանության մանիպուլյացիաներին:
-Սա ճակատագրական, պատմական ընտրություններ են: Այստեղ հայ ժողովուրդն ու ընդդիմությունը չի ընտրելու այսինչ ղեկավարին, որևէ կուսակցության կամ այնինչ շարժման ղեկավարին: Ընտրությունը հայ ազգի լինել-չլինելու մեջ է դրված, հայ ազգը պիտի կատարի իր ճիշտ ընտրությունը: Ես երբ ասում եմ հայ ազգ, նկատի ունեմ հայաստանաբնակ Հայաստանի քաղաքացիներին: Ընդդիմությունը պետք է կարողանա ստանձնել պատասխանատվություն, բայց քանի որ լինել-չլինելու հարցն է դրված, այդ դեպքում ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները, ընդդիմադիր ուժերը պետք է ինչ-որ բան խոսեն, այլ նաև խոշոր կառույցները: Ես նկատի ունեմ արդեն փլուզված, փակված Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսները պետք է իրենց կարծիքը հայտնեն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են հարում կամ չեն հարում, որովհետև հասարակ ժողովրդի համար հեղինակությունների ասած խոսքը շատ մեծ դեր ունի, հատկապես այն մարդկանց պարագայում, ովքեր անտարբեր են, ում հետաքրքիր չի Հայաստանի ապագան: Այդ մարդկանց պետք է հասցվի, որ իրենց երեխաները պարզապես կմորթվեն և միգուցե պետք է, որ կաթողիկոսն արդեն ինչ-որ հայտարարությամբ հանդես գա, ինքը Հայաստանի քաղաքացի է և Հայաստանի անձնագիր ունի, իր կարծիքը պիտի հայտնի, պիտի հայտնի կտրուկ և ասի, այո, կործանվում ենք, Էջմիածինն էլ չի մնա: Նույնիսկ ԱԼեքսանդրապոլի սահմաններով էլ Հայաստան չի մնա, եթե ընդդիմությունը հանկարծ չհաղթի և առողջ ուժեր չգան իշխանության:
– Կողքից դիտողի համար միշտ ավելի հստակ է պատկերը լինում, հանրային տրամադրություններում ի՞նչ փոփոխություններ եք տեսնում և դրական տեղաշարժ կա՞ արդյոք ի տարբերություն 2021 թվականի:
-2021-ին եղան կեղծումներ, բայց հիմնականում հաղթեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, քանի որ նախկին իշխանությունները այնքան էին փնովվել հասարակական կազմակերպությունների կողմից, լրատվամիջոցներով, ով ինչ ասես խոսում էր, խելքներին ինչ փչում էր՝ խոսում էին, և հասարակ սպառողը դա հալած յուղի տեղ էր ընդունում, սակայն հիմա արդեն պետք է հասկանալ, որ չեն ընտրում Ռուսաստանի և Եվրոպայի միջև, այլ ընտրում են ապրելու և մահանալու միջև: Մահացությունը երեք միջոց ունի՝ ֆիզիկական՝ ցեղասպանելը, երկրորդը՝ բարոյա-մշակութային և երրորդը, ձուլելը թուրքական աշխարհին ու կորցնել սեփական արմատները: Մի տեսանյութ էի վերջերս նյում, որ Փաշինյանը կանգնած ինչ-որ մեքենայի վրա, գոռում էր, որ հայերը այս տարածքում երբեք չեն եղել մեծամասնություն, այստեղ չի եղել հայկական պետություն և պետականություն, դա շատ համահունչ է ԱՐևմտյան Արդբեջան կոչված այդ գաղափարին: Պետք է մի բան իմանան բոլորը՝ դա պատմության կեղծում է, այդ տարածքում եղել է Տաշիր ձորագետի թագավորությունը, այդ տարածքում եղել է Կապանի կամ Բաղաբերդի թագավորությունը, այդ տարածքում եղել է ԱՆի Շիրակի թագավորությունը՝ դա միջին դարերն եմ ասում, ավելի վաղ ժամանակաշրջանում Արշակունիների թագավորությունն էլ են իրենք ուրանում, հասկանո՞ւմ եք, Տիգրան թագավորին չեմ հասնում դեռ: Սերվանտեսի խոսքերը պետք է հիշել` ով որ կեղծում է պատմությունը, նրանք պետք է պատժվեն կեղծ դրամահատների ձևով՝ կեղծ դրամահատներին Եվրոպայում պատժում էին կեղծ դրամները հալեցնելով ու դա նրանց բերանը լցնելով: Դա ասել է Սերվանտեսը՝ Դոն Քիշոտի հեղինակն ու Հռոմի Պապի խորհրդականը: Այդ աստիճան կեղծել պատմությունը: Փաշինյանը մոռացել է կամ միգուցե ընդհանրապես չգիտի, որ Սյունիքում գոյություն է ունեցել Դավիթ Բեկի Սյունիքի-Հալիձորի իշխանությունը՝ թեկուզ կարճ, բայց գոյություն է ունեցել: Դրանք ինքնակառավարման ինստիտուտներ են եղել, որոնք կարողացել են կառավարել եկեղեցու հետ միասին: Եթե Փաշինյանն այդպես է արտահայտվում, և այդ արտահայտումը շատ համահունչ է թշնամի պետության ղեկավարի արտահայտմանը, Հայաստանի քաղաքացիները թող իրենք որոշեն՝ դրական արդյունքի դեպքում բոլոր դափնեպսակները կպատկանեն Հայաստանի քաղաքացիներին, բացասական արդյունքի դեպքում և հայ ազգի կործանման դեպքում բոլոր անեծքները և հայհոյանքները կպատկանեն այն ընտրազանգվածին, որն այսօր պատասխանատու է տասը միլիոն հայության՝ լինել-չլինելու համար:
– Զորահանդեսը հաշվետվությո՞ւն էր, թե՞ նախընտրական քարոզչություն:
-Սա հերթական նախընտրական քարոզչությունն էր, քանի որ դա ոչ հասուն, ոչ կիրթ մի ընտրազանգվածի է հասցեագրված, որ հասարակ հրասայլը, տանկը տեսնելով կարող է հպարտանալ, թե մենք բանակ ունենք, Հայաստանը բանակ ունի, բայց խելացի մարդիկ հասկանում են, որ 21-րդ դարում բանակները այլ ձև են լինում և Հայաստանը այն վիճակում չէ, որ այս թհուբոհի մեջ առանց դաշնակից իր գլուխը փրկի, ինչ բանակ էլ ունենա:Հզոր դաշնակից է պետք, բայց ինչպես Ալեն Սիմոնյանն է ասել, Հայաստանի անվտանգության երաշխիքը դա Ադբրբեջանն է ու հակառակը, այսինքն Ալեքսանդրապոլի պայմանագրի չորրորդ կետը, երբ առաջին պետության ղեկավարությունը պայմանավորվեց թուրքական բարձրաստիճան ղեկավարության հետ, որպեսզի հայկական զորամիավորումների մնացորդները միացվեն թուրքական բանակին և պատերազմեն ռուսների դեմ՝ սա է կատարվում, պատմությունը կրկնվում է և այդպես է լինելու, եթե արտաքին միջամտություն չլինի հզոր ուժերի՝ Հայաստանը կանգնած է կործանման ճանապարհին:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր