Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

«Հրապարակ». Ով մտածում է, որ փողոցային բառապաշարով համակրանք է շահում, չարաչար սխալվում է

«Հրապարակ». Ով մտածում է, որ փողոցային բառապաշարով համակրանք է շահում, չարաչար սխալվում է

Wed, 03 Jun 2026 11:15:36 +0400


Հանրային հեռուստաընկերությունն ընտրություններին ընդառաջ բանավեճերի շարք է սկսել: Այս տարվա բանավեճերն աննախադեպ են եւ տարբերվում են նախորդ տարիների բանավեճերից: Եթերից հնչող հայհոյանքը, ժարգոնային խոսքը, միմյանց անդրավարտիքների մասին խոսելն ու իրար վրա մատ թափ տալը հայաստանյան արդի քաղաքական կյանքում, կարծես, նորմալիզացվել են: Անգամ երկրի վարչապետն է խոսում փողոցային բառապաշարով, մարդկանց հայհոյում, վիրավորում: Սակայն հասարակության կիրթ զանգվածը դեռ շարունակում է զարմանալ եւ տարակուսանք հայտնել այն իրողության համար, որ քաղաքական խոսքն իջել է շրիշակի մակարդակի: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է լեզվաբան, Մանկավարժական համալսարանի հեռուստալրագրության ամբիոնի վարիչ Լեւոն Գալստյանի հետ:

– Քաղաքական խոսքի մշակույթն ինչպիսի՞ն պետք է լինի: Քաղաքակիրթ երկրներում հեռուստաեթերից հայհոյելը, վիրավորելը, փողոցային բառապաշարով ուղերձներ հղելը, միմյանց ներքնազգեստների մասին խոսելը, իրար անձնական կյանք մտնելը կարո՞ղ են համարվել ընդունելի եւ նորմալ երեւույթ, թե՞ սրանք, այնուամենայնիվ, կատեգորիկ մերժելի երեւույթներ են:

– Նախ, ուզում եմ մեր զրույցը սկսել՝ հղում անելով «Լեզվի մասին» օրենքի պահանջներին: Կա մի այսպիսի պահանջ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են պահպանել լեզվի անաղարտությունը: Դա օրենսդրական պահանջ է, որը շատ հստակ է ձեւակերպված: Մանավանդ հրապարակային խոսքում, երբ խոսքն ուղղված է բազմությանը, բոլորը պարտավոր են խոսել կոռեկտ: Ի դեպ, դա հյուրի կամ հյուրերի պարտականությունն է, այլ ոչ թե լրագրողի: Հյուրը պաշտոնական խոսքի կրող է: Հաճախ մարդիկ «պաշտոնական» բառը շփոթում եւ կապում են միայն պաշտոնյաների հետ, սակայն դա այդպես չէ: Ցանկացած ոք, ով խոսում է հանրության համար, անկախ այն բանից, թե ինչ մասնագիտություն ունի. պատգամավոր է, թե ուղղակի քաղաքացի, պարտավոր է հետեւել իր խոսքին՝ լեզվական կանոնները պահպանելով: Եթերից հնչող գռեհկաբանությունները, հայհոյանքը քննարկելն անգամ անհարմար է: Հայհոյանքն ու վիրավորանքը եթերից պետք է բացառել:

– Երբվանի՞ց քաղաքական խոսքի մշակույթն իջավ այս մակարդակին: Օրինակ, ավագ սերնդի` Գերագույն խորհրդի պատգամավորներն ունեին բավականին գեղեցիկ եւ գրագետ խոսք, ինչը չենք կարող ասել մերօրյա իշխանավորների մասին:

– Յուրաքանչյուր ոք կարող է թույլ տալ լեզվական սխալներ: Ես իմ ուսանողներին էլ ասում եմ, որ լեզվական սխալները եւս լեզվի մաս են կազմում, սակայն նայած թե խոսքն ինչ սխալների մասին է: Կան սխալներ, որոնք ընդունելի չեն, սակայն հասկանալի են, բայց երբ եթերից գիտակցված հայհոյում են, իրար չլսելով վիրավորում են միմյանց, դա անընդունելի է: Իբրեւ թե դրանով փորձում են անմիջականության պատրանք ստեղծել: Այս ամենը մերժելի է ու դատապարտելի: Այս երեւույթը, ցավոք սրտի, վերջին տարիներին է ահագնացել, եւ դա փաստ է: Վերջին տարիներին հրապարակային խոսքի նշաձողը լրիվ իջեցրել են: Իշխանության ներկայացուցիչները հատկապես պարտավոր են խստիվ հետեւել համապատասխան կանոններին: Նրանց վարքագիծը, այդ թվում` լեզվական վարքագիծը, ուղղակիորեն ազդում է մարդկանց վրա:

– Ինչպե՞ս հետեւեն, եթե իրենք են կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալը «դոմփել» անվանում, եթե երկրի վարչապետն ասում է՝ «կզացնելու եմ», «շինելու եմ», «սատկացնելու եմ», «ինչո՞ւ ես կենդանի մնացել», եւ այսպես շարունակ:

– Սրանք՝ բոլորը, խիստ մերժելի եւ վատ երեւույթներ են, որոնք անպայման պետք է մերժել: Պատանիների, մանուկների լեզվագիտակցության վրա այս ամենը շատ է ազդում: Ի վերջո, երեխաներն ուսումնառության տարիներին սովորում են քերականական կանոններ ու բարեկիրթ խոսք, իսկ գռեհիկ խոսքը հակասություն է առաջացնում: Գռեհկաբանությունը նման քայլերով լեգիտիմացվում է….

– Ինչպիսի՞ն պետք է լինի գրագետ քաղաքական բանավեճը, որպեսզի հասարակությունը կարողանա առանց նյարդային ջղաձգումների դիտել այն:

– Բանավեճը կարող է լինել սուր, կարող են դարձվածքներ ու տարբեր արտահայտություններ գործածվել, որոնք կլինեն պատկերավոր եւ ասելիքը կդարձնեն առավել ազդեցիկ, սակայն պետք է բացառել հայհոյանքը, ժարգոնը եւ գռեհիկ խոսքը: Եթերից ոչ ոք չունի նման ձեւով խոսելու իրավունք:

– Իսկ Դուք հետեւե՞լ եք Հ1-ի հայտնի բանավեճերին եւ ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին:

– Մի պահ մի քանի դրվագ դիտեցի, կարծիքս բացասական է: Շատ վատ կարծիք ձեւավորեցի: Մեր ժողովուրդը հատուկ վերաբերմունք ու ակնածանք ունի բարեկիրթ խոսքի նկատմամբ: Նրանք, ովքեր մտածում են, որ փողոցային բառապաշարով շահում են մարդկանց համակրանքը, չարաչար սխալվում են: Տեղի է ունենում լրիվ հակառակը: Մտածում են, որ լեզվական ամենաթողությամբ կարող են անմիջական երեւալ, բայց դա անպատկառություն է: Մարդը կարող է լինել բարբառախոս եւ դժվարանալ խոսել գրական հայերենով, ինչը միանգամայն նորմալ երեւույթ է, սակայն հասարակության առաջ հանդես գալ հայհոյանքներով եւ գռեհիկ խոսքով, անթույլատրելի է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դեպի ՌԴ ներմուծվող հայկական արտադրանքի արգելքի մասին

Դեպի ՌԴ ներմուծվող հայկական արտադրանքի արգելքի մասին Wed, 03 Jun 2026 19:29:21 +0400 «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով