Հինգշաբթի , 9 Հուլիսի 2026

«Հրապարակ». Ես չեմ հիշում 8 տարում որեւիցե լուրջ քայլ Ռուսաստանի կողմից` իշխանության դեմ

«Հրապարակ». Ես չեմ հիշում 8 տարում որեւիցե լուրջ քայլ Ռուսաստանի կողմից` իշխանության դեմ

Tue, 02 Jun 2026 11:15:56 +0400


Հարցազրույց արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Մարտիրոսյանի հետ:

– ՀՀ-ում ՌԴ դեսպանն օրերս կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ ՀՀ ղեկավարության քայլերի վերաբերյալ կոնսուլտացիաների։ Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Դիվանագիտական տեսանկյունից ի՞նչ է սա նշանակում: Կան տեսակետներ, որ Ռուսաստանն այս քայլով դեղին քարտ է ցույց տալիս Հայաստանին:

– Ես այս հարցի վերաբերյալ ունեմ օրիգինալ կարծիք: Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բավականին լավ հարաբերություններ ունեն, եւ մի տեսակ արհեստածին է այս ամբողջ աժիոտաժը` հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Հայաստանը, դժբախտաբար կամ բարեբախտաբար, ՌԴ-ից կախված երկիր է թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական առումներով: Ռուսաստանն ունի բոլոր լծակները՝ Հայաստանում ցանկացած փոփոխություն մտցնելու համար, եթե ունենա այդպիսի ցանկություն, եւ քանի որ նման փոփոխություններ տեղի չեն ունենում, մենք պետք է եզրակացնենք, որ ՌԴ-ն ցանկություն չունի փոփոխություններ անելու:

– Այդ դեպքում Պուտինի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի եւ կողմնորոշվի` ԵԱՏՄ, թե ԵՄ, ինչի՞ համար են:

– Հայաստանը չպետք է կողմնորոշվի այդ հարցում, որովհետեւ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնում, անգամ ԵՄ թեկնածուի հայտ չի ներկայացրել, ի դեպ, դա նույնպես կարգավիճակ է, եւ Հայաստանը չի դիմել ո՛չ ԵՄ անդամակցության ե՛ւ ոչ էլ անգամ թեկնածության համար: Հայաստանը չի համապատասխանում գրեթե ոչ մի չափանիշի` ԵՄ անդամ դառնալու համար, Հայաստանը եվրոպական արժեքների տեսանկյունից բավականին հեռու է, հեռու է ժողովրդավարական, իրավական պետություն լինելուց, իսկ դրանք առանցքային չափանիշներ են` Եվրոպական Միության նույնիսկ անդամի թեկնածու լինելու համար: Այնպես որ, չեմ կարծում, թե Հայաստանը գոնե առաջիկայում կարող է մոտենալ պահանջված չափանիշներին: Հետեւաբար, այս քննարկումներն անիմաստ են, եւ չարժե երկար-բարակ մտավարժանքներ անել դրանց մասին:

– ՌԴ նախագահը, սակայն, պնդում է, որ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի, անկախ այն բանից, որ մենք շատ հեռու ենք ԵՄ անդամ լինելուց:

– Բայց Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից եւ առնվազն առաջիկայում չի կարող ԵՄ անդամ դառնալ, հետեւաբար, ինչի՞ մասին է լինելու այդ հանրաքվեն, այն մասին, որ մենք ԵՄ որեւէ չափանիշի չե՞նք համապատասխանում:

– Եթե հանրաքվե լինի, հանրության ոչ գրագետ զանգվածի համար կունենա՞ նշանակություն այն հանգամանքը, որ Հայաստանը միլիոնավոր մղոններով հեռու է ԵՄ անդամ դառնալուց:

– Եվրասիական տնտեսական միության անդամ ենք մենք պաշտոնապես: Ոչ գրագետ խավը չի որոշում դա, որոշողը պետությունն է: Հանրաքվեի իմաստ չկա:

– Իսկ Ռուսաստանը չի՞ կարող Հայաստանից ապահարզան պահանջել, առանց Հայաստանի կարծիքի հետ հաշվի նստելու:

– Կարող է, բայց դրա համար պետք չէ հանրաքվե: Ռուսաստանը դա կարող է անել, այո, մենք զրույցը սկսեցինք հենց այդտեղից, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավոր լծակները, բայց քանի որ ոչինչ չի անում, եզրակացությունը պետք է թողնել այդ մակարդակի վրա:

– Այդ պարագայում ինչո՞ւ են Հայաստանում ՌԴ դեսպանին կանչել խորհրդակցության:

– Դեսպան կանչելը մեծ խնդիր չէ: Անգամ ամենաբարեկամ երկրները երբեմն կարող են դեսպաններին կանչել եւ խորհրդակցություն անցկացնել: Դա ծանր խնդիր չէ:

– Ի՞նչ դրսեւորումներ են հարկավոր, որպեսզի հասկանանք` դիվանագիտական տեսանկյունից դեղին քարտ են Հայաստանին ցույց տալիս:

– Եթե խոսքը ՌԴ-ի եւ Հայաստանի օրվա իշխանությունների «հակամարտության» մասին է, ապա Նիկոլ Փաշինյանն արդեն ութ տարի է՝ իշխանություն է, եւ ես չեմ հիշում որեւիցե լուրջ քայլ Ռուսաստանի կողմից` օրվա իշխանության դեմ: Եթե կա մեկը, որ հիշում է, թող ինձ հիշեցնի:

– Հայաստանում տեւական ժամանակ է՝ ԱՄՆ դեսպան չի նշանակվում: Սա նորմա՞լ է:

– Որեւէ լուրջ խնդիր չկա, դա ընդամենը ընթացակարգային խնդիր է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». 23 տարի մայր բուհում դասավանդելուց հետո ինձ թոշակի են ուղարկում

«Հրապարակ». 23 տարի մայր բուհում դասավանդելուց հետո ինձ թոշակի են ուղարկում Thu, 09 Jul 2026 …