Երեքշաբթի , 2 Հունիսի 2026

Ալիեւ, Էրդողան, Թրամփ, Զելենսկի, Սահակաշվիլի. Փաշինյանին «հանցագործնե՞րն» են սատարում

Ալիեւ, Էրդողան, Թրամփ, Զելենսկի, Սահակաշվիլի. Փաշինյանին «հանցագործնե՞րն» են սատարում

Tue, 02 Jun 2026 17:15:49 +0400


Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան անմխիթար է Փաշինյանի վիճակը, որ առաջիկա ընտրություններում նրան բացահայտ աջակցում են այնպիսի գործիչներ, համաշխարհային լիդերներ, որոնց գործունեությունն ուղեկցվել է սեփական ու այլ ժողովուրդների նկատմամբ բազում հանցանքներով, մարդկության դեմ կատարված եւ ռազմական հանցագործություններով, ապօրինություններով ու հակաժողովրդավարական վարքով։

Այսպես. Նիկոլի վերար­տադ­րությունն ամեն ճիգով կազմակերպելու գործին լծված է հատկապես Ալիեւ-Էրդողան տանդեմը․ հայությանը, Հայաստանին ու Արցախին անչափելի վնասներ պատճառած, հայ ժողովրդին թշնամի համարող եւ պարբերաբար հայատյաց հայտարարություններ անող այս երկգլուխ հրեշներից Թուրքիան՝ ի դեմս նախագահ Էրդողանի, մարդկայնորեն հրեշավոր ու ռազմականապես հանցավոր ծրագրեր ունի հարեւան երկրների, այդ թվում` Հայաստանի հետ կապված։ Հիշենք թեկուզ, թերեւս, ոչ վաղ անցյալի դիպվածը՝ Սիրիա ներխուժումն ու Ասադի ռեժիմի տապալումը՝ իր տեղական դրածոների հանցավոր, այդ թվում՝ տեղի հայերի նկատմամբ կոտորածներ իրականացնելու միջոցով։

Այս թշնամական զույգի աջակցությունից զատ, Փաշինյանին ընտրություններում սատարելու մասին հայտնել են ԵՄ տարբեր գործիչներ եւ լիդերներ՝ դրանով Հայաստանին ներքաշելով հարյուրամյակների բարեկամ ու դաշնակից Ռուսաստանի հետ սուր առճակատման․ Կրեմլն ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ նաեւ նախագահ Վլադիմիր Պուտինի շուրթերով, մեղմ ասած, վերջնագիր է ներկայացրել ՀՀ իշխանություններին՝ նույն ԵՄ-ի հետ կապված ծրագրերի պատճառով: Չնայած Փաշինյանը հետ չի կանգնում երկիրը, սեփական ժողովրդին նոր փորձությունների եւ աղետների մատնելու հանցավոր արկածախնդրությունից։ Փաշինյանին աջակցում է նաեւ Թրամփի վարչակազմը․ նախ՝ պետքարտուղար Ռուբիոյի հայաստանյան կարճատեւ, բայց խիստ խորհրդանշական այցը տեղի ունեցավ, ապա Թրամփը հայտարարություն տարածեց` ուղիղ տեքստով աջակցելով նրան։ Թրամփը, ի դեպ, վերջին հարցումներով ԱՄՆ-ի ամենացածր վարկանիշ ունեցող, ամենաանփառունակ ու ձախողված նախագահն է՝ առաջին հերթին Իրանի դեմ պատերազմի պատճառով։ Նրա «սեւ գործերը», սակայն, միայն Հայաստանի հարեւան ու բարեկամ Իրանի մասով չեն սահմանափակվում․ այս մարդն իսկական ռազմական հանցագործ է, որը կարող է մեկ գիշերվա մեջ որոշել հարվածել Թեհրանին, հարվածել Վենեսուելային, առեւանգել այդ երկրի նախագահին, սպառնալ զավթել Գրենլանդիան, սպառնալ, որ վենեսուելական սցենարը կրկնելու է Կուբայում եւ լատինամերիկյան մյուս երկրներում, «տնտեսական» պատերազմ հայտարարել Եվրոպային եւ աշխարհամասի մյուս երկրներին, որոնք իրեն «չեն ենթարկվում կամ աջակցում», հոխորտալ, թե Կանադան դարձնելու է ԱՄՆ հերթական նահանգ եւ այլն։ Սակայն չմոռանանք, որ նա մեծապես աջակցում էր Հունգարիայի նախագահ Օրբանին, որը կատարելապես ձախողվեց ընտրություններում:

Պետք է աջակցել Հայաստանին․ հայտարարել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Ռուսաստանի նախագահի այն խոսքերին, որ Հայաստանը կարող է բախվել «ուկրաինական սցենարին»՝ իր եվրաինտեգրման ձգտումների պատճառով։ Մարդ, որն արդեն 4 տարուց ավելի սեփական երկիրն ու ժողովրդին ներքաշել է պատերազմի մեջ, սեփական իշխանությունը պահելու համար հրաժարվում է թեկուզ ցավոտ որոշումների գնով վերջ դնել արյունալի պատերազմին, հարյուր հազարավոր ուկրաինացիների մահվանն ու կեղեքմանը, որոշել է պաշտպանել ոչ թե Հայաստանին, այլ՝ Փաշինյանին, իր բախտակցին, նրան, որը հազարավոր հայորդիների կամովին նետեց թշնամու երախը, անամոթաբար ու անբարո կերպով հանձնեց Արցախը, ուրացավ ու արցախահայությանն իրեն «թշնամի» հռչակեց, Հայաստանն էլ մաս-մաս նվիրում է ադրբեջանցիներին։ Եվ, ահա, Զելենսկին կոչ է արել ԵՄ-ին՝ ավելի շատ մտածել անվտանգության մասին եւ չլքել այն երկրների ժողովուրդներին, որոնք կարող են «տուժել Ռուսաստանի պատճառով»։

«Ռուսաստանի յուրաքանչյուր հարեւան լսել է Հայաստանի մասին խոսքերը, որի ժողովուրդն է միակը, որն իրավունք ունի եւ կընտրի իր երկրի ապագան։ Եվ այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մենք՝ բոլորս, պետք է ավելի շատ մտածենք անվտանգության մասին, ավելի շատ համատեղ քայլեր ձեռնարկենք՝ ապահովելու, որ քաղաքական գործընկերությունները գործեն։ Մենք պետք է ապահովենք, որ ոչ ոք կախված չլինի Ռուսաստանից, եւ նրանց չտանք գործիքներ՝ ժողովրդին շանտաժի ենթարկելու համար»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը։

Փաշինյանին աջակցելու մասին հայտարարել է նաեւ սեփական ժողովրդին պատերազմի մեջ ներքաշելու, Վրաստանի տարածքի մի մասի կորստի, պետական եւ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող, կալանավայրում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը ճաղերի ետեւից որոշել է դասեր տալ հայ ժողովրդին։ Սամվել Կարապետյանը «հայ Իվանիշվիլին» է՝ Ֆեյսբուքում գրել է նա եւ հավելել․ «Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե ինչ բերեց Իվանիշվիլին Վրաստան. կոռուպցիայի, հանցագործության, ազգային հարստության թալանի, զանգվածային քաղաքական բռնաճնշումների, սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումների, միջազգային մեկուսացման եւ Մոսկվայի ստրկության վրա հիմնված բռնապետություն։ Սիրելի՛ հայ հարեւաններ, սա՞ է այն երկիրը, որը դուք ցանկանում եք։ Մի՛ կրկնեք Վրաստանի սխալը, անկախ նրանից, թե որքան քննադատաբար եք մոտենում ներկայիս կառավարությանը։ Վրաստանը նույնպես կորցրեց իր ռուսական գազի մատակարարումը, բայց այն գնեց մյուս հարեւաններից շատ ավելի էժան գնով։ Հայաստանը կարող է նույնն անել։ Այժմ, երբ ե՛ւ Եվրոպան, ե՛ւ Ամերիկան աջակցում են ձեզ, բաց մի թողեք այս հնարավորությունը։ Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին եւ Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակապես ինքնասպանական կլինի, եւ ես հույսս դնում եմ ձեր մեծ ազգի իմաստնության վրա, որ դուք երբեք նման քայլ չեք անի»։

Իսկ ի՞նչ արեց Իվանիշվիլին, եւ ի՞նչ է շահել Վրաստանը նրա քաղաքական առաջնորդության օրոք. տնտեսական տպավորիչ ցուցանիշներ, զարգացում, արտաքին հավասարակշռված քաղաքականության շնորհիվ վստահելի գործընկերություն` ինչպես ԱՄՆ-ի, ԵՄ-ի, տարածաշրջանի երկրների, այնպես էլ աշխարհի մյուս կենտրոնների հետ։ Ավելին, հենց գործող վարչակազմի կամքի շնորհիվ Վրաստանը չներքաշվեց ռուս-ուկրաինական պատերազմի մեջ, չնայած Ռուսաստանի հետ ունեցած «հին հաշիվներին»։ Վրաստանը զերծ մնաց Մոսկվայի դեմ երկրորդ ճակատ բացելու հանցավոր արկածախնդրությունից, ավելին՝ հիմա սկսել են խոսել Հարավային Օսիան եւ Աբխազիան վերադարձնելու ծրագրերի մասին, ինչին Ռուսաստանում ըմբռնումով են արձագանքում։ Փաստն այն է, որ հենց Իվանիշվիլու Վրաստանն այսօր զարգացող եւ օրինակելի պետություն է՝ կայուն տնտեսական զարգացմամբ, ինքնիշխանության բարձր մակարդակով, ներքին ու արտաքին վայրիվերումների նկատմամբ պետական բարձր իմունիտետով ու իրական խաղաղ եւ բարգավաճ ապագայի տեսլականով։

Այս համատեքստում էլ պետք է հունիսի 7-ին հայ ընտրողը հետեւություններ ունի, համադրի փաստերն ու հնարավորությունները եւ գիտակցաբար չընտրի Փաշինյանին ու նրա խմբակին՝ հանուն ուժեղ, արժանապատիվ, համաշխարհային քարտեզի վրա իր կայուն դիրքն ունեցող Հայաստանի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծու՞մ

Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծու՞մ Tue, 02 Jun 2026 16:41:16 +0400 Վրաստանը պատրաստ է խորացնել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով