Հայ ժողովուրդը  կողջունի, որ իր խորհրդանիշ Արարատը չկրես անվանդ վրա…

Հայ ժողովուրդը  կողջունի, որ իր խորհրդանիշ Արարատը չկրես անվանդ վրա…

Wed, 03 Jun 2026 14:15:46 +0400


Մինչև հիմա էլ հիշում եմ Հովհաննես Շիրազի այն արգելված տողերը, որոնք նա նամակով ուղարկել էր ինձ.
«Կանգնեմ Մասսի աստվածամերձ գագաթին,
Ու վրեժիս հրաբուխը թքեմ թուրքի ճակատին․․․»

Նման բանաստեղծությունը կարգելե՞ն՝ նամակով ինձ էր հարցնում ։ Ես ինձ մեծ էի զգում, չնայած սովորում էի Գորիսի Ակ․ Բակունցի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում։ Ընդամենը 14 տարեկան էի, բայց ո՞վ էր սովետական տարիների սերնդի սրտում այդքան մեծ հայրենասիրություն դրել,- մինչև հիմա էլ չեմ հասկանում։ Շիրազի նման մեծությունը կարծես երկխոսում էր ինձ հետ՝ ոչ թե որպես երեխայի, այլ որպես հայի։ Մենք դպրոցականներով անգիր էինք անում Շիրազի՝ Արարատին նվիրված բանաստեղծությունները, արտասանում էինք կրքով, հուզմունքով, հպարտությամբ։ Արարատը մեզ համար պարզապես լեռ չէր. այն մեր հավաքական հիշողությունն էր, մեր կորուստների ցավը, մեր գոյության խորհուրդը, մեր ազգային ենթագիտակցությունը։

Այսօր Շիրազի սիրտը հանգչում է Արարատի բարձունքում։ Գուցե հենց դրա համար էլ հանգիստ է նրա սիրտը՝ վստահ, որ բիբլիական Արարատը ոչ մի քաղաքական որոշմամբ, ոչ մի փաստաթղթով, ոչ մի հայտարարությամբ չի կարող օտարվել հայի հոգուց։
Բայց եթե այն ժամանակ չէի հասկանում, թե որտեղից էր ծնվում այդ մեծ հայրենասիրությունը, այսօր նույնքան անկեղծորեն չեմ հասկանում հակառակ երևույթը. որտեղի՞ց են հայտնվել այդքան ինքնամերժ, արմատներից կտրված մարդիկ, որոնք պատրաստ են կասկածի տակ դնել մեր պատմությունը, մեր հիշողությունը, մեր ինքնությունը։ Ինչպե՞ս եղավ, որ ազգային արժանապատվությունը շատերի համար դարձավ ամոթի, իսկ ազգային հիշողությունը՝ ավելորդ բեռի թեմա։

Այս համատեքստում ցավալի է լսել Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներից մեկի՝ Արարատ Միրզոյանի խոսքերը, երբ նա փաստացի փորձում է համոզել ժողովրդին, որ Արարատը մեր հոգևոր և պատմական տարածքի մաս չէ։ Մարդը, որի անունը հենց Արարատ է, խոսում է այնպես, կարծես ցանկանում է սահմաններ գծել ոչ միայն քարտեզի, այլև ժողովրդի գիտակցության մեջ։ Իշխանությունն իր համար մի փոքր շրջանագիծ է գծել և հայտարարում է. «Այս շրջանակից դուրս մտածողը թշնամի է, ծայրահեղական է, ռասիստ է»։

Սակայն ժողովուրդների հիշողությունը չի տեղավորվում քաղաքական շրջանակների մեջ։ Այսօր ասում են՝ Մասիս չկա, Արարատ չկա, Արցախ չկա։ Իսկ վաղը ի՞նչը չի լինելու։ Ի՞նչն է հերթականը ազգային հիշողության ջնջման ցուցակում։ Այդ հարցերի պատասխանները, թերևս, կլսենք ընտրություններից հետո, եթե ժողովուրդը հերթական անգամ լռությամբ հաստատի այն քաղաքականությունը, որն օրեցօր նեղացնում է մեր պատմական և հոգևոր տարածքը։

Արարատի մասին խոսելիս նրանց լեզուն հաճախ ծանրանում է, պատասխանները դառնում են շրջանցող ու անորոշ։ Որովհետև նրանք գիտեն՝ խոսքը պարզապես լեռան մասին չէ։ Խոսքը ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և արժանապատվության մասին է։ Իսկ այդ հարցերի շուրջ անկեղծ պատասխանները քաղաքական գին ունեն։

Այս իշխանությունը կարող է դասագրքերից էջեր պոկել, կարող է խորհրդանիշներ վերանայել, կարող է պատմական հիշողությունը ներկայացնել որպես անցյալի բեռ։ Բայց պատմությունը գրքի էջ չէ, որ պատռես ու վերացնես։ Պատմությունը միլիոնավոր մարդկանց հիշողության մեջ է, նրանց լեզվի, երգի, աղոթքի, ցավի ու հույսի մեջ։ Այն ապրում է հազար լեզվով ու հազար բարբառով, ապրում է յուրաքանչյուր հայի սրտում։

Եվ որքան էլ փորձեն համոզել հակառակը, Արարատը շարունակում է մնալ ոչ միայն մեր խորհրդանիշը, այլ նաև մեր հավաքական հոգեբանության անբաժան մասը։ Այդ լեռը կանգնած է ոչ միայն հորիզոնում, այլև հայ ժողովրդի ներաշխարհում։ Ու հենց այդ պատճառով այն հնարավոր չէ ո՛չ հանձնել, ո՛չ ջնջել, ո՛չ էլ մարդկանց գիտակցությունից հեռացնել։
Հայ ժողովուրդը վաղ թե ուշ իր գնահատականը տալու է բոլոր նրանց, ովքեր իրենց անվան մեջ կրելով Արարատը՝ փորձեցին այն հանել ժողովրդի սրտից։ Հայ ժողովուրդը միայն կողջունի, որ իր խորհրդանիշ Արարատը չկրես անվանդ վրա, որովհետր այն չկա սիրտ կոչվող կաղապարումդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կասկածամիտ Փաշինյանը ոնց է ճամբարափոխներին ընդունում

Կասկածամիտ Փաշինյանը ոնց է ճամբարափոխներին ընդունում Fri, 07 Aug 2026 12:30:31 +0400 Latest news from…

14 րոպե ago

Ի պաշտպանություն Վեհափառ Հոր՝ այսօր ես լինելու եմ Վաղարշապատում

Ի պաշտպանություն Վեհափառ Հոր՝ այսօր ես լինելու եմ Վաղարշապատում Fri, 07 Aug 2026 12:29:12 +0400…

16 րոպե ago

Ստացվում է՝ ԵԱՏՄ–ն չի աշխատում. Փաշինյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին

Ստացվում է՝ ԵԱՏՄ–ն չի աշխատում. Փաշինյանը պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին Fri, 07 Aug 2026…

28 րոպե ago

«Հրապարակ». Հերթը հասավ Վանաձորի թատրոնին

«Հրապարակ». Հերթը հասավ Վանաձորի թատրոնին Fri, 07 Aug 2026 12:15:47 +0400 Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը…

29 րոպե ago

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters

Կառավարության հետ խորացող առճակատման ֆոնին հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Reuters Fri, 07 Aug…

44 րոպե ago

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Fri, 07 Aug 2026 11:51:17 +0400 Ադրբեջանը…

53 րոպե ago