«Հրապարակ». Փորձում են մեկուսացնել ու շարքից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներին
Wed, 03 Jun 2026 10:45:22 +0400

«Հրապարակի» զրուցակիցն «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արեգա Հովսեփյանն է:
– Ընտրություններին հաշված օրեր են մնացել, ավետարանական խոսույթով ասած՝ «չարչարանաց շաբաթվա» մեջ ենք։ Այս հանգրվանում ի՞նչ կարեւոր եզրահանգումների եք եկել, հանրային հանդիպումներում ի՞նչ կարեւոր ուղերձներ եք ստացել ընտրողներից, որոնք ինչ-որ առումով փոխել են ձեր մարտավարությունը։
– Իրապես, վերջին շաբաթը մեծագույն փորձությունների շաբաթ է։ Այս ամբողջ ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե, ի վերջո, որն է հայ ժողովրդի ցանկությունը, նպատակը, Հայաստանի ապագայի տեսլականը։ Եվ եկել ենք այն եզրակացության, որ հայ ժողովուրդը փոփոխություն է ուզում իր կյանքում։ Գուցե ինչ-որ մաս դեռ չի կողմնորոշվել, գուցե ինչ-որ հատված չի վստահում՝ ունենալով վատ փորձ 2018 թվականից, բայց այն, որ հայ ժողովուրդը փոփոխություն է ուզում՝ միանշանակ է։ Մենք համոզված ենք, որ այդ փոփոխությունը կարող է բերել նոր առաջնորդը՝ առանց քաղաքական սխալների բեռի, առանց թույլ տված քաղաքական սխալներ անողների իրավահաջորդ լինելու։ Եվ այդ ուժն «Ուժեղ Հայաստանն» է։
– Արցախի ու արցախահայության մասին Փաշինյանի սպառնալից հռետորաբանությունը, ատելության խոսքը Ձեզ համար առանձնապես զգայուն է՝ հաշվի առնելով, որ Արցախը Ձեր ծննդավայրն է։ Բայց նա «պատերազմ է հայտարարել» ամբողջ հայ ժողովրդին՝ ինքնությունից, պատմական հիշողությունից մինչեւ հայոց պետականության հենասյուներ։ Մի՞թե այլ պատճառ է պետք՝ չարիքի այս իշխանությանը հեռացնելու համար։
– Քաջ գիտակցելով, որ հայ ժողովրդին միավորող հենասյուներն են Արցախը, Սփյուռքը եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մշակել են հստակ ռազմավարություն՝ երեքն էլ կործանելու։ Այսօր հազարամյա հայկական Արցախում հայեր չեն ապրում, մեր սփյուռքի հետ կապը ոչ միայն լիովին կտրվել է, այլ նաեւ միտումնավոր կերպով պառակտում է մտցվել ինչպես Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, այնպես էլ՝ հենց սփյուռքի ներսում։ Վերջին հենասյունը՝ ՀԱԵ-ն պայքարում է՝ ստանալով հավատավոր ժողովրդի աջակցությունը։ Համոզված եմ, որ այս պայքարում փոքրիկ խմբակը պարտվելու է, քանի որ Եկեղեցին վեր է ամեն ինչից։ Վերջերս էլ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի տեղակալը հայտարարել էր, որ «խաղաղության գործընթացի» տրամաբանության մեջ Հայաստանում, իբր, պետք է վերականգնվի 500 ադրբեջանական մզկիթ։ Սա լիովին տեղավորվում է Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով արած հայտարարությունների մեջ, ըստ որի՝ ադրբեջանցիները պետք է բնակվեն Հայաստանում։ Հակառակ դեպքում, այդ ովքե՞ր պիտի Հայաստանում գնան մզկիթներ։ Համոզված եմ, որ հայ ժողովուրդն իր խոսքն ասելու է հունիսի 7-ին՝ ընտրությունների գնալով։
– Ճիշտ են նկատել՝ Փաշինյանն աղքատներին հանել է հարուստների դեմ, ներկաներին՝ նախկինների, թույլերին՝ ուժեղների, հայաստանցիներին՝ արցախցիների եւ այլն։ Կարճ ասած՝ պառակտում է հայ ժողովրդին։ Ինչ է, ժողովուրդն արժանի՞ է այս իշխանությանը։ Իսկ ե՞րբ եւ ինչպե՞ս է իշխանությունն արժանի լինելու ուժեղ եւ արժանապատիվ հայ ժողովրդին, եթե վեր կանգնենք նախընտրական խոստումներից։
– Այսօրվա իշխանությունները պառակտումների մեծ վարպետ են։ Սա անհերքելի է։ Այս ութ տարիները մեր հայ ժողովրդի Գողգոթայի ճանապարհն են կարծես, որը մենք պետք է անցնենք բոլորս միասին։ Այն ծանրագույն օրերը, որ բաժին են հասել հայ ժողովրդին այս ընթացքում, ամենեւին էլ պատահականություն չեն։ Վեր ենք հառնելու, ոտքի ենք կանգնելու։ «Ուժեղ Հայաստանն» այլընտրանք չունի։
– Շատ է խոսվում ոչ միայն իշխանափոխության, այլեւ ընդդիմափոխության (բառի որակական իմաստով) մասին։ Այս երկուսում որտե՞ղ եք հատկապես տեսնում ձեր քաղաքական թիմի դերակատարումը, թե՞ սրանք մեկ ամբողջություն են։
– Հայաստանին պետք են փոփոխություններ։ Մենք չենք կարող գտնվել միեւնույն շրջափուլի մեջ եւ պահանջել փոփոխություններ։ Մեր կուսակցությունը գնում է բացարձակ հաղթանակի։ Մենք չենք մտել քաղաքականություն, որպեսզի քաղաքական գործիչ դառնանք, այլ ունենք շատ հստակ նպատակ՝ Հայաստանն ուժեղ դարձնելու, եւ դրա համար` որպես առաջնային քայլ, պետք է լինել կառավարություն, ունենալ համապատասխան լծակները։
– Հատկապես զանգվածային բնույթ են կրում իշխանությունների կողմից «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների դեմ քաղաքական հետապնդումները` ձերբակալություններ, կալանքներ: Վերջին ամենաթարմ դեպքն Ալիկ Ալեքսանյանն էր` ինչո՞վ է պայմանավորված նրա ձերբակալությունը։
– «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ իրականացվում են ամենալայնածավալ բռնաճնշումները։ Դա ցույց է տալիս, որ իշխանությունները վախենում են «Ուժեղ Հայաստանից», եւ Ալիկ Ալեքսանյանի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այս իշխանությունների վախի ցուցադրում, որովհետեւ նրանք ակնհայտ տեսնում են, թե ինչ հեղինակություն ունի Ալիկ Ալեքսանյանը, թե ինչքան է ժողովուրդը սիրում նրան, եւ փորձում են այսպիսով մեկուսացնել ու շարքերից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներից մեկին։ Սակայն այս իշխանությունները հերթական անգամ սխալվել են իրենց հաշվարկներում, որովհետեւ մենք ավելի ենք ուժեղանում այս բռնաճնշումներից եւ հունիսի 3-ին մենք ցույց ենք տալու մեր ամբողջ ուժը՝ մեր բոլոր համակիրների հետ, մեր ուժեղ հայ ժողովրդի հետ՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր