«Հրապարակ»․ Գոնե գիտե՞ն, թե ինչ է փողերի լվացումը, դա լրիվ այլ բան է
Thu, 04 Jun 2026 10:15:53 +0400
Հայ նորագույն պատմության մեջ առաջին անգամ համապետական ընտրությունների ֆոնին մի շարք ընդդիմադիր քաղաքական դերակատարներ բանտարկված են: Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական» երկրում շարունակում են ընդդիմությանը լռեցնելու պարզագույն եւ փորձված մեթոդներ կիրառել` քրեական հետապնդումներ, կալանք, տնային կալանք, հարցազրույց տալու արգելք եւ այլն: Այս պահին կալանավորված են արցախցի հայտնի հետախույզ, «Ուժեղ Հայաստան» թիմի անվտանգության պատասխանատու Արթուր Ավանեսյանը` Կանդազը, ԲՀԿ ցուցակի երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը, ԴՕԿ ցուցակի առաջին համար, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանն էլ տնային կալանքի տակ է: Հացադուլի մեջ է շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանին հարց տալու համար կալանավորված արցախցի ակտիվիստ Արտուր Օսիպյանը: Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաեւ՝ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) եւ 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Իսկ երեկ երեկոյան կալանավորվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը, որը պետք է վարեր հունիսի 3-ին այս ուժի մեծ հանրահավաքը: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, լինելով «Մեր ձեւով ազգային արժեքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահը, ՀԿ-ում աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից 400-ն աշխատում է նաեւ այլ հաստատություններում: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` 1400 քաղաքացին ընդունվել է աշխատանքի, սակայն առանց աշխատանքի հաճախելու ստացել է աշխատավարձ, ինչը ՔԿ-ն որպես փողերի լվացում է դիտարկել: Բայց այդ երբվանի՞ց իրավապահ համակարգը ստացավ մասնավոր ընկերությունները, այդ թվում` ՀԿ-ները վերահսկելու գործառույթ: ՀԿ-ն չի ֆինանսավորվում պետական բյուջեից, հետեւապես՝ չի կարող մասնավորի տրամադրած աշխատավարձը համարվել փողերի լվացում, իսկ նրա աշխատողների՝ աշխատանքի գնալ-չգնալը դիտվել որպես օրինազանցություն: Եթե մասնավոր գործատուն արդյունավետ է համարում, որ իր աշխատակիցներն իրենց աշխատանքը կատարեն հեռավար, ապա ո՞ր իրավունքով է իրավապահը մտնում այդ դաշտ եւ անգամ հաղորդագրության մեջ սա մատնանշում: Ինչո՞ւ պրոիշխանական ՀԿ-ների հետ կապված էլ նման «բացահայտումներ» չեն անում եւ չեն հրապարակում, թե, օրինակ, Դանիել Իոաննիսյանի կամ Արթուր Սաքունցի ՀԿ-ում քանի աշխատակից է աշխատավարձ ստանում, ինչ աշխատանք են կատարում եւ այլն: Իրավաբան, Աշխատանքային օրենսգրքի մասնագետ Գեւորգ Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է.
– Իրավապահներն այդ աշխատավարձերը համարում են ընտրակաշառք: Հանցանքի տարրեր չկան այդտեղ: Եթե անձը գնում է աշխատանքի եւ, օրինակ, չի վճարվում, դրա համար գոյություն ունի Աշխատանքի տեսչական մարմին, իսկ եթե, օրինակ, աշխատանքից բացակայում է, բայց ստանում է աշխատավարձ, դա եւս օրենքի խախտում չէ, քանի որ գործատուն բացակայությունը կարող է համարել հարգելի եւ վճարել: Ի՞նչ գործ ունի իշխանությունն այս ամենի հետ: Ի վերջո, իրավապահները պետք է ապացուցեն, որ այդ աշխատավարձերն ընտրակաշառքի տրամաբանության մեջ են: Նիկոլի իշխանությունը շարունակ օրենքներ է խախտում՝ գործելով լրիվ օրենքին հակառակ: Այն բոլոր իրավապահները, ովքեր լծվել են այս ապօրինությունները լեգիտիմացնելու գործին, պետք է պատասխանատվության ենթարկվեն Քրեական օրենսգրքի 480-րդ հոդվածով:
– Ո՞ր դեպքում է խախտվում օրենքը, երբ աշխատակիցը չի գնում աշխատանքի եւ ստանում է աշխատավարձ:
– Եթե աշխատողը չի գնում աշխատանքի, կարող է վարձատրվել նաեւ, այդտեղ չկա օրենքի խախտում: Գործատուն կարող է հարգելի համարել աշխատակցի՝ աշխատանքի չգնալը եւ վճարել նրան այդ օրերի համար: Բայց այդ ամենը կապել ընտրական գործընթացների հետ, խելագարություն է: Գոնե գիտե՞ն, թե ինչ է փողերի լվացումը, դա լրիվ այլ բան է: Սրանք ամեն ինչի պատրաստ են, միայն թե Նիկոլը նորից ընտրվի: Սամվել Կարապետյանից մեծ վախ ունեն, դրա համար դիմելու են ամեն ինչի, ոչնչի առաջ կանգ չեն առնելու, անգամ մարդկային զոհեր են տալու, միայն թե Նիկոլը մնա իշխանության, որպեսզի այդ քրջախրջախումբը պաշտպանված լինի: